ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Ալամյանների մահվան հանգամանքները։
Փետրվարի 9-ին «Ծաղկահովիտ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել նույն գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Դերենիկ Մեսրոպի Ալամյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ Դ.Ալամյանն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից շինության առաստաղի մետաղյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով: Նրա դին հայտնաբերել է մորեղբայրը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 07-ի սահմաններում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Քննության ընթացքում պարզվել է, որ դեպքից մեկ օր առաջ՝ փետրվարի 8-ին, մահացած է հայտնաբերվել նաև երիտասարդի հայրը՝ 1957 թվականին ծնված Մեսրոպ Ալամյանը։ Կանչով Հնաբերդ մեկնած «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության խումբը հայտնաբերել է Մեսրոպ Ալամյանին՝ մահացած:
Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից դեպքի վայրի զննության ժամանակ որդին՝ Դերենիկ Ալամյանը, հայտարարել է, որ հայրը հանկարծամահ է եղել իր ներկայությամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում՝ տան մուտքի դռան դիմաց: Մինչդեռ փետրվարի 9-ին ստացված մահվան վկայականի համաձայն՝ «մահվան հիմնական պատճառ է հանդիսացել պարանոցի օրգանների սեղմումը օղով՝ սեփական մարմնի ծանրության ազդեցության ներքո, իսկ անմիջականորեն մահվանը հանգեցրել է ստրանգուլյացիոն մեխանիկական շնջահեղձությունը»:
Արագածոտնի մարզի դատախազությունը ոստիկանությունից ստացած նյութերի հիման վրա հարուցել է քրեական գործ՝ Մեսրոպ Ալամյանի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական գործն ուղարկել Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Երկու քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հայր և որդի Ալամյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին