Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան, «Շմայս», Սեյրան Սարոյան, «ՍԱՍ-ի Արտակ»…ՀՀԿ ցուցակը՝ մանրամասն

Փետրվար 11,2017 21:30

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ տարածքային 13 ցուցակներն այսօր հաստատվել են կուսակցության ԳՄ նիստում: Ցուցակներում ընդգրկված են ԱԺ ներկա եւ նախկին պատգամավորներ, մտավորականներ, բժիշկներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, կանայք, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Մասնավորապես, թիվ 1 ընտրատարածքում, որում ներառված են Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ՀՀԿ ցուցակով կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Միհրան Պողոսյանը: Այս տարածքային ցուցակում կան նաեւ մանկավարժների, բժիշկների, այլ գործարարների անուններ:

Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվել են պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ-ի Արտակ»-ը, Արման Սահակյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար, գործարար Ալբերտ Երիցյանը,  Առողջապահության նախկին փոխնախարար Արման Բաբլոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքում առաջադրվել են պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Արայիկ Հովհաննիսյանը, նաեւ՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Կենտրոն վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի ՀՀԿ-ական ցուցակում են Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, նախկին ԲՀԿ-ական Հարություն Կարապողոսյանը:

Շիրակի մարզում ՀՀԿ-ն առաջադրելու է պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի թեկնածությունը:

Տավուշում կառաջադրվեն պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Աղայանը, ԵԿՄ-ական, ԳԽ նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը:

Գեղարքունիքի տարածքային ցուցակում են մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը:

Կոտայքում կառաջադրվեն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:

Արագածոտնի մարզի ՀՀԿ ցուցակում ընդգրկված են պատգամավորներ Արագած Ախոյանը, Մնացական Մնացականյանը, Բազմասեր Առաքելյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը:

Արմավիրում կառաջադրվեն պատգամավորներ Սեյրան Սարոյանը եւ Առաքել Մովսիսյանը՝ «Շմայս»:

Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում կառաջադրվեն պատգամավոր Աշոտ Արսենյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Ավետ Սարգսյանը, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Լոռիում կառաջադրվեն պատգամավորներ Արկադի Համբարձումյանը եւ Վահրամ Բաղդասարյանը, ԵԿՄ-ական Գրիշա Դավթյանը, «Վալես գրուպի» Ալավերդու պղնձաձուլական կոմբիտանի գործարանի տնօրեն Լուսինե Մեժլումյանը:

Արարատում էլ ՀՀԿ-ն առաջադրել է պատգամավոր Արայիկ Գրիգորյանի, Ոստիկանության նախկին պետ եւ մարզպետ Ալիկ Սարգսյանի, նաեւ պատգամավոր Մուրադ Մուրադյանի թեկնածությունը:

Նկատենք, որ նշյալ տարածքային ցուցակներում չկա գեներալ Մանվել Գրիգորյանի անունը: Հավելենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի կազմը պարզ կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ՀՀԿ տարածքային ցուցակում ինձ մրցակից չտեսա:

  2. Նարեկ says:

    Առավոտ ձեր նշած նախկին ԲՀԿ-ականը Հարություն Կարապողոսյան չի, Հարություն Ղարագյոզյան է ու նաեւ նախկին կոմունիստ է, նախկին ՀՀՇ-ական, նախկին հանրապետական:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728