Լրահոս
Օրվա լրահոսը

«Համախմբումը» չէ, որ լքելու է դաշինքը, այդտեղ «Համախմբումն» է առաջատար ուժը»

Փետրվար 11,2017 17:00

Ամեն ինչ կախված է Սեյրան Օհանյանի՝
դաշինքի ցուցակը գլխավորել-չգլխավորելուց

Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ըստ էության չէր բացառել, որ հնարավոր է՝ Սեյրան Օհանյանի եւ իր շուրջ ձեւավորված դաշինքը լքեն:
Նշենք, որ օրեր առաջ «Առավոտի» հետ զրույցում մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ կլքի «Համախմբումը», եթե այն դաշինքի ցուցակը, որտեղ գտնվում է, «Համախմբումը» գլխավորի Սեյրան Օհանյանը:

Մինչդեռ օրեր առաջ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի շուրջ ձեւավորված դաշինքի մաս կազմող Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե Սեյրան Օհանյանի` դաշինքը գլխավորելու հետ կապված տարաձայնություններ չկան. «Չկա նման խնդիր. Սեյրան Օհանյանը գլխավորելու է դաշինքը: Ե՛վ Վիկտոր Դալլաքյանի, ե՛ւ մյուսների տեսակետն այդպիսին է: Իսկ «Համախմբման» ներսում եղած դժգոհություններն արդեն իրենց կուսակցության ներքին խնդիրն է, դա իրենք պիտի կարգավորեն»:

Երեկ Վարդան Օսկանյանը տեղեկացրել էր, թե դեռ վերջնական ցուցակ գոյություն չունի. «Երբ հավանական քաղաքական ուժերը դաշինքին միանալու վերջնական որոշում կայացնեն, վստահ եմ՝ բավականին հաջող ցուցակ կկարողանանք կազմել»:
«Առավոտը» Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց` Վարդան Օսկանյանի հայտարարություններից կարելի՞ է եզրակացնել, որ Սեյրան Օհանյանի` դաշինքը գլխավորելու հարցը առանձնապես «Համախմբման» սրտով էլ չէ, եւ հնարավո՞ր է՝ կուսակցությունը լքի դաշինքը, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Համախմբումը» չէ, որ լքելու է: Այդտեղ «Համախմբումն» է առաջատար ուժը: Կամ կգնա միայնակ, կամ կգնա մյուս ուժերի հետ: Հուսով եմ, որ կլինի դաշինք, բայց նաեւ դաշինքի ճիշտ առաջնորդ»:
Կարեն Անդրեասյանը դրական համարեց այն քննարկումները, որ ընթանում են «Ժառանգության» հետ եւ այն, որ դեռ վերջնական չէ այն որոշումը, թե Սեյրան Օհանյանը պետք է գլխավորի այն դաշինքի ցուցակը, որտեղ կա նաեւ «Համախմբումը»: «Ես անձամբ սպասում եմ վերջնական որոշման, ինչին, կարծում եմ, սպասում են կուսակցության բազմաթիվ այլ համակիրներ, այն է՝ թե ով եւ ինչպես է գլխավորելու դաշինքի ցուցակը»:

Պարոն Անդրեասյանը չցանկացավ կուսակցության անունից հայտարարություն անել, միայն պնդեց իր նախկին դիրքորոշումը. «Եթե Սեյրան Օհանյանը լինի առաջնորդը, ապա ես չեմ տեսնում ինձ այդտեղ: Եթե իմ պատկերացրած արժեքներին համահունչ մարդ լինի առաջնորդը, ուրախությամբ կշարունակեմ պայքարել հանուն այն արժեքների, որ իր առաջ դրել է «Համախմբումը»:

Մեր այն հիշեցմանը, թե ժամանակին առաջարկում էր, որ դաշինքը գլխավորի Զարուհի Փոստանջյանը, հիմա՞ էլ է այդ կարծիքին, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Եթե բոլոր հայտնի գործիչները մի կողմ դնեն իրենց անձերը եւ Զարուհուն առաջարկեն գլխավորել ցուցակը` որպես հետագիծ ունեցող կին քաղաքական գործիչ, դա կարող է դրական իմպուլս ուղղել հասարակությանը»:

Մեր այն դիտարկմանը, թե «Ժառանգությունն» այդպես էլ չի կողմնորոշվում՝ որ ուժի հետ համագործակցել, տատանվում է Օհանյան-Օսկանյան դաշինքի, Գագիկ Ծառուկյանի, «Ելքի» հետ համագործակցության շրջանակում, հետեւաբար արդյունավե՞տ է նման դիրքորոշում ունեցող ուժի հետ համագործակցությունը, պարոն Անդրեասյանը հակադարձեց. «Դրա մեջ որեւէ խանդելու կամ հակասական բան չեմ տեսնում:

Հասկանալի է, թե ինչու է «Ժառանգությունը» մի քանի ուղղությամբ աշխատում: Ողջունում եմ, որ «Ժառանգությունը» փորձում է ընդդիմադիր հանդես եկող բոլոր ուժերին համախմբել, տեսնել` հնարավո՞ր է միասին ճանապարհ անցնել: Պետք է ոչ մի անհատի չկորցնել: Եթե Զարուհուն անհրաժեշտ է, որ դաշինքի անունը լինի «Ժառանգություն», թող լինի, ընդդիմադիր նկրտումներ ունեցող գործիչները պետք է զիջեն այն մարդկանց, որոնք վերջերս չեն եղել իշխանության մեջ: Ամեն մեկին յուրահատուկ տրամաբանական պատասխան տալով` պետք է անել այնպես, որ մարդիկ համախմբվեն»:

Մեր այն հարցին` ո՞րն է պատճառը, որ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված դաշինքը կարծես չստեղծված՝ փլուզվում է, օրինակ` դաշինքը լքեց ԱԻՄ-ը, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Չեմ պատրաստվում մեկնաբանել ինձ համար ոչ առաջնային կարեւորության ուժերի մուտքն ու ելքը: Կարեւոր է «Ժառանգության», «Համախմբման»` դաշինքում լինելը: Ինչ վերաբերում է դաշինքի քանդվելուն, ինչպես ասում եք, ապա համաձայն չեմ, քանի որ դաշինքը դեռ վերջնական տեսք չի ստացել, երբ ստանա, նոր կկարողանանք խոսել` ինչպիսին է այն»: Նշեցինք, թե խոսակցություններ կան, որ դաշինքում ազդեցություն ունի նաեւ Սամվել Բաբայանը, պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Ես երբեք Սամվել Բաբայանին չեմ տեսել «Համախմբում» կուսակցությունում, մնացած բոլոր խոսակցությունները չեմ մեկնաբանում»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

10,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728