Փետրվարի 11-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բարձրաստիճան զինվորականներ և շարքային զինվորներ` իրենց մայրերի հետ:
Միջոցառումը Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին. «Հայաստանի հանրապետության մեծարգո՛ նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հարգարժա՛ն նախարարներ, սիրելի՛ ներկաներ,
Վեհափառ հայրապետի անունից ջերմորեն ողջունում ենք ձեր մասնակցությունը տոնական Սուրբ Պատարագին և այս միջոցառմանը:
Հայրենիքի անկախությունը հայերիս համար մեծագույն պարգև է, սակայն առավել քան պատվաբեր է Հայրենիքը պահպանելու, զորացնելու կամքը, նվիրումն ու զոհողությունը: Այսօր մեզ հետ են Հայրենիքի անկախության արժանապատվությունը սահմանում պահող հայոց բանակի քաջարի զինվորներից քսանը՝ գնահատվելու և խրախուսվելու համար:
Կարդացեք նաև
Հայերիս միասնությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը: Եթե այն ներքնապես առողջ է, արտաքին մարտահրավերները հաղթահարելի են, իսկ եթե տկար է, փոքրիկ հովից անգամ կարող է ազդվել և խոցվել: Մեր նահատակված զինվորների հիշատակն ազգ և բանակ միասնության շաղախն է, ներդաշնակ գործակցության խթանը և ուժը: Երկնաբնակ մեր զինվոր նահատակների հորդորը զգոնության կոչ է ամենքիս: Այն նման է մի անլռելի զանգակատան, որ հնչում է ամենուրեք: Այն մեր սրտերում է, հոգիներում և էության մեջ. «Չլինի թե մեր մահով շահածը ձեր կյանքով կորցնեք»:
«Նահատակք պանծալիք» և «մարտիրոսք ցանկալիք», ձեր անլռելի կոչնակը դարձել է մեզ համար ինքնամաքրման և համախմբման միջոց: Ազգ և բանակ, մեկ մարմին, մեկ հոգի, մեկություն, մեկ անքակտելի միություն. այս է ներկայիս հրամայականը: Այս է նաև մեր հերոս զավակների թողած սուրբ կտակը: Եկեք նույնանանք, ամբողջանանք: Այդ պարագայում ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող զորեղ ոգին:
Քիչ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մեր զորականները խոնարհաբար հաղորդակցվեցին Սուրբ Զորավարի մասունքին, նորոգեցին իրենց ուխտը՝ ծառայել Աստծուն, պետությանը և ազգին: Ուխտեցին քաջ մնալ ու արիաբար հասնել հաղթության:
Դուք նվիրյալ զորականներ եք՝ ականատեսն ու մասնակիցն ապրիլյան քառօրյա պատերազմի: Դուք կանգնել եք մահվան դեմ հանդիման, կորցրել եք զինակից ընկերների, սակայն չեք ընկրկել: Ամենևին չեք երկնչել, այլ՝ հակառակը, ավելի վճռական եք դարձել՝ ինքնաընծայաբերվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Այս պատեհ առիթով, սիրելի՛ զորականներ, ուզում եմ մեր խոնարհումն ու երախտիքը հայտնել ձեր ծնողաց, որ քաջարի զավակներ են ծնել, կրթել և ընծայաբերել ազգի պաշտպանությանը: Մենք հպարտանում ենք ձեզնով, ձեր վճռականությամբ, քաջասրտությամբ, աննկուն կամքով: Աստված օրհնի ձեր ծնողաց: Թող Սուրբ Սարգիս զորավարի բարեխոսությունը զորացնի հայոց բանակը և առաջնորդի հաղթանակներից հաղթանակ. «Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ և հավատարիմ յաղթող սպառազէն և քաջ նահատակ, երագահաս Սուրբ Սարգիս, շնորհաց օթևան, բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»:
Սիրո ուժն է անհաղթ: Ձեր ծառայությունը սիրո ծառայություն է, և սիրո արագահաս, ամենահաղթ ուժը թող լինի ձեզ պահապան և մարտակից: Ամեն»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորեց զինվորներին:
Պարգևատրվող զինվորներից սերժանտ Արտաշես Սահակյանը երախտիքի խոսք ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Նավասարդ Սրբազան հորը` իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար: Բոլոր զինվորների ծնողների անունից շնորհակալության խոսք ասաց Անահիտ Ակինյանը:
Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ այս տարի երկրորդ անգամ սահմանային գոտում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ժամկետային զինծառայողներից 20-ը Ս. Սարգսի տոնի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվեցին Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերով ու տոնի հուշանվերներով: Ի դեպ՝ խաչերը պատրաստվել են այս պարգևատրության առթիվ՝ միայն 20 օրինակով:
Ծրագիրը երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:
Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված էին զինվորներ ամբողջ Հայաստանից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին