Aravot.am-ը Աժ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանին հարցրեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ-ի ընտրությունների նախաշեմին «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միավորված կուսակցությունների դուրս գալը։
Ի՞նչ տարաձայնություններ կան, մի՞թե պատճառը ցուցակի տեղերի շուրջ համաձայնության չգալն է։ Հիշեցնենք, որ նախորդ օրը ՀՎԿ-ից դուրս գալու հայտարարություն էր տարածել Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, իսկ մինչ այդ հայտարարություններով հանդես էին եկել «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանը, Աշոտ Պողոսյանի «Ազգային արժեքների պաշտպանություն», Ռուբեն Ավագյանի «Միավորված հայեր» կուսակցությունները։
Հովհաննես Մարգարյանն ասաց․«Նախ ասեմ, որ Արմենուհի Ղազարյանը որևէ կապ չունի «Հայկական վերածննդի» հետ, քանի որ օրենքով սահմանված կարգով իր ղեկավարած կուսակցությունը գտնվել է լուծարման գործընթացում, այդ իսկ պատճառով նա չէր կարող միանգամից երկու կուսակցության անդամ լինել։
Ինչ վերաբերում է ցուցակներին․ թեկնածուների ցուցակները քննարկվում և հաստատվում են կուսակցության համագումարի ընթացքում, իսկ մեր համագումարը դեռ տեղի չի ունեցել։ Այնպես որ, տեղին է հիշել ժողովրդական խոսքը՝ «արտը խախուտ, մահանա կարկուտ»։
Կարդացեք նաև
Սպասելի էր, որ օրեցօր հզորացող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շատերին է խուճապի մեջ գցելու, որոնք փորձում են էժանագին ու անբարո մեթոդներով սևացնել և մրոտել ժողովրդի կողմից մեծ հարգանք և վստահություն վայելող մեր քաղաքական թիմին: Տիկին Արմենուհուն և մյուսներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հեռու մնալ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից և վերջ դնել խամաճիկային այս ճղճիմ ներկայացմանը: Նման էժանագին ներկայացումները պատիվ չեն բերում հայ կնոջը, առավել ևս հայ մորը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ