Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Գաղափարազուրկ ընտրություններ

Փետրվար 12,2017 12:00

Թվում էր թե՝Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի սպասվելիք ընտրությունները կլինեն շատ նման նախորդներին: Հիմա էլ ենք կարծում, որ նմանություններ շատ կլինեն՝ հատկապես ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի մասերով: Այսուհանդերձ, արդեն իսկ ակնհայտ է, որ էական տարբերություններ էլ են լինելու:

Հիմա ընդհանուր գծերով եմ փորձում նկարագրել նախընտրական իրավիճակը, որովհետև իրադրությունն այնքանն արագ ու անսպասելի է փոխվում, որ քիչ առաջ արած ենթադրությունդ նույնիսկ քեզ է ծիծաղելի թվում:  Իսկ այն, ինչ ընդամենը մի քանի օր առաջ անհավատալի էր թվում, դառնում է ռեալ իրականություն:

Երբ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ կուսակցություն է ստեղծում և մտադիր է մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, շատ զարմացանք: Բայց ավելի զարմացանք, երբ տեղեկացրեց, որ ինքն ու իր կուսակցությունն ընդդիմադիր են լինելու: Իսկ երբ պաշտոնանկությունից հետո Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, շատ ավելի զարմացանք, մանավանդ որ՝ Սեյրան Օհանյանն էլ էր հայտարարում, որ ընդդիմադիր դաշտում է գործելու:

Երկու դեպքում էլ այնքան զարմացանք, որ սկզբում չէինք հավատում թե՝ նման բաներ կարող են լինել: Երկու դեպքում էլ զարմացանք, որովհետև զարմանալու հատկությունը դեռևս չէինք կորցրել: Հետո, երբ Դալլաքյանի ու Օհանյանի սկզբնավորած դաշինքին միացան Օսկանյանը, Արամ Գ. Սարգսյանն ու Հայրիկյանը, արդեն չէինք զարմանում. ի տարբերություն  նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի: Հետո, երբ արդեն Տիգրան Կարապետիչը  համալրեց տվյալ դաշինքը, արդեն, ըստ ամենայնի, նաև նախկին օմբուդսմենի համար է ր սովորական: Հիմա արդեն ով էլ ում հետ նախընտրական դաշինք կազմի, որևէ մեկիս չի զարմացնելու: Հիմա արդեն կարող ենք զարմանալ ճիշտ հակառակ պարագայում. շատ կզարմանանք, եթե մի քանիսը նախընտրական դաշինք կազմեն՝ քաղաքական գաղափարներից մղվելով: Հուսով ենք, որ դեռ կգտնվեն մեզ այդպիսի հաճելի զարմանք պատճառողներ:

Նախկինում էլ են, իհարկե, Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները բավականին ապագաղափարական ու անձնավորված եղել՝ հատկապես օլիգարխների ու մեծահարուստների մասնակցության մասով, բայց նախկինում, ի հակակշիռ ապագաղափարականների, նախընտրական դաշտը լեցուն էր նաև գաղափարական թեկնածուներով, որոնց գերակշիռ մասը եվրոպական արժեքներին էր դավանում:

Հիմա մեր արևմտամետները չկան, չեն երևում: Առայժմ չեն երևում: Դեռ ժամանակ կա, հուսանք՝ կհայտնվեն: Չենք ուզում մտածել, որ դրսերից նախընտրական դրամաշնորհներն են շոշափելիորեն պակասել, և դա է նրանց չերևալու պատճառը:

Ռուսամետներն էլ առանձնապես չեն երևում, բայց ռուսամետներն առաջ էլ իրենց ռուսամետությունն առանձնապես ի ցույց չէին դնում և իրենց ռուսամետության մասին չէին աղաղակում, բացառությամբ, թերևս, Արտաշես Գողամյանի: Նրանք ավելի շատ իշխանության բարեմասնությունների մասին էին խոսում, քան՝ Ռուսաստանի:

Այսուհանդերձ, մեր արևմտամետների նախընտրական հարաբերական լռությունն այլ պատճառներ էլ ունի: Դրանցից մեկն էլ թերևս այն է, որ մեր ԱԺ ընտրությունները ժամանակային առումով անմիջապես հաջորդում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությանը: Մեր արևմտամետներից ոմանք միգուցե լռում են, որովհետև եթե խոսեն, կարող է պարզվի՝ իրենք ավելի արևմտամետ են, քան Թրամփը:

Ինչևէ. ԱՄՆ-ում Թրամփը հաղթեց, իսկ Հայաստանում հաղթում է Մարքսիզմը, քանի որ այստեղ արդեն շատերն են հասկացել, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Այսինքն, կարևորը ոչ թե գաղափարներն են, այլ՝ պատգամավոր դառնալը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

11.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728