Լրահոս
Օրվա լրահոսը

Հե՜յ ջան ղափամա

Փետրվար 12,2017 12:30

Առաջարկում եմ պատրաստել հայկական խոհանոցի զարդերից մեկը` ղափաման:

Անհրաժեշտ մթերքները

Դդում- 1 մեծը կամ մի քանի փոքրը
Բրինձ- 1 բաժակ
Չրեղեն- 1 բաժակ
Ընկուզեղեն- 1 բաժակ
Խնձոր-1 հատ
Մեղր- ըստ ճաշակի
Կարագ- ըստ ճաշակի
Համեմունքներ (աղ, դարչին, մեխակ)- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բրինձը լվացեք, առատ ջրով դրեք եփելու: Չմոռանաք աղ անել ջրին: Կիսաեփ վիճակում անջատեք, քամեք:

Դդումները կտրեք գլխի մասից, «կափարիչը» հանեք: Եթե դդումը տանձաձեւ է, օգտագործեք միայն ներքեւի կլոր հատվածը: Մաքրեք դդումը սերմերից եւ միջուկի թելերից: Լավ լվացեք:

Առանձին թասի մեջ իրար խառնեք կիսաեփ բրինձը, չրեղենը, կտրատած խնձորը, համեմունքները, ընկուզեղենը: Դդումի պատերը ներսի մասից կարագոտեք, մի փոքր էլ աղ ցանեք, այնուհետեւ Լցոնեք ստացված խառնուրդով, ավելացրեք նաեւ մեղրն ու կարագը: Փակեք «կափարիչներով»: Եթե տանձաձեւ դդումի տակի հատվածն եք օգտագործում, կափարիչի փոխարեն կարող եք երկտակ փայլաթիթեղով ծածկել դդումը: Եթե բրինձը ավելանա, կարող եք լցոնել նաեւ խնձոր եւ նարինջ: Շատ համեղ են ստացվում:
Ջեռոցի թավայի հատակին կես բաժակ ջուր լցրեք, մեջը դրեք ձեր ղափամաները եւ տեղավորեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Կախված դդումի չափից` պատրաստ կլինի 15-40 րոպեից: Պատրաստ լինելը կզգաք դդումի արտաքին տեսքից, պետք է մի քիչ կարմրած եւ թորշոմած լինի:

Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

11.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728