Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթի խնձորները (պատմվածք)

Փետրվար 12,2017 16:15

Արմենակը շալակի կողովը հենեց պատին, ապա զգուշորեն սահեցրեց ցած: Չորացած խոտից դաշտային ծաղիկների հոտ էր գալիս: Բերածն զգուշորեն տեղավորեց մսուրում, կռացավ մեկ-մեկ ժողվեց թափված շյուղերն ու շոյեց կովի ճակատը: Կենդանին մի պահ նայեց մարդուն, վերստին գլուխը թաղեց խոտի մեջ: Կովի ռունգներում ծաղիկների բույր կար, աչքերում՝ ամռան պայծառ օրերի կարոտ:

Նա մեկ անգամ ևս նայեց շուրջը, շնչեց գոմի տաք գոլորշին, ձգվեց, մատներով հասավ էլեկտրական լամպին, փորձեց պտտել:

-Թյու, անտեր մնացած,-բարձրաձայն դժգոհեց, մատները տարավ բերանին:

Լամպը տաք էր: Գրպանից հանեց ճմռթված, բայց օրերի ընթացքում այդպես էլ քթի երես չտեսած թաշկինակն ու պտտելով՝ մարեց լույսը: Խավարը գրկեց մարդուն: Մի պահ շփոթվեց, հետո խարխափելով գտավ դուռը, ելավ: Ճերմակ ձյան փայլը զարկեց դեմքին, ու նա կկոծեց աչքերը:

Շարունակում էր ձյուն տեղալ: Խոշոր փաթիլները ծանրորեն նստում էին գետնին: Խոտի դեզը փոքրացել, կուչ էր եկել: Ձյունը դեռ չէր ծածկել բարդոցի գործածած մասը, և այնտեղ ճնճղուկներ էին հավաքվել: Բացվող դռան ճռինչը վախեցրեց նրանց, բայց ոչ դեզը լքելու չափ: Նրանք գիտեին տանտիրոջը և կարիք չունեին փախուստի: Շունը ձգեց շղթան, ու մարդը նրա աչքերում նախատինք տեսավ, տաք լափի կարոտ:

Արմենակը մոտեցավ տանը, բարձրացավ սենյակ տանող աստիճաններով, հետո միտքը փոխելով՝ վերցրեց ցախավելն ու մաքրեց սանդուղքների կուտակ ձյունը: Շեմքին երևաց կինը՝ Նազելին:

Ներս արի, հերիք մնաս դուրսը:

-Լափը բեր, կոտորվեց հայվանը:

Շունը երկար էր ապրել նրանց հետ և գիտեր, որ քիչ անց գարու ալյուրից խաշիլ կստանա՝ մեջը կրծած ոսկորներ: Խաշիլն անպայման գոլ կլինի, ու կշտանալուց հետո ինքը չի զգա ցուրտը:

Կերակրելուց հետո Արմենակը մտավ տուն, ձյունոտ ոտքերով առաջացավ դեպի ջրի ծորակը:

-Ա՛յ մարդ, կոշիկներդ հանեիր,-երկչոտ նկատեց կինը, թեև տարիների փորձից գիտեր, որ ասածն ապարդյուն է, և հալևորը դիտողություն չի սիրում:

-Քո մարդ ասողի…-անորոշ հայհոյեց ամուսինը:

Ու՞մ էր ուղղված խոսքը. ջրատար պառավին, թե՞ որդուն՝ Հրայրին, ով մի ամսով հյուր էր եկել: Հյուր… Ասա հոր տուն հյուր են գալի՞ս, այն էլ՝ միակ տղան: Հոր տանն ապրում են, շեն պահում, ծուխ ծխում: Ասա քեզ ո՞վ էր խնդրել Տալլին գնաս: Տալլինը ո՞ր մեղքս է: Թող ուրիշները գնային – ովքեր շատ են: Չկա՞ն: Հեն է, մեր գյուղացին /անունն ինչու՞ տամ, մեկ է, չես ճանաչի. գյուղում ապրե՞լ ես, որ իմանաս/, յոթ երեխա ունի: Թող նրանցից մեկը գնար: Է, լավ, ասենք՝ գնացիր, բա ինչու՞ ամուսնացար: Հեչ չմտածեցի՞ր՝ էն խեղճ հերս, իր միակ որդին եմ, ո՞նց պիտի ապրի: Մենակ հիշողություններով կյա՞նք կլինի: Թե,՞ որ ամբողջ օրը սարերում էի, տավարի հետ, չէի կարող քեզ համար պատվով ընտանիքից հալալ կաթնակեր գտնել: Չէ՞ մերդ էլ մեռել էր /լույս դառնա/: Գոնե ծծածդ կաթը միտդ բերեիր:

Տասը տարի երեսդ չէի տեսել: Քրոջդ առա, հասա Տալլին: Կարծում ես հե՞շտ էր: Համոզեցի, բերի գյուղ: Որ խոստովանենք, եկողը չէիր: Էլի կինդ՝ հալալ կաթնակեր էր, հասկացավ, որ կսկիծն ինձ ուտում է: Ինչու՞ չմնացիր, դե ասա, էլի: Արջառ մորթեցի: Գյուղովի հավաքվեցին աչքալուսանքի, կիսեցին ուրախությունս: Հիշու՞մ ես: Մորթին, հրեն, ձեղունի տակ մնում է: Գյուղապետն էլ ընդառաջեց, տարիների նախրապահ էի, քեզ աշխատանք խոստացավ: Կինդ էլ դպրոցում կտեղավորվեր: Չմնացիր: Բա վայե՞լ էր. կնոջդ վերցրել, գնացել էիր գյուղի ճաշարանը: Խմել էիք: Տեսնվա՞ծ բան էր: Թե՞ տանը միս կամ արաղ չկար: Էդ դեպքից հետո մի ամիս երեսս չէր բռնում գյուղամեջ դուրս գամ: Հիմա նորից ես եկել՝ էս ձյուն-ձմռնեցով: Արձակուրդ: Արձակուրդս ո՞րն է: Դե մնա, էլի: Զարմացար, որ երկրորդ անգամ եմ ամուսնացել: Ինչու՞ չէ: Մորդ փոխարեն վիրավորվեցիր: Ասա՝ քեզ ո՞վ է տվել լուսահոգու անունից խոսելու իրավունքը: Յոթանասունհինգ տարեկան եմ, հե՞շտ է ասել: Սարում էի՝ մենակ, ծերության օրոք՝ մենակ: Դիմանա՞լ կլինի: Ասում ես՝ Սիրուշի երեխեքը, հրեն, Վանաձորում են, ամեն շաբաթ գալիս են տեսնելու: Իսկ ու՞ր են քո տղաները: Դու քոնից խոսիր: Ես նրանց ճանաչու՞մ եմ: Կամ՝ հետներն ինչպե՞ս խոսեմ, ինչի՞ց խոսեմ: Անուններն անգամ մտքիցս թռել են, հիշե՞լ կլինի: Ես՝ չէ, դու ասա. որտե՞ղ փնտրեմ ինձ, ու՞մ աչքերի մեջ տեսնեմ իմ շարունակությունը:

Ասում ես՝ չոր մարդ եմ, հա՞: Աշխատանքից, սարերում մենակ մնալուց կոպտացել եմ: Երկրորդ անգամ ամուսնանալ, այն էլ այս տարիքու՞մ, старик: Դու էիր ասողը, ճի՞շտ է: Ստարիկ եմ, բա ի՞նչ եմ: Շուն եմ: Իսկ հիմա, որ լալիս եմ, տեսնու՞մ ես: Հենց այնպես եմ լվացվում, որպեսզի պառավն արցունքներս չտեսնի: Բա անարցունք ինչքա՜ն եմ լացել…

Արմենակի ականջը որսաց կողքի սենյակից եկող ծիծաղի ալիքը: Հարսն էր՝ Ռուտան: Լավ կին է: Ինքը նրա դեմ բոլորովին քեն չունի: Փուչն իրենն է: Այս հարսն էլ չլիներ, ավարան վայ թե չորգլուխ մնար:

Քիչ անց խորքի սենյակից դուրս եկան երիտասարդ ամուսինները: Տղան տեսավ հոր դեմքի մռայլությունն ու ոչինչ չասաց: Արմենակը, թիկն տված բարձին, հետևում էր չփչփոցով լվացվող հարսին: Ռուտայի կանաչավուն աչքերում գոհություն կար:

Նստեցին հացի: Հարսը ջանադրաբար ծամում էր լավաշն ու որերորդ անգամ գովում խնոցու կարագը, տնական ձուն, զարմանում մածնի, լավաշի վրա:

-Очень вкусно,-ասում էր, դառնում Հրայրին: – Как все это интересно:

Արմենակը լսում էր հարսին, չէր հասկանում, բայց ուզում էր, որ նա հա խոսի, այնքան, մինչև ինքը մոռանա ամեն ինչ: Չհիշի, որ որդին գնալու է, արձակուրդը վերջացել է, որ այս ցրտին վերստին տուն է սողոսկելու մենակությունը:

Տանտերն անսպասելի մտաբերեց կենվորին և ձայն տվեց: Սեղանատուն մտավ հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցիչը, ով ծեր զույգի համար վաղուց տանու մարդ էր: Տղան դուր էր գալիս ծերունուն:  Իր որդին լիներ… Ինչու՞ ինքը կարող է այս հեռավոր թալինցուն պատմել ջահել օրերի, սիրտը քրքրող վշտի մասին, հարազատ զավակին՝ չէ:

Նայում էր տղայի ու հարսի հետ զրուցող ուսուցչին և համեմատում որդու հետ: Հրայրն ինքն է, որ կա: Ձեռքերն էլ իրենն են, և զգացվում է՝ ուժ նույնպես ունի: Չէ, դժվար թե զորությունը տեղը լինի. հողից, արմատից կտրված մարդ է: Ա՛յ, ինքը ջահել տարիքին ուրիշ էր: Ու նա մտաբերեց, թե ինչպես մի անգամ ծանր ջվալը գրկած դուրս բերեց ջրաղացից՝ շահելով նոր թխած բաղարջները: Հարևան գյուղից մեկը կար՝ լոպազ, հասակը՝ բարդի: Տարավ-բերեց, թե՝ ուժը դեռ քիչ է, պետք է ճարպկություն ունենալ: Կոխից հետո շունչը դեռ տեղը չէր եկել, բայց դիվոտած ելավ, ու կպան իրար: Ինքը հասակով առանց այդ էլ աչքի չէր ընկնում, իսկ այդ լողլողի կողքին՝ հեչ, ոնց որ մասրենու թուփ: Բայց, դե, գետնեց: Շուն-շանորդի: Աղունն այդպես էլ թողեց ու աղոթրան չեղած՝ գնաց: Է՛հ, երանի հետ գային էն օրերը:

Որդու երգը հորը վերադարձրեց իրականություն: Ուսուցիչը բերել էր Իսահակյանի ժողովածուն, և Հրայրը «Որսկան ախպերն» էր երգում: Հոր աչքերը կսկծացին: Աշխատեց թաքցնել արտասուքները: Է՛խ, քեզ տղա ասողի: էնքան չի երգել, որ բառերը մոռացել է: Գրքով է երգում: Ձենը բարակ է, անուշ: Ինքն էլ էր սիրում երգել: Սրինգը դեռ մնում է: Մեկ-մեկ է ձեռքն առնում՝ ուսուցչի խնդրանքից հետո: Այսինքն՝ ի՞նչ ուսուցիչ, ի՞նչ կենվոր. Իր զավակն է, իր անուշ տղան: Տես, որքան բարի աչքեր ունի, հոգին նույնպես նուրբ է: Գալիս է, վերցնում իր կոշտուկապատ ձեռքն ու երկար-երկար շոշափում դաբաղած կաշվի ծալքերը: Թե ինչ է մտածում, ինչ է տալիս-առնում, անկարող է ասել, բայց ինքը երանության պես բան է զգում:

Որդին ավարտեց երգելը, հետո խնդրեց, որ ուսուցիչը գիրքն իրեն նվիրի: Դե մնա, էլի՛: Թե որ հայ երգ ես սիրում, հայերեն տառ, զավակներիդ էլ բեր: Գյուղում դպրո՞ց չկա: Հողի, գրքի, երգի ուժն առ, ուժվորիր, որպեսզի ես էլ հանգիստ մեռնեմ:

Որդու և հարսի մեկնելու ժամանակն էր: Հրայրը զանգեց Վանաձոր: Այնտեղից պատասխանեցին, որ քույրը, փեսան, թոռները դուրս են եկել և մի կես ժամից կհասնեն: Սկսեցին գնալու պատրաստություն տեսնել:

Արմենակը ելավ ապակեպատ պատշգամբ, դեմքը հպեց պատուհանի փեղկին: Բերանի գոլն առավ եղյամապատ ապակուն, և այն անմիջապես քրտնեց: Փորձեց մատով դեմք նկարել: Աչքերը սառը ստացվեցին, օտար, անկենդան: Թևքով կտրուկ սրբեց նկարածն ու մաքրված ապակու միջով նայեց: Դարձյալ ձյուն էր գալիս: Հեռվում գետն էր՝ Աղստևը, հետո գալիս էր անտառը: Թեժ լեռը չէր երևում: Հայացքը սահեց այգու վրայով: Համատարած ձյուն էր, հոգեհան լռություն: Ներքևում շունը բնից հանեց գլուխը, թույլ վնգստաց:

Էհ, փուչ է կյանքը, փու՛չ: Եվ ողջի մեղավորը տղան է: Արմենակն ուզում էր իջնել ներքև, փաթաթվել շանը, պատմել նրան իր ցավերը, ասել, որ ձյունաշատ ձմեռը լավ տարի, լավ բերք է խոստանում, որ ինքը յոթանասունհինգ տարեկան է և կամենում է ծեր լինել, ուզում է տանը թոռներ ունենալ, տանը՝ ջահել տղամարդ, որպեսզի այլևս հող չփորի, կողով չշալակի, հունձ չանի, ապրի՝ ինչպես բոլոր ծերերը: Այսինքն՝ ի՞նչ ծեր: Ծե՞րն ով հորինեց – էդ գյուղապետը: Նրանից էլ է նեղսրտած: Մի օր բռնեց, թե՝ Արմո, վաստակած նախրապահ ես, արի հանգստի ճամփենք: Տնաշեն, թե իմ մասին մտածում էիր, Հրայրիս չթողնեիր գնար: Թե չէ, փառք Աստծուն, ուժս տեղն է, հիմա էլ եմ ողջ տունը հասցնում:

Շունն ուրախ կլանչելով՝ սկսեց վազել մետաղալարի երկայնքով: Քրտնած ապակիները հնարավորություն չէին տալիս հեռուն տեսնել: Իր վերջին շունն է: Գիտի նրան, երբ լակոտ էր, հետո՝ գելխեղդ, իսկ այժմ նա ևս ծեր է, ինչպես ինքը:

Արմենակը ելավ բակ: Փողոցում կանգնած մեքենայից դուրս եկան սկզբում թոռները, ապա՝ փեսան, աղջիկը: Կենդանին ուրախությունից կտրատում էր շղթան: Առջևից վազողը փոքր թոռն էր՝ Գառնիկը, ում պապը Գառ էր ասում:

-Բարև, պապի,-ու փարվեց ծնկներին:

-Գառ, ձագ, մատաղդ լինեմ:

Թոռնիկը լքելով պապին՝ վազեց դեպի շունը, գրպանից հանեց գաթայի կտորն ու հրմացրեց կենդանուն: Շունը մեկնվեց գետնին, հաճույքից ճմլկոտեց՝ գլուխը երեխայի ոտքերին քսելով: Տղան շոյեց շան` սաթի պես սև մազերը, խոնավ դունչը, ականջատակը: Կենդանին երանությունից գոցելով կոպերը՝ հանձնվեց նրբին ձեռքերի ջերմ շոյանքին:

Արմենակը դիտում էր թոռան արարքը, և հետզհետե հոգին թեթևանում էր: Ճիշտ է, աչքերը դարձյալ էին խոնավանում, բայց արդեն՝ ոչ դառնությունից: Նա այլևս մոռացել էր բոլորին, նրանց, ովքեր հյուր էին հայրական տանը և պիտի գնային, ու մնացել էր թոռը: Թվում էր, ձմեռ չէ, ու ծեր ականջը անտառի ձայնն էր լսում և առվի կարկաչը: Պապն էր թոռան մեջ մանուկ կտրել, ու շան ականջատակը քորող մանուկն այդ Արմենակն էր, որ մանկության սարերն ընկած՝ սրինգ էր ածում, ու նրա մեղեդուն ձայնակից էին թռչունները: Հետո պատկերները փոխվում էին, և նա այս անգամ պայծառ լույսերով ողողուն իր տունն էր տեսնում ու իրեն՝ թոռանը հեքիաթ պատմելիս: Գունագեղ հեքիաթն այդ իր մասին էր, իր ջահել օրերի, կանաչկեկ անտառների… Այն շքեղ վերջ ուներ և ավարտվում էր երկնքից թափվող խնձորներով:

Եվ թոռն էր պապին բաժին հանողը:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728