Բնաբույժ Լիանա Իսրայելյանն ալկոհոլ օգտագործողներին զգուշացնում է, որ այն մեծ վնաս է հասցնում նեֆրոններին` երիկամների կառուցվածքային եւ ֆունկցիոնալ միավոր, որոնք շատ կարեւոր դեր են կատարում: Դրանք ունեն զտիչ հատկություն. պլազմայի մեջից հիմնականում հավաքում են թունավոր նյութերը, որպեսզի չանցնի արյան մեջ:
Երիկամները շատ «կամակոր» օրգաններ են, ըստ բժշկուհու, եթե մի բան սխալ անենք, ապա ֆունկցիոնալ խանգարում կարող է լինել եւ նույնիսկ` մահաբեր: Միզաքարային հիվանդության ժամանակ, ըստ մասնագետի, լինում են սուր ցավեր, փսխում, սրտխառնոց, ցավերը կարող են ուժեղանալ ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո, կամ մեջքի, ոտքերի շրջանում մրսելուց: Ինչպես նաեւ` վիրուսներից, ուրիշ բորբոքային հիվանդություններից, ստորին միզապարկի բորբոքումից:
Բնաբույժը բուժում առաջարկելուց առաջ նշեց, որ ցանկացած խնդրի ժամանակ պետք է գիտակցել, որ դրանք կարող են կրել անհատական բնույթ, որից էլ կախված է նաեւ անհատական բուժման կուրսը: «Օքսալատներն ամենադժվար լուծվող քարերն են, ավանդական բժշկությունն առաջարկում է փշրել, բնաբուժությունն առաջարկում է մի շարք տարատեսակ թուրմեր, օրինակ՝ արեւածաղկի արմատների թուրմը, որը պետք է բժշկի հսկողությամբ անցկացնել: Ավազների ժամանակ առաջարկվում է գազարի սերմերի թուրմը` 1 թեյի գդալ սերմերը 200 գրամ ջրում եռացնել, խմել ուտելուց առաջ: Ցավերի առկայության դեպքում, զուգահեռ նշանակվում է նոշպա: Կարելի է նաեւ 1 ճաշի գդալ սերմեր 200 գրամ եռման ջրի մեջ թրմել կամ թրմել հենց թերմոսի մեջ եւ օրը երեք անգամ` ուտելուց մի 15 րոպե առաջ խմել:
Ժողովրդական բուժման միջոցների մեջ են մտնում մասուրի թուրմը, անթառամը, անանուխը, ձմերուկը, վարունգը, կեչու, մաղադանոսի թուրմը եւ ճիշտ զուգորդված սննդակարգը. «Մեր ժողովուրդը սիրում է ինքնուրույն բուժել եւ ընկնել ավելի ծանր վիճակի մեջ, պետք է ուշադիր լինել եւ հետեւել, որ բուժումը ամբողջական դառնա»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
11,02.2017