Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես ևս Ադրբեջանի «սև ցուցակում» եմ». Կոնստանտին Զատուլին. «168 ժամ»

Փետրվար 11,2017 12:22

Ներկայացնում ենք հատված ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինի հետ հարցազրույցից.

Պարոն Զատուլին, ի՞նչ հետևանքներ նկատի ունեք։ Լապշինի արտահանձնումից հետո բուռն քննարկումներ են ծավալվում ՀՀ ԱԺ-ում, որտեղ պատգամավորները պահանջում են բողոքի նոտա հղել Բելառուսին, ետ կանչել դեսպանին, բարձրացնել Բելառուսի ՀԱՊԿ անդամակցության դադարեցման հարցը, և այլն, և այլն։ Չէ՞ որ նման որոշումները հեղինակազրկում են այն կառույցներում առկա արժեքային համակարգը, որի մասն են Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսը։

– Ինչպես ասացի, կլինեն հետևանքներ, այս պահին դժվար է ասել՝ ինչպիսի որոշումներ կկայացվեն։ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է զբաղվել այս հարցով, իր պատասխանատվությունը չթերագնահատելով՝ մեր արտաքին գերատեսչությունը պայքարում է ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով հայտնվում է նման իրավիճակում՝ լինի դա ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ադրբեջանում։ Նրա երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքացիության գործոնը մեզ համար կարևոր չէ, մեզ համար կարևոր է այն փաստը, որ Լապշինը ՌԴ քաղաքացի է։ Ավելին, աղմկահարույց է, հրահրող, որ մեր կարծիքը բացարձակապես արհամարհվել է եղբայրական երկրի կողմից, որը գտնվում է ոչ թե պարզապես ինչ-որ ձևաչափերում մեզ հետ, այլ գործընկերային կազմակերպությունում և գործընկերային հարաբերությունների մեջ։

Սակայն, ինչպես երևի թե գիտեք, այդ եղբայրական պետությունը վերջին շրջանում, վերջին տարիների ընթացքում երբեք չի աջակցում Ռուսաստանին կոնֆլիկտային իրավիճակներում՝ երբ հարցը վերաբերում է Հարավային Օսիային և Աբխազիային, Ուկրաինային, երբ գործը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Ռուս-թուրքական լարվածության ժամանակ Լուկաշենկոն նույնիսկ սլացավ Թուրքիա և հանդես եկավ այնտեղ Իսլամական պետությունների կազմակերպության գագաթաժողովին, ինչը բավականին տարօրինակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսն Իսլամական պետությունների հետ որևէ առնչություն չունի։ Ահա այսպիսի գործընկեր մենք ունենք, ի՞նչ կարող եմ ասել։

– Ասացիք, որ բացասական պրակտիկա է ձևավորվում հակամարտ գոտիների համար։ Այսինքն, ըստ Ձեզ՝ սա իսկապե՞ս կարող է նախադեպ դառնալ, և այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում, կարող են երրորդ երկրներից արտահանձնվել Բաքու, այդ թվում՝ Դուք, քանի որ Դուք ևս ընդգրկվել եք այդ ցուցակում Արցախ այցելությունների համար։

– Այո, ես ևս այդ ցուցակում եմ։ Ես, իհարկե, ևս կարող եմ ինձ այդ հարցն ուղղել, թեև, ի տարբերություն Լապշինի, ես չունեմ երկքաղաքացիություն, ես ունեմ դիվանագիտական անձնագիր։ Բայց ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բարեկամության սահմանը։ Եթե այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, քաղաքացիությունը չի հանդիսանում արգելակող գործոն նրանց համար, ապա, ինչպես ասում են, «чем черт не шутит»:

Արաքս Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728