Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ դեմ կամ ո՞ւմ կողմից կլինի Հովիկ Աբրահամյանը

Փետրվար 11,2017 16:30

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝
հրաժարական ներկայացրած ՎՊ նախագահին. «Իշխան Զաքարյանը թող ավանդույթ ձեւավորեր եւ իրեն ընտրած մարմնին հաշվետվություն ներկայացներ»

– Երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին: Ձեր կարծիքով՝ պատճառը ո՞րն է:

– Իշխան Զաքարյանին հարցրեք, թող իր հրաժարականի պատճառն ասի: Մեր գործընկերները խորհրդարանի դահլիճում խոսեցին ավանդույթ ձեւավորելու մասին, որ խորհրդարանի կողմից ընտրված պաշտոնյաներին հրաժարականների դեպքում ճանապարհենք շնորհակալություն հայտնելով` համատեղ աշխատանքի համար: ՎՊ-ի մասին օրենքը 15 օր ժամկետ է տալիս` հրաժարականի դիմումը վերահաստատելու համար, նախ ժամանակից առաջ չընկնենք: Իսկ ավանդույթների մասին խոսող մեր գործընկերներին կասեի` Իշխան Զաքարյանը թող նոր ավանդույթ ձեւավորի եւ գա իրեն ընտրած մարմնին հաշվետվություն ներկայացնի` այս տարիների ընթացքում ի՞նչ է արել, ի՞նչ չի արել կամ որտե՞ղ է թերացել, որտեղ չի թերացել: Սա կլիներ նոր ավանդույթ: Իսկ այդ նոր ավանդույթի մասին որ խոսում են, դա ավանդույթ չէ, օրենքով սահմանված ընթացակարգ:

– Իշխան Զաքարյանն արդեն մի քանի տարի չի ներկայանում խորհրդարան եւ հաշվետվություն չի ներկայացնում: Այդ տարիներին ընդդիմադիրների պահանջներից` ներկայանալ խորհրդարան եւ հաշվետվություն ներկայացնել, Իշխան Զաքարյանին ՀՀԿ-ականները «կրծքով էին պաշտպանում»:

– ՀՀԿ-ականների կրծքով պաշտպանելու մասին չգիտեմ, բայց ես միշտ այդ կարծիքին եմ եղել եւ բարձրաձայնել եմ, որ նման կարեւոր կառույցի ղեկավարը պետք է անձամբ ներկայացնի հաշվետվությունները: ՎՊ-ի գործառույթը պետբյուջեի հատկացումների օրինականության եւ արդյունավետության վերահսկումն է, ու ես ցավում եմ՝ եթե այդ կարեւոր օղակի ղեկավարն անձամբ չի եկել խորհրդարան, եկել է իր տեղակալը, սա էլ մեկ այլ ավանդույթ է, որը պետք է վերացնենք: Ուզում եմ վստահ եւ լիահույս լինել, որ հաջորդ խորհրդարանում, երբ կձեւավորվի հաշվեքննիչ պալատը, պալատի ղեկավարն անձամբ կներկայացնի հաշվետվությունները:

Իսկ ընդհանուր առմամբ, ես հիմա չէի ցանկանա ՎՊ-ի գործունեության լավ կամ վատ կողմերից խոսենք, որպեսզի չստացվի նախընտրական ժամանակաշրջանի ելույթ: Ինքս միշտ էլ խոսել եմ ցավոտ հարցերի մասին, բարձրաձայնել դրանք, տարբեր նամակներով դիմել ենք պալատին եւ այլն: Հիմա էլ նախընտրական շրջան է, ու ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում էլ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինքը որտե՞ղ, ո՞ր ուժի կողքին եւ ո՞ւմ հետ լինի:

– Մտավախություններ չունե՞ք, որ քաղաքական գործընթացները կարող են ՀՀԿ-ի վերահսկողությունից դուրս գալ, մանավանդ, խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ից հեռացած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ինչ-որ տարբերակով կհամագործակցի Գագիկ Ծառուկյանի հետ: Իսկ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀԿ-ի ջրերը վերջերս նույն առվով չէին հոսում:

– Հովիկ Աբրահամյանի հետ կապված հայտարարություններ եղել են, ու այս պահին դրանց ավելացնելու նոր բան չկա` Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշում, թե ո՞ր քաղաքական ուժի հետ եւ ինչպե՞ս մասնակցի ՀՀ քաղաքական կյանքին: Եթե որեւէ նոր բան կլինի` կարձագանքենք:

Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին` ՀՀԿ-ն, իհարկե, վերահսկում է իրավիճակը քաղաքական դաշտում` իր մասով: Կա այնպիսի տեսակետ, որ ընդդիմադիր ուժերի մի ստվար մասում քաղաքական օրակարգը ՀՀԿ-ն է մշակում: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Մենք տիրապետում ենք իրավիճակին` ՀՀԿ-ի շուրջ եւ ՀՀԿ-ում ձեւավորված մթնոլորտի առումով: Շատ լրջությամբ պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին, որոնք, համաձայն նոր Սահմանադրության, ամենակարեւոր ընտրություններն են: Քարոզարշավի հաջող ընթացքի դեպքում, կարծում եմ, մենք մեր առավելությունը քաղաքական դաշտում կպահպանենք:

– Անկախ նրանից` Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի հետ հրապարակային, թե ստվերային համագործակցություն կունենա, այդ ալյանսը կարո՞ղ է ընդդեմ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի լինել:

– Դաշինքների, այլանսների, մարդկանց դերակատարման մասին դեռեւս եկեք չխոսենք, որովհետեւ դեռ չգիտենք, թե ո՞ր քաղաքական գործիչը ո՞ր կուսակցության կամ դաշինքի հետ կմասնակցի ընտրություններին: Երբ պատկերը պարզ կլինի, քարոզարշավն էլ կմեկնարկի` կտեսնեն, թե գործընթացները ո՞ր ուղղությամբ եւ ի՞նչ տոնայնությամբ են գնում, հետո նոր կարող ենք մեկնաբանություններ անել: Իսկ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի դեմ գործելու առիթներ, ես կարծում եմ, քաղաքական ուժերը կամ անհատները քիչ ունեն. մենք մշտապես եղել ենք պարզ, մաքուր ազնիվ ու շիտակ` մեր ժողովրդի եւ գործընկերների հետ:

– Թեպետ ՀՀԿ-ականները խոստանում են, որ առաջիկա ընտրությունները Հայաստանի նորագույն պատմության լավագույն ընտրություններն են լինելու, սակայն ռեյտինգային ընտրակարգը, շրջանառվող թեկնածուների անուններն արդեն իսկ հուշում եմ, որ հակառակը՝ այս ընտրությունները լինելու են ամենաանկանխատեսելին, եւ գեներատորը լինելու է փողը:

– Դեռ երկու ամիս կա: Եթե ընտրությունների ժամանակ կոնկրետ դրսեւորումներ կլինեն, այն ժամանակ կանդրադառնանք դրանց: իսկ որ այս ընտրությունները ամենակարեւորը, հետաքրքրաշարժը, ամենաակտիվն են լինելու` ակնհայտ է` ընտրակարգ է փոխվել, եւ խորհրդարանի դերակատարումն է բարձրանում: Ապա՝ ընտրություններին մասնակից անձինք թովով շատ են լինելու: Նախկինում չորս ընտրատարածքում մասնակցում էր, ասենք, տասը թեկնածու, հիմա 10-15 անգամ այդ թիվը մեծանում է: Քաղաքական գործիչների, մարդկանց մասնակցությունն ավելանում է, բնականաբար՝ պայքարն էլ հետը: Ուստի նմանատիպ ընտրություններ` իրենց ակտիվության առումով, կարծես առաջին անգամն են լինելու: Եվ «4+4+4» ձեւաչափով համաձայնեցված նոր Ընտրական օրենսգիրքն էլ կարծես սահմանել է բոլոր վերահսկողական մեխանիզմները, ինչը օբյեկտիվորեն հույս է տալիս հասարակությանը, ընտրական գործընթացի մասնակիցներին, որպեսզի մասնակցեն եւ իրենց քվեների տերը լինեն:

– Այսինքն՝ սուր ընտրական եւ հետընտրական զարգացումների նախադրյալներ չե՞ք տեսնում:

– Եթե «սուր» ասելով՝ նկատի ունեք ակտիվությունը, ապա շատ սուր է լինելու:

– Նկատի ունեմ ընդվզումները:

– Դրա համար օբյեկտիվ պատճառներ պետք է լինեն: Քվեարկածների ընտրական ցուցակներն այլեւս հրապարակվելու են, եւ եթե նախկինում ասում էին` հարեւանիս ամուսինը, բաջանաղը այստեղ չեն եղել, ու նրանց փոխարեն քվեարկել են, ապա հիմա պետք է ցույց տալ նաեւ, թե որտե՞ղ է քվեարկվել եւ ստորագրվել: Այս առումով, կարծում եմ, այլեւս բարենպաստ չի լինի մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելը: Ռեալ ապացույցներ են պետք, իսկ դրանց առկայության դեպքում այն անձինք, ովքեր ներգրավված են կեղծարարության մեջ, քրեական պատասխանատվության կենթարկվեն: Ի դեպ, քրեական պատասխանատվության կենթարկվեն նաեւ սուտ մատնություն անողները: Հետեւաբար զսպող մեխանիզմներ կան: Եթե կան քաղաքական ուժեր, որոնք իրենց պարտությունը պետք է քողարկեն փողոցում գործընթացներ զարգացնելով, գոնե մեկ հարցի պատասխան ռեալ պետք է տան` որտե՞ղ է քվեարկված:

– Տպավորություն է, որ այս ընտրությունների ինտրիգը ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարթությունում է լինելու, այլ հենց ներիշխանական դաշտում:

– Ինտրիգը չէ, պայքարը: Օրինակ՝ նույն մարզում մինչեւ 15 թեկնածու պետք է առաջադրվի, եւ մեկը մյուսի դեմ է պայքարելու: Նախկինում այդ բոլորը համախմբվում էին մեկ թեկնածուի շուրջ, հիմա յուրաքանչյուրն իր թիմով եւ իր համար է աշխատելու:

– Հենց այստեղ են ակնկալվում սուր հակասությունները:

– Կարծում եմ՝ պետք է առաջնորդվենք հետեւյալ սկզբունքով` որքան լավ աշխատել ես անցած հինգ տարիների ընթացքում, այնքան էլ ձայն կարող ես հավաքել: Ես չէի ցանկանա, որ այս ընտրապայքարի ընթացքում տեղի ունենային այնպիսի երեւույթներ, որոնք ստվեր կգցեին ողջ գործընթացի վրա:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

10,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728