Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթվել եմ նաեւ հայ կոմպոզիտորական դպրոցի հեղինակների գործերով»

Փետրվար 13,2017 13:30

Ասում է առաջին անգամ Հայաստան այցելած
նիդեռլանդացի դաշնակահար Ինեկե Հելինգմանը

Հայաստանյան մշակութային կյանքում, մանավանդ վերջին շրջանում, դասական արվեստի երկրպագուները հնարավորություն են ունենում ավելի հաճախ շփվելու ոչ միայն հյուրախաղորդ հանրահայտ երաժիշտների, այլեւ երիտասարդ արվեստագետների հետ, ինչին նպաստում են պետական նվագախմբերը՝ հրավիրելով ոչ այնքան հայտնի անունների:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փետրվարի 10-ին առաջին անգամ ունկնդրեցինք Նիդեռլանդներից ժամանած երիտասարդ դաշնակահար Ինեկե Հելինգմանին (լուսանկարում): Դիրիժորական վահանակի մոտ էր մեզ ծանոթ իտալացի դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոն: Հնչեց բոլորիս քաջածանոթ Գրիգի դաշնամուրի կոնցերտը:

«Առավոտի» հետ զրույցում դաշնակահարը հայտնեց, որ փոքր տարիքից լսել է Արամ Խաչատրյանի մանկական ստեղծագործությունները: Նաեւ հավելեց. «Դա նշանակում է, որ ես կրթվել եմ նաեւ հայ կոմպոզիտորական դպրոցի հեղինակների գործերով, հետո արդեն ավելի բարձր տարիքում դարձյալ լսել եմ, բայց դեռ չեմ կատարել Խաչատրյանի մյուս գործերը: Տպավորված եմ Բաբաջանյանի երկերով …»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե իր երկրում ի՞նչ չափով են հարգում դասական արվեստը եւ ունե՞ն, արդյոք, այդ ոլորտի «պահանջատեր» ունկնդիր: «Նիդեռլանդներում հանդիսատեսն ավելի շատ խորացած է գեղարվեստի, կոնկրետ նկարչական կամ տեսողական «զգայարանները բավարարող» արվեստում: Բայց վերջին ժամանակներում տարբեր կազմերի կամերային երաժշտախմբեր սկսել են բուռն գործունեություն ծավալել: Նրանց համերգները տեղի են ունենում սալոններում, որոնք մտերմիկ կապ են ապահովում հանդիսատեսի եւ ունկնդրի միջեւ,- հայտնեց արվեստագետը եւ հավելեց,- Արեւմուտքում տարածված է ֆլեշ-մոբերի ներկայացմամբ դասական երաժշտության պրոպագանդումը, օրինակ՝ ես էլ ընդամենը մեկ անգամ նման ակցիա եմ իրականացրել. Ռոտերդամի երկաթուղային կայարաններից մեկի բացման ժամանակ հանպատրաստից մոտեցել եմ դաշնամուրին ու հնչեցրել դասական երաժշտություն…Սա լավ միջոց է հանրությանը մոտեցնել դասական արվեստին»:

Հետաքրքրությանը, թե ինչով է աջակցում իր երկիրը կոնկրետ բարձրարվեստ դասական երաժշտությանը, Ինեկե Հելինգմանը պատասխանեց. «Այս պահին երկրիս կառավարիչները շատ ֆոնդեր են հատկացնում Նիդեռլանդների հռչակավոր հաստատություններին, այդ թվում՝ կոնսերվատորիային: Բայց Նիդեռլանդներում գործում են երիտասարդական ծրագրեր, օրինակ՝ ես ավարտելով Ամստերդամի կոնսերվատորիան, իսկապես բախտ եմ ունեցել կամ երջանիկ եմ, որ կատարելագործվել եմ ճանաչված պրոֆեսոր Ժան- Բերնար Պոմիերի ղեկավարությամբ, որին հաջորդել են մենահամերգներս եւ ելույթներս ճանաչված համերգասրահներում եւ կոլեկտիվների հետ»:
Նաեւ անդրադարձավ երիտասարդ երաժիշտների աջակցման ծրագրերին. «Երջանիկ եմ, որ նման ծրագրերի օգնությամբ վարպետության դասընթացներ եմ անցել հանրահայտ մաեստրոների ղեկավարությամբ: Պատիվ եմ ունեցել մասնակցելու Միխայիլ Վոսկրեսենսկու, Փիթեր Բրանթի, Մաարտեն Մոստերտի կամերային երաժշտության դասընթացներին, հանդես եկել Orlando Festival եւ Beethoven Festival Zutphen փառատոներին եւ այլն, եւ, չգիտես ինչու, համոզված եմ, որ մշտական հյուր կլինեմ ձեր ֆիլհարմոնիկի կազմակերպած ավանդական դարձած Երեւանյան միջազգային փառատոներին»:

Հետաքրքրվեցինք, թե Արեւմուտքում գործունեություն ծավալած որեւէ կազմակերպության անդա՞մ է, Ինեկե Հելինգմանը պատասխանեց. «DAK app երիտասարդական միության անդամ եմ, որը նպաստում է կարիերայիս աճին: Խոստովանեմ, որ իմ երկրում «գերիշխում» է հանդիսատեսը, բայց վստահ եմ, որ այս պահին ինչ քայլեր, որ կատարում է երկրիս մշակութային վերնախավը, դա միանշանակ կբերի դասական արվեստի զարթոնքին»: Արվեստագետը հայտնեց, որ DAK app ակադեմիայում, որտեղ վարպետության դասեր են առնում նաեւ հայաստանցի երաժիշտները, կատարելագործվում են նաեւ նշանավոր դեմքեր, օրինակ՝   ինձ ծանոթ գերմանաբնակ ալտահար Դավիթ Հարությունյանը, բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանիսյանը, Հայաստանից ջութակահար Դիանա Ադամյանը եւ այլն,  նույնիսկ դասավանդել է ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:

Զրույցի ընթացքում երիտասարդ դաշնակահարն առաջին անգամ հյուրընկալվելով մեր երկիր, հիացած է Ազգային ֆիլհարմոնիկի երաժիշտների ոչ միայն մասնագիտական, այլեւ նվագախմբի երաժիշտների մարդկային որակներով:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728