Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՊ խորհրդի անդամներն անկախ չե՞ն. ինչո՞ւ է դժգոհ փաստաբանների մի մասը

Փետրվար 11,2017 23:19

Այսօր կայացած ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել: Հիշեցնենք, որ փաստաբանների պալատի խորհուրդը ՓՊ գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է, որն ընտրվում է 4 տարի ժամկետով եւ բաղկացած է 12 անձից:

Aravot.am-ի հետ զրույցում առաջադրված թեկնածու, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց՝ այն ծրագրային դրույթները, որոնք կարեւորում է փաստաբանության զարգացման համար, փորձելու է կյանքի կոչել՝ անկախ նրանից՝ կընտրվի՞, թե ոչ: «Խնդիրներից՝ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների կիրառումը կառանձնացնեմ, որը կհանգեցնի մեկ անձի իշխանության վերացմանը: Առանց դրա զարգացում ակնկալելն անհնար է: Մյուս խնդիրն էլ թափանցիկության ապահովումն է: Այս հարցերի լուծումը կհանգեցնի նրան, որ ՓՊ-ն կգործի ավելի արդյունավետ»,-նկատեց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբան Տիգրան Սարգսյանն էլ թեեւ իր թեկնածությունը չի առաջադրել, բայց մեզ հետ զրույցում առանձնացրեց հետեւյալ խնդիրը. «Փաստաբանների մոտ անվստահություն կա ՓՊ բյուջեի տնօրինման, վերահսկման հետ կապված: Խորհրդի որոշ անդամներ ասում են՝ պահանջում են որոշ փաստաթղթեր, որոնք չեն տրամադրվում, եւ դատական կարգով են փորձում դրանք ստանալ: Նման կոնֆլիկտային վիճակ է…Իմ գնահատմամբ՝ դա առաջանում է նրանից, որ խորհրդի անդամները ՓՊ-ում վարչական՝ վճարովի աշխատանքով են զբաղված: Խորհրդի անդամն ընտրվում է, որպեսզի վերահսկի պալատի գործունեությունը: Պատկերացրեք՝ եթե խորհրդի անդամն աշխատում է ՓՊ նախագահի օգնական, տեղակալ, խորհրդական, փաստաբանական դպրոցի տնօրեն, ի՞նչպես կարող է իր վերադասին վերահսկել»:

Տիգրան Սարգսյանը նշեց՝ «Փաստաբանության մասին օրենքը» չի արգելում, որ ՓՊ խորհրդի անդամը վարչական աշխատանք կատարի պալատում: «Արդյունքում նրանք դառնում են կախյալ եւ, ենթադրաբար, իրենց աշխատանքը լավ չեն կատարում: Այս առնչությամբ փաստաբանների մի մասը դժգոհում է»,-հավելեց  Տիգրան Սարգսյանը:

Նա հույս ունի, որ ՓՊ խորհրդի անդամներ ընտրվեն նրանք, ովքեր ՓՊ-ում վարչական աշխատանք չեն կատարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728