Ամիսը վերջ ունի, հաջորդ ամիսը` սկիզբ: Օրերը հեռանում են` իրենց հետ տանելով մեր կյանքը, եւ թվում է, թե անցածը արդեն չկա եւ մեզ հետ չէ այլեւս: Այնինչ` մեր կեսգիշերային մենության մեջ թվացյալ մոռացված օրերը վերադառնում են, ամիսներն ու տարիները նույնպես վերադառնում են եւ հրահրում բորբոքում են ու տեղահանում սիրտդ ու հոգիդ:
Եվ դու հստակ տեսնում ես, որ ոչինչ էլ չի անցել, ամեն ինչ քեզ հետ է, եւ ինչ որ ապրել ես` դու ես: Եվ եթե դու ինքդ ես` քո ապրած կյանքի ներդաշնակությանը հետեւելով` հասկանում ես, որ ամեն ինչ, իհարկե, անցնում է, բայց հրաշալին այն է, որ ամեն ինչ չէ, որ մոռացվում է:
Ու գիշերվա լռության մեջ ինքդ քեզ անձայն ասում ես` ախր, չէ՞ որ ես վկայող եմ: Եվ քո ներսի վկայողը անհոդաբաշխ համառությամբ շարունակում է խոսել քեզ հետ եւ ասում է.
– Հիշո՞ւմ ես, արդեն քանի տարի հոսում է ցեղիդ գետը` ծաղիկները ձեռքին` դեպի հուշարձանը նահատակների: Հիշո՞ւմ ես նաեւ, թե ինչպես քո սփյուռքահայ հայրենակից գրող ընկերդ ասաց քեզ.
– Ես հայրենիք չունեմ, իմ հայրենիքը սփյուռքն է:
Կարդացեք նաև
Եվ դու վիրավորվեցիր: Բայց լռությամբ ներեցիր նրան, եւ այդ պահին դարձյալ քո ներսում ավելի ամրացար քո դժվար ապրող երկրի հողին, որը մարդկության օրորոցն է: Քանզի իմ սփյուռքահայ գրող ընկերը իր դրսերի իմացությամբ հանդերձ չգիտեր, սակայն, որ ուր ինքը ուզում է գնալ, մենք այնտեղից վաղուց արդեն վերադառնում ենք: Պարզապես խնդիրը տեղ հասնելն էր: Եվ իմ ընկերը, ափսոս, չգիտեր, որ տեղ հասնելը վերջն է, իսկ վերջը մահն է…
Այնինչ Աստծո արցունքի չափ մեր երկիրը հավերժության ճամփորդ է, որ շատ անգամ է տեղ հասել ու չի հասել: Փնտրել-գտել ու շարունակել է փնտրել: Եվ կորոնի այնքան, մինչեւ հասնի բարձրագույն արդարությանը…
Ականջդ կանչի, Ֆյոդր Դոստոեւսկի, որ ասում էիր, թե թուրքը քաջ է ոչխարի դեմ, իսկ քաջի դեմ` ոչխար: Իմ գրող ընկեր, մեղավորը դու չես, որ սփյուռքը քեզ հայրենիք ես անվանում: Թերեւս, լավ չգիտես նաեւ, որ քո հին Ղարաբաղ հայրենիքում մի բուռ տղաներով ջախջախեցին թուրքերին եւ տեր ու տնօրեն դարձան քո եւ իմ քանիցս հափշտակված հայրենիքին: Ինչեւէ, ընկեր, վաղը իմ այս գիշերային տագնապները կտպվեն թերթում, եւ եթե դու կարդաս, հուսամ` կհասկանաս ինձ:
Ուզում եմ իմանաս նաեւ, որ իմ եւ քո անհուսահատ ցեղը՝ հայրենացավն իր մեջ, այսօր էլ է ձեռք մեկնում իր իսկ ներսի հուսահատին` վեր կանգնելով երկրորդական վեճերից` հանուն մեր պետության ու հայրենիքի, որը քո եւ իմ հայրենիքն է: Հանուն նրա նաեւ, որ դու շուտ-շուտ այցելես քո նախնյաց երկիր, եւ մենք հաճախ հանդիպենք, քանի որ եթե աչքից հեռու ենք, սրտից էլ հեռու կլինենք:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
10,02.2017