Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Բելառուսի «ապահարզանը». Neue Zuercher Zeitung

Փետրվար 11,2017 12:14

Համաշխարհային ոչ մի այլ մայրաքաղաքի հետ Մոսկվան չի պահպանում այնպիսի սերտ կապեր, ինչպես որ Մինսկի: Բայց ոչ մի այլ դաշնակից պետության հետ էլ Կրեմլը չի վիճում այնպիսի շարունակական հաճախականությամբ, ինչպես որ Բելառուսի: Բայց այժմ այդ հերթագայությունը հետխորհրդային միասնության և «ապահարզանների » ցուցադրումից ձեռք է բերել նոր որակ, շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում գրում է Բենյամին Տրիբեն:

Բանն այն է, որ Ռուսաստանը 1995թ. հետո առաջին անգամ սկսել է վերահսկել Բելառուսի հետ սահմանը, որտեղ նախկինում մարդկանց և ապրանքների տեղաշարժը խոչընդոտող ոչ մի վերահսկողության չի եղել: Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսպես կոչված վերահսկիչ կետերով սահմանային գոտիների ստեղծումը համընկավ բելառուսական կողմում ազատականացման հետ. Մինսկը թույլատրեց 80 երկրների քաղաքացիների 5 օրով առանց վիզայի մուտք գործել իր տարածք այն դեպքում, եթե նրանք թռչում են մայրաքաղաքի օդանավակայան: Պաշտոնական տվյալներով՝ հենց դա էլ ստիպել է Մոսկվային սկսել վերահսկել սահմանը. Ռուսաստանը մտավախություն ունի, որ իր տարածք կարող են ներթափանցել երրորդ երկրի քաղաքացիները: Լուկաշենկոն անցած ուրբաթ տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսում նոր սահմանային ռեժիմն անվանեց «քաղաքական հարձակում», գրում է հոդվածագիրը:

Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունները խիստ վատթարացել է, և քաղաքացիների ազատ տեղաշարժը միակ վիճելի կետը չէ, շարունակում է հեղինակը: Որպես կանոն, վեճերը վերաբերում են տնտեսությանը. Բելառուսի ֆինանսական կայունության վրա առավելապես ազդում է ռուսական գազի ու նավթի մատակարարումների շուրջ մշտապես ծխացող կոնֆլիկտը: Անցյալ շաբաթ այն ավելի սրվեց. Լուկաշենկոն հայտարարեց, որ երկիրը առանց ռուսական նավթի ու գազի էլ կգոյատևի, եթե դրա գինը պետք է լինի անկախությունը:

Ինչ էլ որ լինի, բելառուսական տնտեսությունը և բյուջեն պարզապես անկենսունակ են առանց իր խոշորագույն առևտրային գործընկեր Ռուսաստանի, կարծում է հեղինակը: Բելառուսական արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը ռուսական նավթի և նավթամթերքի վերամշակումն է, որոնք այնուհետև արտահանվում են այլ երկրներ: Բելառուսին գոյատևել օգնում է նաև «շահավետ» գազը: Բայց երկիրը գտնվում է ռեցեսիայի մեջ. 2015թ. և 2016թ. Բելառուսի ՀՆԱ-ն նվազել է համապատասխանաբար 3.9%-ով և 3%-ով: 2016թ. սկզբից Մինսկը Մոսկվայից պահանջում էր ավելի իջեցնել գազի գինը, իսկ հետո սկսեց ավելի քիչ վճարել: Իր հերթին Ռուսաստանը հայտարարեց, որ Բելառուսը սկսել է ավելի քիչ նավթամթերք մատակարարել, քան խոստացել էր պայմանագրով, և կրճատեց հում նավթի մատակարարումը:

Դրանից հետո երկրները եռանդուն կերպով վիճում են՝ ով է ում շահագործում, շարունակում է Տրիբեն: Կրեմլի հաշվարկներով՝ 2011-2015թթ. ընթացքում Բելառուսը տարեկան ստացել է 20 մլն տոննա հում նավթ առանց մաքսի, ինչի հետևանքով Ռուսաստանի բյուջեն ունեցել է 22 մլրդ դոլարի թերավճար: Բացի այդ, Մինսկը Մոսկվայից ստացել է 6 մլրդ դոլարի վարկ: Լուկաշենկոն, իր հերթին, ոչ առանց հիմքի, նշում է, որ Եվրասիական տնտեսական միությունը առավել շահավետ է Ռուսաստանին, իսկ Բելառուսը 2015թ. ունեցել է 15 մլրդ դոլարի թերավճար:

Մյուս կողմից պետք չէ հավատալ, որ Լուկաշենկոն բացահայտ կոնֆլիկտ է փնտրում Ռուսաստանի հետ, կարծում է Տրիբեն: Նրա առջև կանգնած է այլ խնդիր. առավելագույն կերպով ցույց տալ ներքին լսարանին և Արևմուտքին իր ինքնուրույնությունը: Ավելին, Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց Մինսկին «Մոսկվայի հետ բարեկամության բոլոր բացասական կողմերը», և Լուկաշենկոն փորձում է Բելառուսը ներկայացնել որպես չեզոք երկիր: Սկզբում նա Մինսկը դարձրեց Ուկրաինայի հարցով դիվանագիտական բանակցությունների վայր, հետո նրան հաջողվեց հասնել այն բանին, որ իր երկրի վրայից հանվեն եվրոպական պատժամիջոցները: «Միաժամանակ Լուկաշենկոն հստակ գիտի՝ որքան հեռու կարող է գնալ, և նա երբեք ուղիղ հարձակումներ չի գործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, այլ մեղադրել է միայն այն ուժերին, որոնք շահագրգռված են Բելառուսում քաոսի և վեճերի առաջացմամբ»,- եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728