Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելն այս կամ այն չափով վարկաբեկիչ է բոլոր կուսակցությունների եւ անհատների համար: Պարզ է, թե ինչու: Ստիպված ես դրսեւորել «պրագմատիզմ», որպեսզի հաջողություն ունենաս: Բայց այս ընտրական փուլն առավել վարկաբեկիչ է հատկապես մանր կուսակցություների համար: Առանձին նրանք ոչ մի շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսանոց պատնեշը, հետեւաբար, անհրաժեշտություն է առաջանում «պապաներ» փնտրել: «Պապաներին» դա առանձնապես պետք չի` թերեւս «լայն դաշինքի» կամ «հասարակության աննախադեպ կոնսոլիդացիայի» տպավորություն ստեղծելու համար: Բայց, առանց նման ամպագոռգոռ բառակապակցությունների կարելի է ապրել, իսկ առանց պատգամավորական մանդատների, պարզվում է` ոչ: Հետեւաբար, դաշինքներն ավելի շատ պետք են մանր կուսակցություններին:
«Ծառուկյան» դաշինքը, որն առայժմ այդպես էլ չի ձեւավորվել, դասական օրինակ է: Պարզ է, որ այստեղ ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ, որին ընտրողների մի մասը համարում է հրաշագործ եւ փրկիչ: Այդ հավատը՝ գումարած փողը, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի համար, անկախ նրանից՝ այն կոչվի «Ծառուկյան» դաշինք, թե ԲՀԿ: Ստանալիք ձայների քանակի վրա չի ազգի այն հանգամանքը, թե արդյոք Ծառուկյանի կողքին կլինեն վերակազմված եւ չվերակազմված հնչակները, նորացված ՀՀՇ-ն եւ մի շարք այլ մանր կուսակցություններ: Ծառուկյանի համար այդ կուսակցությունները «շալակելը» պարզապես բալաստ է, ավելորդ ծախս, որը վճարվում է «լայն կոնսոլիդացիա» բառակապակցության համար: Համաձայնեք՝ այդ մանր կուսակցությունների կարգավիճակին չես նախանձի՝ հերթ կանգնել «կանյաչնու» ընդունարանում եւ սոված աչքերով նայել Ծառուկյանի քարտուղարուհուն՝ այն հույսով, որ «թագավորն» իրենց կընդունի եւ գուցե «կուսակցության ղեկավարի» կարգավիճակին համապատասխան տեղ առաջարկի «դաշինքային» ցուցակում:
Բայց եթե Ծառուկյանի համար միեւնույն է՝ ԲՀԿ կլինի, թե՞ դաշինք, քանի որ ձայն տալու են անձամբ իրեն, «Օհանյան-Օսկանյան» դաշինքի համար մանր կուսակցությունների բալաստ հավաքելը կարող է պարզապես վնասակար լինել: Նախ՝ այն պատճառով, որ «Համախմբումը» դեռեւս կայացած կուսակցություն չէ, ավելի շուտ՝ ակումբ է, որտեղ կան խելացի մարդիկ: Երկրորդ՝ այդ կուսակցությունը Ծառուկյանի միջոցները չունի: Ուզում եք օգտագործել Սեյրան Օհանյանի հանգամա՞նքը` նորմալ է (չնայած մարդիկ պետական չինովնիկից ընդդիմադիր դառնալու համար, կարծում եմ, պետք է որոշակի «կարանտին» անցնեն): Մնացածներին ո՞ւր եք քարշ տալիս: Դարձյալ «լայն կոնսոլիդացիայի» խաթե՞ր:
Պարզ չէ, թե ինչու է ՀԱԿ-ը, որտեղ նույնպես խելացի մարդկանց պակաս չկա, ստեղծում դաշինք: Եթե ցանկանում են Ստեփան Դեմիրճյանին եւ գուցե Գրիգոր Հարությունյանին ընդգրկել իրենց ցուցակի մեջ, ի՞ նչ խնդիր կա: Բայց դաշինքը ո՞րն է: Դա էլ, երեւի, «նեղ կոնսոլիդացիա» է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ