Ռուսական ու հայկական տեղակատվական աղբյուրներից պարզվում է, որ «Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածք» մուտք գործելու համար ադրբեջանական` այսպես կոչված «Սեւ ցուցակը» խիստ բազմանդամ է- շուրջ 620 հոգի, որոնցից 180-ը` լրագրողներ: Մնացածը` պետական ու քաղաքական գործիչներ, նախկին դեսպաններ ու բանագնացներ, արվեստի հանրահայտ գործիչներ, փորձագետներ, նույնիսկ տիեզերագնացներ են աշխարհի 42 երկրներից:
«Սեւ ցուցակայինների» շարքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը (91 հոգի), երկրորդը` Մ. Նահանգները (36), երրորդը` Իտալիան (24), Գերմանիան եւ Ֆրանսիան յուրաքանչյուրը 22 անձով կիսում են 4-5-րդ տեղերը: Դրանց շարքում առաջինը պետք է հիշատակել աստվածային երգչուհու` Մոնսերատ Կաբալիեի անունը, ապա երգչուհի Լյուբով Կազարնովսկայային, ռոք երաժիշտ Գլեն Հյուզին, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին, տիեզերագնացներ Չարլզ Դյուքին եւ Կլոդ Նիկոլիեին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշըբլանին եւ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի մյուս անդամներին, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին, Կովկասում Եվրոմիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբիին, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովին, հայտնի արեւելագետ Եվգենի Սատանովսկուն եւ շատ ուրիշների:
Ես չգիտեմ, սեւացուցակագրման հերթական դեպքից հետո մեր փոխնախարարներից Շավարշ Քոչարյանի «ներքին սպառման» համար արած հայտարարությունից բացի մեր ԱԳՆ-ն ի՞նչ է անում այս կապակցությամբ: Թվում է`մեր արտաքին գերատեսչությունը վերածվել է ներքին հեռախոսացանցի կամ խորհրդապահական նամակագրության օֆիսի: Այնինչ հենց այսօր պետք է կազմել 600 հոգանոց մեր «Սպիտակ ցուցակը», յուրօրինակ մի «Շինդլերի ցուցակ», լուսանկարով ու հակիրճ կենսագրականով տպել բազմալեզու գիրք-ալբոմ ու գտնել ձեւերը դրանք ներկայացնելու լրագրողական ու քաղաքական միջազգային հանրությանը: Միաժամանակ, այդ «Սպիտակ ցուցակը» կլինի քաջալերանքի ու երախտագիտության յուրօրինակ մի արտահայտություն, ուղղված բոլոր այն մարդկանց, ովքեր առանց մեր հորդորի ու կոչերի այսուհետեւ եւս կայցելեն Արցախ` իրենց մարդկային ու մասնագիտական կոչման թելադրանքով:
Հակոբ Ավետիքյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում