Լրահոս
Օրվա լրահոսը

Ննջարանում քնած անծանոթ գեղեցկուհին (Պատմվածք)

Փետրվար 12,2017 16:30

Այդ օրերին Հայկուհին լցվել էր կյանքով ու ավյունով: Մասնակցում էր յուրաքանչյուր ժամանցային միջոցառման, երեկույթի, կոլեկտիվի կողմից բնության գրկում կազմակերպվող խնջույքների: Կարծես ցանկանում էր մոտիկ շրջապատին ցույց տալ իր գեղեցկության մոգական, գայթակղիչ ուժը և իշխանություն բանեցնել այն տղամարդկանց վրա, ովքեր անտարբեր չէին իր նկատմամբ: Կարծես թե նրա կյանքում ինչ-որ բան փոխվել էր: Նա այդ մասին ոչ-ոքի ոչինչ չէր ասում, երևի այդպես էլ պետք է լիներ:

Հաջորդ ժամանցային երեկոն, որը կազմակերպել էին իր կոլեկտիվի աշխատակիցները՝ հերթական տոնի առթիվ, նույնպես հիշարժան եղավ նրա կյանքում:

Հավաքույթը տեղի էր ունենում աշխատակիցներից մեկի տանը: Սենյակը փոքր էր ու ճնշող, մասնակիցների թիվը շատ ավելին էր, քան թույլ էին տալիս նրա հնարավորությունները:

Բայց քանի որ Հայկուհին այդտեղ էր, ապա Փայլակն էլ հանուն նրա՝ ստիպված էր դիմանալ այդ դաժան պայմաններին` հույս ունենալով, որ գուցե այս անգամ կուղեկցի նրան, կառանձնանա նրա հետ և ավելի կխորացնի ու կջերմացնի իրենց հարաբերությունները:

Սենյակում շոգը և տոթը  գնալով ավելի անտանելի էին դառնում, իսկ Փայլակը խմել ու հարբել էր ցանկանում, որպեսզի ավելի համարձակ դառնա՝ իր խոստովանության մեջ:

Եվ այս նպատակն իրականացնելու համար, նա գնաց խոհանոց, շամպայն ու գինի խնդրեց այնտեղ տիրություն անող Ֆելիքսից, դրանք խառնեց իրար, հետո էլի ինչ-որ խմիչքավելացրեց այդ խառնուրդին, որը հետագայում արդեն չէր հիշում ու զզվանքով, մի քանի ումպով, բաժակի պարունակությունը կուլ տվեց:

Շատ չանցած զգաց սրտի արագ զարկերի դոփյունը քունքերում, ականջների տարօրինակ խշշոցը, ահագնացող գլխապտույտը, անսովոր սրտխառնոցը և կանխազգալով իրադարձությունների մոտալուտ սպասվող վտանգը` նա դուրս եկավ պատշգամբ` մաքուր օդ շնչելու: Որոշ ժամանակ նա աննկատ նստեց այնտեղ գտնվող  փոքրիկ աթոռակին և ապուշ հայացքով նայեց իր դիմացում երևացող բարձրահարկ շենքին, որը աչքերի առաջ սկսեց տարօրինակ ձևով ճոճվել:

Երբ նա աչքերը փակում-բացում էր, մի պահ շենքը նորմալ, ուղղահայաց դիրք էր ընդունում, ապա քիչ հետո՝ Պիզայի աշտարակի նման թեքվում, պտտվում էր: Իսկ հետո շենքերի լուսավոր պատուհանները սկսեցին աչքերի առջև թռչկոտել: Ամեն ինչ պտտվում, պտտվում էր, ու հավանականությունը մեծ էր, որ նրան դժվար երեկո, ապա ծանր գիշեր էր սպասվում:

Սակայն նա մի փոքր թեթևություն զգաց մաքուր օդի առկայությունից ու սթափվելով, մի կերպ իրեն տիրապետելով` սենյակ վերադարձավ:

Իսկ այստեղ իրեն թվաց, թե բոլորը զարմացած իր կողմն են նայում, փսփսում, ինչ որ բան ասում իր հասցեին, գուցե գույնը տեղը չէր կամ ծանր շնչառությունը կասկած էր հարուցում:

Գուցե և այդպես էր կամ իրեն այդպես էր թվում, բայց  ինքը գերագույն ճիգեր գործադրելով` դիմանում էր փորձությանը, նույնիսկ պարեց  կոլեկտիվի շատ աղջիկների հետ մինչև ուշ գիշեր:

Իսկ գիշերը խոստանում էր ճակատագրական լինել նրա համար` իր նոր երանգներով ու ակնկալիքներով, իր երազած կապույտ գիշերների նման:

Երեկույթը ավարտվեց գիշերվա ուշ ժամին, երբ հարևան շենքերի պատուհաններում հերթով  արդեն մարել էին լույսերը, մարդիկ խորը քուն էին մտել, իսկ լուսինն էլ թագավորում էր երկնակամարում:

Հայկուհին և Փայլակը երեկույթի  մասնակիցների հետ վերջինը դուրս եկան հավաքատեղիից` հրաժեշտ տալով երիտասարդ տանտիրոջը, երբ ժամացույցի սլաքները առավոտյան ժամը երեքն էին ավետում:

Խնճույքի մասնակիցները փողոց դուրս գալով` զույգերով կամ առանձին արագ անհետացան փողոցի անհայտության մեջ, իսկ նրանց՝ երկուսին ճակատագրի բերումով` թողնելով մենակ: Դա մասնակիցների կողմից կանխամտածված քայլ էր, թե երջանիկ պատահականություն, դժվար է ասել, բայց Փայլակը, որպես տղամարդ պարտադրված էր Հայկուհուն տուն ուղեկցելու,  որը գտնվում էր քաղաքի հակառակ ծայրամասում, իսկ հասարակական տրանսպորտը այդ ժամերին չի աշխատում, տաքսիներն էլ` հազվադեպ երևույթ են այդ խուլ բնակատեղիում:

Ամենուրեք քար լռություն էր տիրում:

-Գուցե գնանք մեր տու՞ն,-առաջարկեց Փայլակը,-այս ժամին ձեզ մոտ հասնել գրեթե անհնար է, իսկ մեզ մոտ ոտքով մի ժամից շուտ կհասնենք:

-Ո՛չ,-առարկեց Հայկուհին,-գնանք մեր տուն, մերոնք կանհանգստանան:

-Հայկուհի՛, հարգելի’ս, ես քեզ խնդրում եմ` մի’ սեթևեթիր, քո ասածը անմիտ բան է, տաքսի չկա, հասարակական տրանսպորտը չի աշխատում, իսկ մեր տուն կհասնենք մեկ ժամից ավելի շուտ:

-Դե, լավ,-քիչ հապաղելուց հետո, համաձայնեց Հայկուհին,-գնանք,  բայց մի պայմանով` միայն ոտքով, եթե նույնիսկ ճանապարհին տաքսի հանդիպի…

Թաղամասի դատարկ փողոցները նրանց դիմավորեցին գրկաբաց: Քիչ անց Փայլակը համարձակորեն թևանցուկ արեց  Հայկուհուն ու լուռ քայլեցին առաջ: Առանց ավելորդ խոսքերի նրանք արդեն հասկանում էին միմյանց: Այդպիսի պահերին բառերն ավելորդ են, քանի որ խոսում են սրտերն ու հոգիները:

Փայլակի գլխում բթություն էր, մարմնում` տենդ:

Ճիշտն ասած` այդ ժամանակ նա դեռ թունդ չէր սիրահարված Հայկուհուն, այլ հրապուրված էր միայն, քանի որ հարգում էր նրա տածած սերը մեկ ուրիշի նկատմամբ, որը բանակում ծառայության էր, բայց թեթևակի խանդի զգացում արդեն ունենում էր, երբ նա ուրիշ տղամարդկանց հետ շփվում էր:

Քայլում էին ու մերթընդմերթ մտերմիկ իրար նայում:

Ահա և երևաց հսկա, խորհրդավոր կամուրջը, որը տասնյակ ինքնասպանների մասնակիցն ու վկան է եղել: Հաճախ Փայլակն էլ էր հանգստյան օրերին քայլում այս կամրջի վրայով, կռթնում բազրիքին, ցած նայում նրա ահռելի բարձրությունից ու մտածում ինքնասպանության երևույթի մասին, սակայն միշտ էլ հեռանում էր այստեղից՝ չհավատալով,որ մի օր էլ իրգլխում կարող է այդպիսի հիմար ու կործանարար միտք ծագել:

Վերջապես զույգը անցավ «հանցավոր» կամրջի վրայով, իսկ առջևում երևացին նոր շինությունները:

Շուտով երևաց նաև Փայլակենց բարձրահարկ շենքը և նրանք զգուշորեն մտան շքամուտքից ներս ու բարձրացան երկրորդ հարկ: Փայլակը գրպանից հանեց բանալիների խուրձը, դժվար կերպով ընտրեց իրենց բնակարանիդրսի դռան բանալին, քանի որ բանալիները անընդհատ սահում էին նրան չենթարկվող մատների արանքից, կամացուկ բացեց դուռը,  Հայկուհունշշուկով ներս հրավիրեց:

Հայկուհին մի պահ կանգ առավ, հապաղեց: Հասկանալի է, առաջին անգամ, այն էլ ուշ գիշերով և ուրիշի, իրեն անծանոթ մարդկանց տուն: Բայց տանեցիները այդ ուշ ժամին խոր քնած էին և գուցե ոչ-ոք էլ չիմացավ նրանց ներս մտնելը:

-Բոլորը քնած են, նե’րս արի,-կամացուկ շշնջաց Փայլակը:

Հայկուհին ոտքերի ծայրերի վրա, անաղմուկ ներս մտավ միջանցք: Մինչ նա միջանցքում, թույլ լույսի տակ հայելու մեջնայում էր իր կարմրատակած այտերին, մազերն հարդարում, հագուստը կարգի բերում, Փայլակը ննջասենյակում, որտեղ ինքն էր քնում, զգեստապահարանից զգուշորեն հանեց մաքուր լվացած, արդուկած սպիտակեղենը և նրա համար անկողին պատրաստեց, իսկ իր անկողինը տեղավորեց բազմոցի վրա:

-Անկողինդ պատրաստ է,-դիմելով Հայկուհուն, կամացուկ շշնջաց նա,-կարող ես պառկել, ապա հանգցրեց լույսը, արագորենհանվեց և պառկեց բազմոցին պատրաստված անկողնում:

Քիչ անց, իրեն առաջարկված անկողնում պառկեց նաև Հյակուհին:

Մի պահ նրանք լուռ էին, անհեթեթ իրադրության մեջ գտնվելով, ֆիզիկապես իրար այդքան մոտ, բայց հոգով ու սրտով գուցե անասելի հեռու:

Իսկ գինին, կոնյակը, շամպայնը դեռ իրենց չար գործն էին շարունակում կատարել Փայլակի մարմնի հետ,քնելն անհնարէր դառնում:

-Հայկուհի, քնա՞ծ ես-շշուկով հարցրեց նա որոշ ժամանակ անց:

-Ոչ,-լսվեց պատասխանը:

Նորից տիրեց քար լռություն: Բայց հանկարծ մի մոլորված ճանճ տզզալով սկսեց դեսուդեն թռչկոտել` հարմար տեղ փնտրելով գիշերելու համար: Տզզզ…

-Երեկոն քեզ դուր եկա՞վ,-լռությունը նորից խզեց Փայլակը:

-Ո՛չ,-լսվեց կտրուկ պատասխանը:

-Ինձ նույնպես դուր չեկավ:

-Շատ մարդ էր հավաքված, մի քանիսը այնտեղ լրիվ ավելորդ էին:

-Բայց դա մեզնից չէր կախված:

-Իհարկե, դու ճիշտ ես:

-Ներողություն, Հայկուհի, երևի քեզ խանգարում ե՞մ, չեմ թողնում քնես:

-Իսկ գուցե ես ե՞մ խանգարում:

-Դու չես խանգարում, ուղղակի քունս չի տանում:

-Ուրեմն` մեկս մյուսին չենք խանգարում, այդ դեպքում մի բան պատմիր, ես ուշադրությամբ կլսեմ, գուցե և քունս կգա:

-Իսկ միգուցե դու պատմես, չէ որ դու առաջինը առաջարկեցիր, պատմի’ր քո սիրո մասին:

-Միայն դա էր պակաս,-կամացուկ ծիծաղեց Հայկուհին:

-Իսկ ինչու՞:

-Ես պատմել չեմ սիրում, ավելի հակված եմ պատմություններ լսելուն:

Դե, պատմի’ր, Հայկուհի, խնդրում եմ, մտքերս այսօր դժվար են ինձ ենթարկվում, իսկ ուրիշ անգամներ խոստանում եմ` ես կպատմեմ, հիմա ուզում եմ քո ձայնը լսել:

-Դե, լավ,-համաձայնեց նա,-կպատմեմ: Հետաքրքիրն այն է, որ ում սիրահարվում էի, բանակ էին տանում: Իններորդ դասարանում առաջին անգամ սիրահարվեցի մեր հարևանի տղային, հենց այնպես ընկերություն էինք անում, մեկ-մեկ դասերից փախչում էի, կինո էինք գնում և վերջ: Դժվար է ասել, թե սիրում էի և չգիտեմ, թե նա սիրում էր ինձ: Նա ինձանից երկու տարով մեծ էր, և մեր ընկերությունը երկար չտևեց, նրան բանակ տարան: Կայարանում ճանապարհելուց կարծես նույնիսկ չտխրեցի, բայց հաճախ հիշում եմ նրան: Երկրորդին, որի հետ սկսեցի ընկերություն անել նույնպես բանակ տարան: Նա իմ մատանին իր հետ հիշատակ է տարել և պատվիրել՝ «մինչև գալս չամուսնանաս»: Իմ կարծիքով` նա ինձ սիրում է: Տասներորդն ավարտելուց հետո ես աշխատանքի անցա այս գրասենյակում`  որպես  պատճենահանող, որտեղ էլ հանդիպեցի նրան: Նա ինձ դուր էր գալիս և երբ նա առաջարկեց ընկերություն անել, ես սիրով համաձայնեցի: Սկզբից մեր հարաբերությունները  մաքուր ընկերական էին, իսկ հետո կարծես մենք չէինք կարող առանց մեկս մյուսի մնալ: Շատ ուժեղ կապվեցինք իրար: Ես երևի սիրահարվել էի: Հիմա նա գտնվում է ծառայության մեջ, ինձանից հեռու և ես հաճախ եմ մտածում նրա մասին, նույնիսկ չեմ հասկանում, իրոք սիրու՞մ եմ նրան, թե՞ դա միայն հրապուրանք է: Արդեն յոթ ամիս է, որ մենք բաժանվել ենք: Նա իր նամակներում միշտ գրում է, որ ես պարապեմ և ընդունվեմ բարձրագույն հաստատություն:

-Գուցե նա խանդու՞մ է, մտածում է, թե, որ զբաղվես պարապմունքներով` ժամանակ չես ունենա հանդիպելու տղաների հետ:

-Գուցե,-ցրված պատասխանեց նա,-բայց չէ որ կյանքը անցնում է, ես ցանկանում եմ ուրախանալ, պարել,մասնակցել համերգների, երեկոների, խնջույքների,հո չե՞մ կարող աշխատանքից հետո, պառավ տատիկի պես ձեռքերս ծալած նստել տանը…

Հետո նրանք երկար ժամանակ լռեցին:

-Իսկ հետո՞,-քնատ հարցրեց Փայլակը:

-Հետո՞, հետո և վերջ: Ես որոշել եմ պարապել և ընդունվել ԲՈՒՀ: Առայժմ դա իմ գլխավոր խնդիրն է: Ա՜խ, ինչպես եմ ցանկանում ընդունվել: Իմ ներկայի ամենամեծ երազանքն է դա:

-Իսկ ի՞նչն է խանգարում ԲՈՒՀ ընդունվելուն:

-Ծուլությունը և կամքի թուլությունը: Ինձ պետք է մեկը հսկի, հետևի, կառավարի, ստիպի: Ինքս դժվարանում եմ միայնակ պարապել:

-Հետքրքիր է:

-Ի՞նչն է հետաքրքիր:

-Ծուլությունը:

Եվ նրանք միասին կամացուկ ծիծաղեցին:

-Իսկ, կցանկանա՞ս, որ ես դառնամ այդ մեկը,-հանկարծ հարցրեց Փայլակը:

-Իսկապե՞ս, ես շատ շնորհակալ կլինեմ:

-Ուրեմն պայմանավորվեցինք, վաղվանից սկսում ենք մեր պարապմունքները:

-Ուռռռաաա՜,-կամացուք արձագանքեց Հայկուհին

Արդեն լուսանում էր, մայիսյան տոնական, հրաշալի, գարնանային օրը դիմավորում էր իր լուսաբացը, իսկ խոնջացած զույգը դանդաղորեն խորասուզվում էր առավոտյան կազդուրիչ քնի լաբիրինթոսները, գուցե ամենաերջանիկ, լավագույն, հիշարժան օրերից մեկն էր դա լինելու նրանց կյանքում:

Քիչ հետո ննջարանի դուռը կամացուկ բացեց ու հազիվ զսպելով ուրախությունը, նորից այնծածկեց Փայլակի տատը, որը տեսնելով քնած զույգերին հազիվ լսելի շշնջաց.

-Աստվա՛ծ, փառքդ շատ լինի, վերջապես Փայլակս գտել է իր կեսին:

Բայց, ինչ իմանար խեղճ տատիկը, թե ինչ հանգամանքներում էր այս տանն հյատնվել քնած գեղեցկուհին և իրականում ո՞վ էր նա Փայլակի համար:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728