Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում եւս ավարտվեց համայնքի ղեկավարի ընտրությունը: Ընտրությանը մասնակցում էին ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը եւ անկուսակցական՝ 27 ամյա Հովհաննես Պողոսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Գասպարյանը նշեց, որ բնակիչների ակտիվությունը ընտրությանը մեղմ է ասել, քանի որ գրեթե 100 տոկոսանոց մասնակցություն է եղել: Նա իր վերընտրվելու մասին ասաց. « 99 տոկոսով չեմ կարող իմ համայնքի բնակիչների մասին վատը մտածել՝ ինձ թվում է, որ պետք է խնդիր չունենամ»:
Իր մրցակցի՝ Հովհաննես Պողոսյանի մասին խոսելիս՝ ասաց. «Չեմ ուզում նրա մասին որեւէ վատ բան ասել, բայց եթե այդ երիտասարդը ինքնուրույն մտածած լիներ այդ մասին՝ համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնություն ունենալու, ապա նման բան չէր անի: Նրան աջակցում են մարզում ՀԱԿ կուսակցության նախագահ Մուրադ Գրիգորյանը եւ իր թիմակիցները, որոնք Ախուրիկը գողտրիկ մի անկյուն են հաշվում եւ մտածում, որ ամռանը լավ «ֆազենդա» կունենան այստեղ, եւ ես ցավով կփաստեմ, որ եթե նման բան լինի՝ ես կափսոսամ այս համայնքի համար»:
Տիկին Գասպարյանն էլ ՀՀԿ-ական է, բայց ինչպես նա նշեց, ոչ մի աջակցություն չի ունեցել. «Երեւի թե ի վիճակի էլ չեն աջակցելու, չնայած ի զարմանս ինձ իրենք են ռեյտինգային ցուցակում ինձ առաջադրել, որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու: Բավական է, որ իմ երեւանցի կին գործընկերները լինեն ազգային ժողովում, հարկավոր է այսօր մարզերի դժվարությունները տեսած կինն էլ մտնի խորհրդարան՝ արդեն ժամանակն է»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ