Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանը հրապարակեց Սամվել Բաբայանի գաղտնի ցուցակը (Տեսանյութ)

Փետրվար 13,2017 14:25

«Հունվարի 17-ին մենք ընդունել ենք հայտարարություն, որը համագործակցություն է խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ: Մենք դաշինքից դուրս չենք եկել, խոսել դաշինքի մասին իրավական, քաղաքական, քաղաքագիտական առումով սխալ կլինի»,- ասաց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Ինչպես հայտնի է, «Երրորդ հանրապետությունն» արդեն հայտարարել է այս համագործակցությունից դուրս գալու մասին: Ավելի վաղ, այդ ֆորմատից դուրս գալու մասին հայտարարել էր  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այսօր Վիկտոր Դալլաքյանը խոսեց համագործակցությունը լքելու իր պատճառների մասին: Ասաց, որ հրապարակային գործունեություն մասին պայմանավորվածությունները փոխարինվել են ստվերային գործարքներով. «Ցանկացած համաձայնագիր պետք է ունենա տրամաբանություն, որը պետք է նախանշվի սկզբունքներով, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը, պետք է լինի աշխատանքային կանոնագիրք, պետք է քննարկումներ լինեն, որով ծրագրերը պետք համադրվեն: Սակայն քննարկում չի եղել, համապատասխան պլատֆորմները չեն ձևավորվել»:

Aravot.am-ի հարցին`քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ այդ համագործակցությունում էական եւ ստվերային դերակատարում ունի ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը. որքա՞ն է իրականում Սամվել Բաբայանի ազդեցությունը, Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ փետրվարի 6-ին իրենց կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանն ու մի ցուցակ ներկայացրել: Այդ ցուցակը ներկայացվել է նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին: «Սամվել Բաբայանը «Համախմբման» անդամ է և նրանց լոբբինգն էր անում»: Այդ ցուցակում եղել են առաջին տասնյակի անունները` Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, 7-րդ տեղում Արմեն Մարտիրոսյան, «Համախմբման» անդամ Սուսան Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան: 10-ից 7-ը «Համախմբման» անդամներ են:

Այլ մանրամասները`տեսանյութում:

«Իմ նպատակը մանդատ ստանալը չէ, ես պատրաստ եմ լինել կուսակցության ցուցակի վերջին անդամ: Ես երկար տարիներ պատգամավոր եմ եղել, պատգամավորի մանդատով ո՛չ կարող եմ զարմացնել, ո՛չ էլ ինձ կարող են զարմացնել»,- ասաց Վիկտոր Դալլաքյանն`այդպես էլ չմանրամասնելով, թե իր անունն այդ ցուցակի որերորդ տեղում է եղել:

Վիկտոր Դալլաքյանն ասաց նաեւ, որ  անձամբ է կազմակերպել Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումները: Մի քանի հանդիպում է եղել: «Ես նաև փորձել եմ ստեղծել Գագիկ Ծառուկյան-Սեյրան Օհանյան համագործակցություն, ես մեծ ջանքեր եմ գործադրել, քանի որ նրանց համագործակցությունից լուրջ բևեռ կստեղծվեր երկրում արմատական բարեփոխումներ անելու համար»,- ասաց նա`հավելելով, որ այդ համագործակցությունը չի կայացել, քանի որ  Գագիկ Ծառուկյանին ներկայացվել են անիրականանալի, ամբիցիոզ  առաջարկներ, իսկ նման պայմաններում Գագիկ Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում չի եղել:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ այս պահին դեռևս չի որոշել` ինչպես կմասնակցի ընտրություններին, կամ ընդհանրապես կմասնակցի՞, թե` ոչ: Aravot.am-ի մյուս հարցին`հնարավո՞ր է իրեն տեսնենք «Ծառուկյան» դաշինքում, Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի հետ իր հարաբերությունները մտերմիկ են, բայց նման խնդիրներ չեն քննարկել: Ամեն դեպքում, ինքը շատ դրական վերաբերմունք ունի դաշինքի նկատմամբ: Իր եւ Արամ Սարգսյանի հետագա քաղաքական գործունեության մասին հարցին էլ պատասխանեց, որ չի կարծում, թե իր և Արամ Սարգսյանի որոշումը՝  խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, մեր երկրի կարևորագույն հարցն է:

Վիկտոր Դալլաքյանը հանդիպել է նաեւ ՀՀԿ-ն ու քաղաքականությունը լքած Հովիկ Աբրահամյանի հետ: Իրենց հարաբերությունները 1995 թվականից են բարեկամական: «Մի քանի անգամ նրա հետ անձնական հանդիպումներ եղել են, քննարկվել են նաեւ քաղաքական հարցեր, որոնց մասին նպատակահարմար չեմ համարում խոսել»,-ասաց Դալլաքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728