Լրահոս
Օրվա լրահոսը

«Անում ենք եւ անելու ենք հնարավոր ամեն բան, որ հանրության վստահությունն արդարանա եւ ամրապնդվի»

Փետրվար 13,2017 14:00

«Առավոտ»-ը զրուցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, արդեն լրացել է Ձեր պաշտոնավարման 100 օրը: Համարվում է, որ սա մի շրջան է, երբ նոր պաշտոնյան լիարժեք տիրապետում է իր առջեւ դրված խնդիրներին եւ ունի դրանց լուծման ծրագրեր: Դուք ի՞նչ խնդիրներ եք արձանագրել եւ ի՞նչ լուծումներ եք պատկերացնում:

– Ճիշտ նկատեցիք, ես ընդամենը 100 օր եմ մարզպետի պաշտոնում, բայց պետք է ասեմ, որ մարզի խնդիրներին վաղուց եմ ծանոթ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելիս ես ոչ միայն մոտիկից ծանոթ եմ եղել Սյունիքի մարզի խնդիրներին, այլեւ այդ ժամանակվանից մինչ օրս իմ գործընկերների հետ համատեղ մարզի եւ առանձին համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը միտված բազմաթիվ ծրագրեր եմ առաջ քաշել եւ իրականացրել: Այնպես որ, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո մարզի առանցքային խնդիրներին ծանոթանալն առանձնակի մեծ ջանքեր չպահանջեց:

– Այս փուլում ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում մարզում: Ի՞նչ առաջնահերթ քայլեր եք պլանավորում:

– Ծրագրերը բազմաթիվ են, իսկ բարեփոխումների վեկտորը մեկն է՝ հասնել նրան, որ պետական եւ համայնքային միջոցներն արդյունավետ տնօրինվեն, որպեսզի հանրային, սոցիալական ծառայությունները հասանելի լինեն մարզի բնակչությանը:
Ինչ վերաբերում է իրականացված բարեփոխումներին, կարող եմ հպարտությամբ նշել, որ այս գործում մենակ չեմ եղել։ Մարզպետ նշանակվելուս առաջին իսկ օրվանից զանգեր եմ ստանում մարդկանցից, ում հետ ճանապարհ եմ անցել, ընկերներիցս, բազմաթիվ մտահոգ անձանցից, ովքեր մարզում առկա խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամություն էին հայտնում։ Հենց այդ ժամանակ էլ ծագեց «Սյունիքի զարգացման եւ ներդրումների» հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որի նպատակն է աջակցել մարզում առկա սոցիալական խնդիրների լուծմանը եւ օժանդակել տեղական բիզնեսի զարգացմանը։ Հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես առաջնորդվում է բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքով, առաջին իսկ օրվանից կանգնեց հիմնադրամի կողքին։

Իրականացվող քայլերի վերաբերյալ էլ ասեմ, որ շատ կարճ՝ ընդամենը մեկ ամսվա գործունեության ընթացքում արդեն իսկ լուրջ աշխատանքներ են կատարվել։ Հիմնադրամի միջոցներով վճարվել է 2012 թվականի սերմացուների պարտքը, իսկ ընթացիկ տարում պլանավորվում է վճարել 2013 թվականի պարտքը։ Հիմնադրամն իրականացնում է Կապանի հասարակական տրանսպորտի գնի սուբսիդավորում, եւ 70 դրամի փոխարեն քաղաքացին վճարում է 50 դրամ։ Հիմնադրամի միջոցներով կարգավորվում է ջրամատակարարման խնդիրներ ունեցող համայնքների հարցը։ Տեղադրվում է հատուկ ձնապաշտպան ցանց Սիսիան-Գորիս ճանապարհի վրա, ինչը թույլ կտա հնարավորինս անցանելի պահել ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից։

Հիմնադրամի միջոցներով ֆինանսական աջակցություն է տրամադրվում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին: Ի դեպ, այս պահին վավերագրական ֆիլմ է նկարահանվում ապրիլյան պատերազմում զոհված սյունեցիների մասին: Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի եւ Գորիսի պետական համալսարանի գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար կրթաթոշակ է սահմանվել։ Աջակցություն է ցուցաբերվում տեղական բիզնեսին։ Ուսումնասիրություններ են սկսվել Կապան քաղաքի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ: Գյուղացիներին օժանդակելու նպատակով ծրագրում ենք Մեղրիում հիմնել սառնարանային տնտեսություն, ինչը կթեթեւացնի գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրները: Սիսիան եւ Տեղ համայնքներում ստեղծելու ենք գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի պարկեր, որի արդյունքում կբարձրանա հողերի մշակման արդյունավետությունը: Հիմնում ենք այգիներ, արտադրամասեր: Մեր կողմից իրականացվելիք ծրագրերը բազմաթիվ են, եւ այն իրողությունը, որ մեր աշխատանքն ակնհայտ դրական արդյունքներ է տալիս, վստահություն եւ լավատեսություն է ներշնչում:

– Այսօր գործազրկությունն առավել ցավոտ խնդիրներից է, եւ չնայած Սյունիքի մարզում կան բազմաթիվ ձեռնարկություններ, բայց այնտեղ էլ զբաղվածությունը լուրջ խնդիր է: Ի՞նչ եք նախատեսում անել այս ուղղությամբ:

– Աշխատատեղերի ստեղծմանը նպաստում է բիզնեսի զարգացումը, որի մասին քիչ առաջ խոսում էի: Կարեւոր պիլոտային ծրագիր ենք սկսել «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրիի 4 դպրոցներում ստեղծում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած զբաղվածության կենտրոններ, որոնցում ներգրավված բարձրակարգ մասնագետներն աշխատելու են մի քանի տասնյակ ընտանիքների հետ։ Ուսուցանվելու են խոհարարություն, օտար լեզուներ, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացման հմտություններ։ Մարզում զբոսաշրջության զարգացման նպատակով նախատեսվում է վերանորոգել ծրագրում ներգրավված ընտանիքների տները, որը հնարավորություն կտա այդ ընտանիքներին իրենց տներում հյուրընկալել զբոսաշրջիկների եւ աշխարհում ընդունված B&B (bed and breakfast) ծառայություն մատուցել։ Սա կանոնավոր եկամտի լավ աղբյուր կարող է դառնալ:

Ստեղծելու ենք եւ գյուղացիներին օգնելու ենք ստեղծել ջերմոցներ, բարելավել արտադրությունը եւ ամենակարեւորը՝ աջակցելու ենք արտադրանքի իրացմանը։ Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց աշխատանքով հոգալ սեփական կարիքները: Մեր պատկերացմամբ՝ սա օգնության լավագույն տարբերակն է եւ էապես կնպաստի մարզում զբաղվածության մակարդակի աճին: Մի կարեւոր բան էլ. հաշվի առնելով քաղաքացիների, տվյալ դեպքում մեր մարզի բնակիչների իրավունքների լիարժեք իրացման եւ պաշտպանության խնդիրը՝ հիմա քննարկում ենք եւ մոտ ժամանակներս գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ պետք է ներդնենք, այսպես կոչված, «իրավական կլինիկաների» գաղափարը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստանալ անվճար առաջնային իրավաբանական օգնություն՝ սկսած պետական մարմիններին հասցեագրվող դիմումների շարադրանքից, մինչեւ դատական վերահսկողության դիմելը:

– Ձեր նշանակումից հետո ամենաաղմկահարույցը, հավանաբար, կադրային որոշումներն էին, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում: Ո՞րն է Ձեր մոտեցումը:

– Արդեն ասացի, որ մենք առաջնահերթ ենք համարում եղած միջոցների արդյունավետ տնօրինումը: Հայտնի է, որ սուղ նյութական ռեսուրսների պարագայում արդյունավետ եւ ազնիվ կառավարումը առավել կարեւոր է, իսկ եղած կադրային փոփոխություններն արվել են բացառապես այդ նպատակով։ Չկա՛ անձնավորված մոտեցում, չկա՛ն այլ հանգամանքներ։ Նպատակը մեկն է՝ բացառել աննորմալ միջադեպերը եւ վերականգնել հասարակության վստահությունը մարզի բժշկական հաստատությունների նկատմամբ։ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն մարզի բնակիչներին ժամանակին եւ պատշաճ մակարդակով: Պետք է մատուցվի որակյալ մասնագիտական ծառայություն, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի, առողջության հետ: Թերացումներն այս ոլորտում հաճախ անդառնալի հետեւանքներ են ունենում, ինչը պարզապես անթույլատրելի է։ Որոշ մարդիկ թյուրիմացաբար կարծում էին, թե իրենց, մեղմ ասած, բացթողումները, մասնագիտական ու կառավարչական թերացումները անտեսվելու ու կոծկվելու են: Նրանք, հավանաբար, մոռանում են, որ Հիպոկրատի երդում են տվել ոչ թե աթոռից կառչած մնալու, այլ իրենց մասնագիտական պարտքը հավուր պատշաճի կատարելու համար: Մի բան հստակ է. թերացումներ չեմ հանդուրժելու՝ հատկապես առողջապահության ոլորտում:

– Մի պահ աղմուկ էր բարձրացել՝ կապված Գորիսում հացի գնի թանկացման հետ: Ճի՞շտ է, որ գները կարգավորվել են Ձեր միջամտությունից հետո:

– Անձամբ ես համարում եմ, որ որեւէ մեկի բիզնեսին միջամտել չի կարելի: Հունվարի սկզբին տեղեկություն ստացանք, որ Գորիս քաղաքում հացը թանկացել է 20-40 դրամով։ Հաջորդ օրը մենք հանդիպեցինք Գորիսում հացի արտադրությամբ զբաղվող բոլոր գործարարների հետ։ Քննարկման արդյունքում նույն օրը վերականգնվեց նախկին գինը։ Ի դեպ, ասեմ, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում Կապան քաղաքում մեր գործընկեր մասնավոր ձեռնարկատիրոջ կողմից կգործարկվի լիովին նոր, գերմանական ժամանակակից սարքավորումներով հագեցած ալրաղաց, ինչը եւս իր ազդեցությունը կունենա մարզի հացամթերքի շուկայի զարգացման վրա:

– Եվ վերջում Հանրապետական կուսակցության մասին: Ի՞նչ եք կարծում՝ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին կհաջողվի՞ Սյունիքում ստանալ վստահության բարձր քվե:

– Հասարակությունն իր գնահատականը կտա: Այո, վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունը Սյունիքի մարզում բարձր ցուցանիշ է գրանցելու: Համոզված եմ, որ եթե, իսկապես, ազնիվ եւ լավ ես կատարում աշխատանքդ, ապա արժանանում ես բարձր գնահատականի եւ վստահության։ Մեր թիմի աշխատանքի լավագույն գնահատականն այս փուլում այն է, որ մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար վերջին ամսում ավելի քան 5000 դիմում ենք ստացել, որոնք ուսումնասիրության փուլում են։ Մարդիկ տեսնում եւ ընդունում են փոփոխությունները, ուզում են դրանց մասնակիցը դառնալ։ Սա մեր թիմի հանդեպ վստահության դրսեւորում է, ինչն, անխոս, ոգեւորիչ, բայց միեւնույն ժամանակ խիստ պարտավորեցնող է։ Մենք անում ենք եւ անելու ենք հնարավոր ամեն բան այս վստահությունն արդարացնելու եւ ամրապնդելու համար։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

11,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728