Գեղարքունիքի մարզի Դարանակ, Արծվանիստ եւ Սեմյոնովկա համայնքներում այսօր ընթանում էր Ավագանու անդամի ընտրություններ:
Սեմյոնովկա համայնքում փորձարկվում էր էլեկտրոնային գրանցում իրականացնող սարքավորումը, որով կանցկացվի նաեւ ապրիլյան ընտրությունները:
Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքի բնակիչները մեծ ոգեւորությամբ են մասնակցում ընտրությանը, քանի որ այնտեղ փորձարկվել է էլեկտրոնային գրանցման համակարգը. «Բնակիչները անձնագրերով մոտենում են, էլեկտրոնային սարքի միջոցով տվյալները անցկացնում, կտրոնը ստանում եւ մասնակցում ընտրությանը: Մեր ընտրացուցակը սարքի մեջ է եւ փորձի համար դիտորդներից մեկի անձնագրի տվյալները գրելուց՝ կարմիր գիծ ցույց տվեց եւ նշեց, որ նման ընտրող չկա»:
Համայնքի ղեկավարի համոզմամբ՝ այս տարբերակով անցկացվող ընտրությունները ամենաարդարը կլինի. «Փորձի համար նաեւ նույն անձնագրով փորձել ենք սարքի ճշգրտությունը եւ այն կարմիր գիծ է ցույց տվել եւ նշել, որ այդ անձնագրով արդեն ընտրությանը մասնակցել են: Բնակիչները լրիվ համոզված են, որ իրենց ձայնը տեղ կհասնի»:
Կարդացեք նաև
Ապրիլյան ԱԺ ընտրությունների մասին Դավիթ Մնացականյանը նշեց, որ այս տարբերակով անցկացվող ընտրությունները ավելի հեշտ կանցնեն եւ առանց կեղծիքի, քանի որ մատնահետքով է ստացվում տվյալ անձի մասին ամբողջ տեղեկատվությունը:
Նշենք նաեւ, որ էլեկտրոնային գրանցման համակարգը բացի Սեմյոնովկա համայնքից այսօր փորձարկվել է նաեւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ