Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի արդյունքները

Փետրվար 13,2017 14:19

Փետրվարի 13-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ԴիջիԿոդի մեկնարկին ողջունել է մրցույթի մասնակիցներին և նշել. «Տեխնոլոգիական   կրթության զարգացումը ԻՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք մշտապես իրականացնում ենք կրթական ծրագրեր և խրախուսական մրցույթներ՝ կարևորելով դրանց մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Պատահական չէ, որ մրցույթն անցկացվում է Գյումրիում, իսկ մասնակիցները ներկայացնում են բոլոր մարզերի և Արցախի դպրոցները»:

«Ուրախալի է, որ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին մասնակցում են նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, որոնց տեխնոլոգիական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը նպաստում է նաև Ucom ընկերությունը», – ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

360 հայտերից ԴիջիԿոդի եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականները մրցել են մինչև 13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում: Նրանք աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում:

Այսպիսով՝ մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում «Լավագույն խաղ» անվանակարգում նշված տարիքային խմբերում հաղթել են համապատասխանաբար Գավառի 3-րդ դպրոցի աշակերտ Արեն Բադալյանը իր «Հետաքրքիր մաթեմատիկա» խաղով և Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտ Ռազմիկ Սարգսյանը իր «Պայքար կեսի համար» խաղով:

 «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգի հաղթողներն են Երևանի Smart City կենտրոնի սան Հելեն Քոսոյանը իր «Խելացի վերելակ» և Արծվաբերդի դպրոցի աշակերտ Վահագն Զարգարյանը իր «Physics lab» խաղով:

 «Լավագույն մտահաղացում» անվանակարգի հաղթողն է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը իր «Կատականա» խաղով, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի ՀՊՃՀ-ի ավագ դպրոցի սան Վահե Ասլոյանը իր «After World» խաղով: Խրախուսական մրցանակի է արժանացել Ծովագյուղի դպրոցի սան Կոլյա Մարգարյանը  իր «Թվերի զարմանահրաշ աշխարհում»  խաղով:

Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել էր նաև «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողներին որոշել են ՀՀ բոլոր մարզերի հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները իրենց վիդեոքվեարկությամբ: Այսպիսով՝ «Արմաթի մրցանակին» արժանացել են Գյումրու ընտանիք կենտրոնի սան Սահակ Սահակյանը (Help C# to get programmers Love) և Տավուշի մարզի Գանձաքար գյուղի աշակերտ Մովսես Մարդանյանը (Mr. Marvin):

ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից ստացել են դրամական պարգևներ, բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն:

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728