Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին պետք է ոչ թե արտահանման զարգացման ծրագիր, այլ ներմուծման կրճատման

Փետրվար 13,2017 14:30

Վերջերս կառավարությունը ազդարարեց 500 միլիոնի ներդրումների մասին
ԹԵ որքանով են դրանք իրատեսական, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա: Այդուամենայնիվ, մասնագետները նկատում են, որ ներդրումները Հայաստանից հոսում են, եւ որքան էլ նոր ներդրումներ լինեն, միեւնույն է՝ դրանք տնտեսությանն իրական օգուտ չեն բերելու, քանի որ մեր երկրում կատարվող ներդրումների եւ մեր երկրից արտահոսող ներդրումների տարբերությունը միայն անցյալ տարվա տվյալներով կազմել է 26 միլիարդ դրամ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե Հայաստանում ներդրումներ կատարելու համար ինչպիսի խոչընդոտներ կան, հերթով թվարկեց` արտագաղթը, վստահության բացակայությունը եւ այլն:

Ըստ նրա՝ շինարարության անկման ցուցանիշները վկայում են, որ ներդրում մեր երկրում չի կատարվում. «Որովհետեւ եթե բնակչությունն աճում է, լրացուցիչ շինարարություն է կատարվում: Շինարարությունը տնտեսության համար լոկոմոտիվ է, էլեկտրաէներգիայի սպառման ծավալն արդեն իսկ փաստում է, որ մեզ մոտ ներդրումների նվազեցման խնդիր կա:

Այնուամենայնիվ, խոսում են 500 միլիոն ներդրումներից: Պետք է ոչ թե խոսեն ներդրումներից, այլ բոլոր այն պաշտոնյաներին, որոնք խոսում են ներդրումներից, նրանց պետք է հարց ուղղել զուտ ներդրումների մասին, ինչ է դա` ներդրումներ Հայաստանում եւ Հայաստանից հոսած, այսինքն` դուրս գնացած ներդրումներ: Այդ ցուցանիշը 2016 թվականի համար 26 միլիարդ դրամ էր կազմում: Ներդրումներ, որոնք արվել են մեզ մոտ եւ գնացել են Հայաստանից դուրս, այդ տարբերությունը 26 միլիարդ է: Այսինքն` ինչ է ստացվում, որ մեր երկրում ոչ թե կոնկրետ ներդրումներ են անում մի շարք երկրներ, այլ իրենց ներդրումները հետ են տանում, դա կանխել է պետք»:

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ պիտի նստեն եւ երկիր առ երկիր ուսումնասիրեն ու գործարարներին հարցուփորձ անեն` պարզելու բիզնեսը մեր երկրից հանելու պատճառները. «Պետք է հարցնել` ինչո՞ւ են փողերը մեր մոտից տանում, ի՞նչ խնդիր ենք ստեղծել նրա համար, շուկա՞ն չի բավարարում, շահույթը չի՞ ապահովում, տնտեսական զարգացո՞ւմ չունի, հետգնո՞ւմ չի կարողանում ապահովել, մրցակիցնե՞րը թույլ չեն տալիս եւ այլն»: Իսկ թե ինչո՞ւ են ներդրումներն արտահոսում, տնտեսագետի կարծիքով՝ դրա համար մի շարք պատճառներ կարող են լինել` սկսած գնողունակությունից. «Այսինքն` մարդիկ վատ են ապրում, իրական փաստը դա է, եւ նրանք գնողունակ չեն, բնակչության թիվն է նվազում: Նրանք արտադրության ոլորտում ներդրում են արել, որը պիտի սպառեն այստեղ, բնակչության թիվը նվազեց, նրա սպառման ծավալները պակասելու են: Իսկ եթե արտահանման մասին է խոսքը, Հայաստանից արտահանման դեպքում երբեմն առկա են այնպիսի դժվարություներ, որ եթե Ռուսաստան պիտի արտահանեն, ավելի լավ է՝ արտադրությունը հենց Ռուսաստանում սկսել, որպեսզի եւ տրանսպորտային, եւ մաքսազերծման, եւ այլ խնդիրներից ազատվեն: Լարսում նույնպես մի շարք խնդիրներ են ունենում:

Ներդրողները շատ ավելի խելացի են, նրանք հասկանում են, որ եթե առկա են այդ լոգիստիկ դժվարությունները, ապա դրանցից խուսափելու համար սպառման շուկաներին մոտ են փորձում իրենց արտադրությունը կազմակերպել: Ինչպե՞ս կարելի է պարտադրել նրանց ներդրումներ անել մի երկրում, որտեղ լոգիստիկայից սկսած, մինչեւ սպառման շուկաներ հասնելու առումով առկա են մի շարք խնդիրներ, սա կարեւոր խնդիրներից մեկն է»:

Մեր այն հարցին, թե ներդրումների առումով արդյոք երկիրը չպե՞տք է ունենա հստակ ռազմավարություն դրանք ներգրավելու ու նույնիսկ երկրում պահելու, այլ ոչ թե ընկերական կապերով ներդրումներ ներգրավել, ինչպես որ ականատես եղանք վարչապետ Կարեն Կարապետյանի` մոսկովյան այցի ժամանակ, երբ ներդրումներ բերեցինք անհատական կապերի շնորհիվ, երբ մի քանի հայազգի մեծահարուստ գործարարներ ցանկություն հայտնեցին ներդրումներ անել Հայաստանում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ մոդելի տեսանկյունից բավականին արդյունավետ են աշխատում հրեաները` 10 տոկոս միշտ Իսրայելին: Այսինքն` ցանկացած երկրում աշխատող հարուստ հրեան տասը տոկոս իր երկրին է տալիս, դա Իսրայելին Իսրայել է դարձրել: Եթե նախընտրում ենք նման մոդել, նշանակում է, որ մեր ներդրումները տնտեսական հիմնավորվածություն չունեն, ունեն անձնական կապերով հիմնավորվածություն»:

Պարոն Խաչատրյանի համոզմամբ՝ ներդրումները նախեւառաջ պետք է ունենան ազգային բնույթ. «Այսինքն` մենք ազգովի չենք կարողանում կուտակել գումարներ, հատկապես Հայաստանում ապրողներս, որոնք կվերածվեն ներդրումների Հայաստանում, չունենք վստահություն»:

Տնտեսագետը տնտեսությունում առկա խնդիրներից մեկն էլ համարում է այն, որ մարդիկ գերադասում են ներմուծել, այլ ոչ թե ներդրում անել:

«Եթե մարդուն սովորեցնես ինչպես ձուկ բռնել, նա կապրի ամբողջ կյանքը, եթե նրան տաս ձուկ, որ ուտի, նա այդ մի օրը կուտի եւ վերջ, մեկ օր կապրի, հիմա` մենք ձուկ բռնող ազգ չենք, մենք կապիտալը կորցնելու վտանգից ելնելով, որ իր որսի ձկան կարթից սկսած, փայտից վերջացրած ձեռքից կառնեն, վերջինս վախենալով, ասում է` ավելի լավ է՝ մի օրը մի ձուկ ուտեմ: Եվ նրանք ներմուծում են:

Երբ որ վերջիններս վստահություն ունենան, որ հոսքային գիծ ունենալու, արտադրություն կազմակերպելու, տեխնիկա ներմուծելու պարագայում կարող են ունենալ ավելի հեռանկարային զարգացման ընթացք, մեր ներմուծումը նաեւ շեշտակի կկրճատվի: Պետք է ներմուծողներին հերթով կանչել եւ ասել, որ այդ ներմուծած ապրանքը փորձելու է արտադրել տեղում, եւ նրան ժամանակ է տրվելու, եթե նա չի կազմակերպելու՝ պետական մակարդակով, տարբեր մասնավոր ընկերությունների միջոցով պետք է դա անել»,- ասաց Վիլեն Խաչատրյանը: Նա կարծում է, որ Հայաստանում պետք է լինի ոչ թե արտահանման զարգացման ծրագիր, այլ ներմուծման կրճատման. «Ներմուծմանը փոխարինման ռազմավարություն է պետք մշակել: Երբ որ արդեն կունենաս քո երկրի պահանջները բավարարող ներմուծվող ապրանքների ծավալ, քանակ, տեսականի եւ այլն, դրանից հետո նոր արդեն մտածիր` ինչ ես արտահանելու: Մենք մտածում ենք հետեւյալ սխեմայով՝ արտահանենք, գումարները բերենք, այդ գումարով գնանք դրսից ներմուծենք: Այսինքն` նման սխեմայով մտածելակերպն արդեն իսկ դատապարտված է, այստեղ մտածելակերպի, բիզնեսի զարգացման ընթացքի փոփոխություն է պետք, իսկ այդ զարգացման դրույթները շատ քչերն են հնչեցնում»:

Այն հարցին էլ, թե նոր կառավարության վեցամսյա գործունեությունը բավարա՞ր է, որպեսզի շարքային քաղաքացին վարչապետի նշած՝ ազդակները նկատի, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Սովորաբար ներքին միջավայրում աշխատողները գուցե դա ավելի լավ զգան, բայց մարդիկ տնտեսական ցուցանիշներով են դա զգում` արդյո՞ք իրենց եկամուտներն աճեցին, արդյո՞ք իրենք սկսեցին ավելի լավ ապրել, ավելի շատ սպառել, իրենց բարեկեցությունը բարձրացավ, իրենց ընտանիքի վրա ինչ-որ առումով ծախսերի բեռը թեթեւացա՞վ, թե՞ ոչ: Սովորական քաղաքացին տնտեսական ցածր աճի ցուցանիշով արդեն իսկ նկատել է, որ շատ գաղափարներ իրականություն չեն դարձել»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

11,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728