Միջպետական հարաբերությունների զարգացման միտումները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություները գրեթե միշտ դրսևորվում են պետությունների շահերի և, հատկապես դրանց բախման տիրույթում: Արդի միջազգային հարաբերությունները պետական շահերի գիտակցմամբ միջազգային քաղաքական գործընթացներում փոխադարձ վերահսկողությամբ հարաբերությունների իրականացումն է: Ավելին, եթե միջազգային հարաբերությունները դիտում ենք քաղաքական ռեալիզմի տեսանկյունից ասվածը, էլ ավելի հիմնավոր է դառնում հատկապես միջազգային համակարգին բնորոշ տարերայնության համատեքստում:
Այս օրերին առավել քննարկվող հարցերից է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձման հարցը, որն ի սկզբանե չլինելով միակողմանի քաղաքական գործընթաց՝ իր մեջ է ներառում նաև այլ պետությունների հետ կապված շահերը և դրանց բախումները։ Լապշինի արտահանձման գործընթացը կարծես մի թնջուկ է, որը անխուսափելիորեն էական ազդեցություն է ունենում միջպետական հարաբերությունների գնահատման ու վերլուծության հարցում: Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վերլուծական մոտեցումները, որոնք անմիջականորեն կապված են և իրենց ազդեցությունն են թողնում տվյալ քաղաքական գործընթացների վրա։
-Առավել կարևոր է անդրադառնալ Լապշինի ձերբակալությանը, քանի որ ի սկզբանե գոնե մասնագիտական կոմպետենտ շրջանակների համար պարզ էր, որ ձերբակալումը արդեն իսկ բերելու էր արտահանձման փուլին: Այստեղ հարց է առաջանում, արդյոք արտաքին քաղաքականությամբ զբաղվող ՀՀ, ՌԴ, Ուկրաինայի, Իսրայելի համապատասխան կառույցները ձերբակալման հետևանքները չէի՞ն կանխատեսում և վերլուծում: Այս առմամբ ավելի ճիշտ կլինի նշել, որ Լապշինի ձերբակալությունը և դրան տրամաբանորեն հաջորդած արտահանձնումը պետությունների կենսական շահերի գերակայությամբ պայմանավորված համատեղ անգործության արդյունք է։
-Բելառուսի և Հայաստանի միջև միջպետական երկկողմ մակարդակում հստակ արտահայտված և իրականացվելիք հակադիր թշնամական քաղաքականություն չկա: Ավելի շուտ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից դաշնակիցների գնման ավանդական քաղաքականության հետ։ Ավելին, Բելառուսի միջոցով Ադրբեջանը կրակից շագանակ է հանում և միաժամանակ փչացնում է հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, պրոադրբեջանական հարցերում Բելառուսը մեր միակ հակադիր պետությունը չէ և չպետք է մոռանալ նաև Ղազախստանին, Պակիստանին, Թուրքիային և այլն։
Կարդացեք նաև
-Այն մոտեցումները, որ Հայաստանը պետք է անհապաղ խզի դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ և տարբեր հարթակներից թշնամական դիրքորոշմամբ հանդես գա առնվազն չգիտակցված և առհասարակ ոչ դիվանագիտական իրավիճակային լուծումներ են: Ընդսմին, դիվանագիտական հարաբերությունների խզում և կասեցում հասկացությունների միջև բովանդակային տարբերություններ կան և էմոցիոնալ բավարարվածությունից ելնելով դիվանագիտական հարաբերություններ խզելը առնվազն դատապարտված է միակողմանի անարդյունավետ քաղաքականության:
-Դիվանագիտական պրակտիկայում հարաբերությունների խզման տարբեր օրինակներ կան: Սակայն, եթե խոսում ենք խզման ունեցած ազդեցության և արդյունքների մասին, ապա դիվանագիտական հարաբերությունները խզելուց առաջ պետք է նախապես ունենալ դրան հաջորդող քաղաքական գործունեության հստակ պլանավորում և քայլերի հաջորդականություն, այլապես խզումը կմնա զուտ խզում և էլ ավելի կվատացնի հարաբերությունները։ Առավել վառ օրինակ է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու գործը, երբ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, բայց քաղաքական պաշտոնական մակարդակով դա չունեցավ գործընթացի տրամաբանական շարունակություն: Այլ բան է, որ ԶԼՄ-ները առկա խնդիրը որոշ ժամանակ պահում էին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և դատապարտում էին նման պահվածքի դրսևորումները:
-Բելառուսի և այլ պետությունների պրոադրբեջանական քաղաքականությանը դիվանագիտորեն պատասխանելու և միջպետական հարաբերութունները մեր կողմից չփչացնելու բազմաթիվ գործուն տարբերակներ կան։ Մասնավորապես, նպատակահարմար կլինի տարբեր հարթակներում բարձրացնել Բելառուսում ժողովրդավարության զարգացման խնդիրները, Բելառուսական ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումներ կազմակերպել և այլն:
-Այսօր Ադրբեջանի համար այս հարցում դաշնակից կողմը Բելառուսն է, սակայն վաղը կարող է լինել Ղազախստանը, Ուկրաինան, Իսրայելը և որքան էլ որ տարօրինակ է նաև մեր ռազմավարական դաշնակից ՌԴ: Մեր խնդիրը էլ ավելի հստակ պետք ձևակերպված լինի՝ փորձել երրորդ կողմի միջոցով նպաստել մեր երկրի առջև ծագած խնդիրների լուծման գործընթացին: Անշուշտ, Ադրբեջանի համար Լապշինի արտահանձնումը դա խնդրի մի մասն է, դրանից բացի նրանք նպատակաուղղված են նաև վատթարացնելու հայ-բելառուսական հարաբերությունները:
-Չպետք է մոռանալ, որ Ալեքսանդր Լապշինը մի քանի պետությունների /ՌԴ, Իսրայել, Ուկրաինա և այլն/ քաղաքացիություն ունի և նրա արտահանձնումը առաջին հերթին հենց այդ երկրների թողտվության և անգործության արդյունքն է: Անխոս, այստեղ ահռելի աշխատանք ունեն անելու նաև մեր լոբբիստական, ճնշման խմբերը, որոնք ՀՀ ԱԳՆ անմիջական ուղղորդմամբ պետք է անեն այն, ինչը նպատակահարմար չէր լինի, որ ՀՀ-ն պաշտոնական մակարդակով իրականացներ: Ավելին, մենք պետք է դրդենք Լապշինի քաղաքացիության երկրներին ամեն կերպ հանդես գալու արտահանձնումը դատապարտող կոշտ դիրքորոշումներով։
-Այն մոտեցումը, որ Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին Արցախ չայցելելու նախադեպ է ձևավորում, բավականին միակողմանի մոտեցում է։ Այստեղ առավել կարևոր հարցերից է նաև քաղաքացիության իրավունքների ոտնահարման նախադեպի ստեղծումը ՌԴ, Ուկրաինաի, Իսրայելի և այլ պետությունների համար։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անկախ միջազգային հանրության անօգուտ նախազգուշացումներին, ոչ գործնական քայլերին՝ նա ի վերջո Լապշինի արտահանձնմամբ մեկնարկում է իր բազմիցս հայտարարված «սև ցուցակի» իրականացումը։ Ավելին, «սև ցուցակի» մեկնարկը շարունակության հստակ միտումներ ունի և դրա հետևանքները էլ ավելի կործանարար են լինելու հատկապես չեզոք դիրք դրսևորող երկրների համար։
-ՀՀ ԱԳՆ-ում բացակայում կամ այլ անվանումով խիստ անարդյունավետ է աշխատում հաշվետվությունների վերլուծման բաժինը (General Inspection Unit), որը կոչված է ապահովելու դեսպանատների, ներկայացուցչությունների և ընդհանուր ԱԳՆ-ի աշխատանքների արդյունավետությունը և թափանցիկությունը:
-Լապշինի խնդրի շուրջ բացակայում էր ՀՀ ԱԳՆ անմիջական ուղղորդմամբ խորհրդարանական և հանրային դիվանագիտության իրականացումը, որպես արտաքին քաղաքական դիրքորոշմանը նպաստող գործընթացներ։
-Իրենց մեղավորությունն ունեն նաև Բելառուսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը և նրա ղեկավարը, ոչ թե խնդրին արդյունավետ լուծումներ չտալու, այլ իրավիճակի մասին ճիշտ ժամանակին տեղեկատվություն չունենալու, դրանք չվերլուծելու և ղեկավարությանը համապատասխան լուծումների վերաբերյալ ծրագրային առաջարկներով հանդես չգալու համար։
Վերջապես, հարկ է նշել, որ արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է արհեստավարժ դիվանագիտական, քաղաքագիտական և քաղաքական կադրերի առկայություն և նրանց կարողությունները ճիշտ տեղում և ժամանակին օգտագործելու կարողություն։ Միաժամանակ, նրանք պետք է միշտ համապատասխան կառույցների միջոցով ուշադրության կենտրոնում պահեն հարափոփոխ արտաքին քաղաքական գործընթացները և կարողանան կայացնել արդյունավետ արտաքին քաղաքական որոշումներ։
Հեղինակներ՝
Նարեկ Հ. Գրիգորյան
Սուրեն Լ. Մովսիսյան
10.02.2017թ.
Վերջին օրերի հայկական քաղաքական,հասարակական,կուսակցական գործիչների մեծ մասի հայտարարությունները,կոչերը հիմնականում զգացմունքային էին,դիվանագիտական նորմերից դուրս՝նախընտրական քարոզարշավի հովերի ներքո՝դիվանագիտական կորպուսին ,,խայթելու,,նպատակ էին հետապնդում:Միակ կշռադատված մեկնաբանություն ,,Երկիր Մեդիա,,-ով ներկայացրեց քաղաքագեը Մինասյանը:Իսկ ամենաարդյունավետը Արկադի Տեր-Թադևոսյանի պատասխանն էր Բելոռուսի ԴՈՍԱՖ-ի նախագահին՝տոնակատարության ներկայանալուց հրաժարվելը կապելով Արցախում լինելու հետ:Այսպիսի հայտարարությունները պետք է թարգմանել տարբեր լեզուներով,հրապարակել ամենատարածված լրատվամիջոցներով,այսպես պետք է պատասխանեն ՀՀ-ի բոլոր պաշտոնյաները,նույնիսկ վարչապետն ու նախագահը,հասարակական կազմակերպությունները,գործարարները….:Թե չէ….