Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայաստանյան տնտեսության, թերևս, ամենազարգացած, ամենահամախմբված ու առաջադեմ ճյուղերից է։ Եվ այդ ամենում իր նշանակալի դերն ունի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։
Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, գնահատելով ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, այն դիտարկում է երկու տեսանկյունից. «Այն, ինչ ունենք, Հայաստանի նման երկրի համար գերազանց է։ Շատ երկրներ երազում են նման ոլորտ ունենալ։ Ոլորտ, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր, ոլորտ, որը կարողանում է լինել ՀՀ դեմքը և դիրքավորել Հայաստանն աշխարհում։ Հայաստանի նման փոքր երկրներին շատ դժվար է դրսում ճանաչելի դառնալ։ Սակայն տեխնոլոգիական ուղղությունը հնարավորություն է տալիս առաջ կանգնել խոշոր երկրներից։ Ավելին, տնտեսության մեջ ՏՏ ոլորտը լոկոմոտիվի դեր է սկսում խաղալ, և կարևոր է ոչ միայն 15 հազար աշխատատեղը, այլև այն, որ կարողանում է իր հետևից տարբեր ոլորտներ առաջ տանել՝ կրթություն, առողջապահություն և այլն։ Մյուս կողմից էլ չեմ ցանկանա գերազանց գնահատել ոլորտի ներկա վիճակը և բավարարվել եղածով։ Շատ անելիքներ ունենք։ Այդ մասով նշաձողը պետք է բարձր դնենք»։
Բագրատ Ենգիբարյանը շեշտում է, որ տեխնոլոգիական ոլորտում պետք է կարողանանք աշխատուժը շատացնել և որակը բարձրացնել. «Այստեղ մենք երկու սկզբունքային հարց պետք է լուծենք։ Նախ պետք է ՏՏ ոլորտը դարձնենք հասանելի բոլոր բնակիչներին։ Մեծ մասը չգիտի ՏՏ ոլորտի արժեքը։ Երեխաներին ուղղորդելիս, կրթության տալիս այս հատվածը նրանց պատկերի մեջ չկա։ Նրանք հենվում են հին պատկերացումների վրա։ Պետք է զանգվածային PR արվի թե՛ կառավարության, թե՛ մասնավոր հատվածի կողմից։ Երկրորդ՝ պետք է կարողանանք այդ ուղղորդված մարդկանց որակյալ կրթություն տալ, որպեսզի նրանք ոչ միայն գիտելիք ստանան, այլև ունենանք խնդիրներ լուծող մարդիկ»։
Նշենք, որ այս տարի լրանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի 15-ամյակը։ Հիմնադրամի տնօրենն իրենց 15-ամյա գործունեությունը բաժանում է երեք հիմնական փուլի. «2002-ին, երբ ստեղծվեց հիմնադրամը, մեր հիմնական նպատակը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ուղղության ձևավորումն էր և մոդելների փորձարկումը։ Առաջին անգամ փորձարկվեց տեխնոլոգիական ինկուբատորը, որը սկսեց արդյունքներ տալ։ Մենք առաջինն էինք, որ փորձեցինք տարբեր գաղափարների մրցույթներ ու կրթական ծրագրեր իրականացնել։
Աշխատանքներ տարանք ՏՏ համայնքի ձևավորման ուղղությամբ։ Այն ժամանակ ընդամենը 30-35 կազմակերպություն կար ոլորտում։ Առաջին քայլերն արեցինք՝ բաժնեմասային ներդրմամբ կազմակերպություններ ստեղծելու ուղղությամբ։ Դրանցից շատերն, ի դեպ, այսօր շատ հաջողակ կազմակերպություններ են։ Առաջին փուլը կարելի է փորձարկման, ռազմավարության և համայնքի ձևավորման, ճանապարհի ընտրության տարիներ համարել»։
Կարդացեք նաև
Երկրորդ հիմնական փուլը մեկնարկեց 2007-ից հետո, երբ առաջ եկավ ճանապարհը հարթելու խնդիրը, ինչպես նաև ի հայտ եկան կոնկրետ հաջողված արդյունքները, ինչը վստահություն ներշնչեց բոլորի մոտ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին հաջողվեց կրթության բնագավառում՝ դպրոցական, բուհական և հետբուհական ոլորտներում, բազմաթիվ ծրագրեր իրականացնել։ Ի վերջո Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հասավ մի աստիճանի, որ ոլորտում մասնագետների ավելի քան 50 տոկոսը պատրաստվում և վերապատրաստվում էր հենց հիմնադրամի միջոցով։ Մշակվեցին մոդելներ, որոնք գործում էին պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով։ Բուհերում ստեղծվեցին առաջին լայնամասշտաբ ՏՏ լաբորատորիաները։ Աշխատանքներ տարվեցին նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման ուղղությամբ։
Մեր զրուցակիցը կարևորեց այն փաստը, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր գործունեությամբ դարձավ համաշխարհային մոդել։ Համաշխարհային բանկի և մյուս դոնորների աջակցությամբ ձևավորված մեր մոդելը այժմ արդեն ներդրվում է այլ երկրներում։ «Ամենակարևոր շրջափուլերից մեկը. ապահովվեց համաշխարհային խաղացողների մուտքը Հայաստան՝ ոչ թե վաճառքի, այլ բովանդակային տեսակետից։ Microsoft-ի, IBM-ի, Synopsys-ի, National Instruments-ի, Lycos-ի ներկայությունը Հայաստանում կարևոր է, քանի որ նրանք բերում են աշխատանքային մշակույթ, որոնց լուծումները, տեխնոլոգիաներն օգնում են արագ հասնել համաշխարհային զարգացումներին»,- ընդգծում է Բագրատ Ենգիբարյանը։
Եվ երրորդ փուլը, որ առանձնացրեց մեր զրուցակիցը, դա հայկական պրոդուկտների (լուծումների) ստեղծումն ու մարզերում աշխատանքներ տանելն էր. «Մի քանի տարի առաջ, երբ փորձում էինք ստեղծել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, ոչ ոք չէր հավատում այդ գաղափարին։ Այսօր մենք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ազատ տեղ չունենք, աշխատում են ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան կազմակերպություններ, մշակում են լուծումներ։ Աշխատում ենք մեծաթիվ դպրոցականների և ուսանողների հետ։ Եվ այն փայլը, որ տեսնում ենք երեխաների աչքերում այդ կենտրոններում, շատ կարևոր է։ Շատ մեծ աջակցություն ցուցաբերեցինք նորաստեղծ կազմակերպություններին՝ տարբեր դրամաշնորհների, Սիլիկոնյան հովտում նրանց առաջխաղացման միջոցով։ Նրանցից շատերը մեր օգնությամբ դարձան համաշխարհային խաղացողներ և ներգրավեցին վենչուրային ֆինանսավորում։
Կրթության և նորարարության ոլորտում մեծ նվաճումների շարքին կարելի է դասել հետևյալ ծրագրերի իրականացումը՝ Microsoft ինովացիոն կենտրոն, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, National Instruments-ի հետ համատեղ Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն, Nokia-ի հետ համատեղ Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիա։ Եվ այս նախաձեռնությունների շրջանակում շատ ակտիվորեն համագործակցում ենք ոչ միայն մասնավոր հատվածի և Կառավարության, այլև մեր առաջատար բուհերի հետ։ Ցանկն ամբողջական չէր լինի, եթե չնշենք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Կապանի մոբայլ լաբորատորիան»։
Բացի այս ամենը, պարոն Ենգիբարյանն ընդգծում է այն փաստը, որ Հայաստանն այսօր դարձել է գիտելիք, լուծումներ արտահանող երկիր։ Իսկ ապագան, որի վրա Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը շեշտադրելու է 15-ամյակից հետո, ավելի խորքային, մասնագիտացված ենթաոլորտների ձևավորմանն անցնելն է։ Այս համատեքստում առաջնային տեղ կհատկացվի ճարտարագիտությանը և կիբերանվտանգությանը։ «Ընթացքի մեջ է ճարտարագիտական քաղաքի ծրագիրը։ Ուշադրության կենտրոնում են լինելու դպրոցականների, ուսանողների հետ աշխատանքները։ Շարունակական են լինելու նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման ծրագրերը, Վերազգային կազմակերպությունների մուտքի ապահովումը Հայաստան»,- ամփոփում է Բագրատ Ենգիբարյանը։
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ»
11,02.2017