Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությանը հրավիրում են մեկ օր իրենց տանը գիշերելու

Փետրվար 11,2017 15:30

Արցախի փողոցի բնակիչները հերթով են աշխատանքի գնում,
որ մեկը մնա՝ դույլերի անձրեւաջրերը դատարկի

Արցախի փողոցի 10-րդ շենքի բնակարաններում արդեն մի քանի տարի է՝ ամենապահանջված իրերը դույլերն են, մետրերով ցելոֆանները, տարբեր չափերի տարաները: Անձրեւի կամ ձնհալի օրերին այս շենքի բնակարաններում էլ է անձրեւ: Տան բոլոր անկյուններից ու անգամ առաստաղի մեջտեղից ջուրն անընդհատ թափվում է: Տան իրերը` գորգերը, փափուկ կահույքն ու պատերը ամեն անձրեւի հետ թրջվում են, փայտե կահույքն էլ՝ ուռչում: Այս պայմաններում տարիներ շարունակ մարդիկ են ապրում, այդ թվում եւ փոքրիկ երեխաներ: Տարիներն անցնում են, պաշտոնյաների խոստումները` թարմացվում: Ամեն անգամ բնակիչների բողոքներին ի պատասխան ասում են` բնակարանային ֆոնդը չի բավականացնում, հենց լինի` հնարավորինս կաշխատենք խնդիրը լուծել:

Բնակիչների խոսքերով՝ քաղաքապետարանի պատասխանատուները եկել, գույքագրել, հաշվառել ու գնացել են:

Անձրեւաջրերն այնքան են թափանցել այս շենք, որ բնակարաններում բորբոսասնկի «պլանտացիաներ» են առաջացել: Խոնավությունից հատակը ճռռում է, պատերից ամեն րոպե ծեփամածիկը թափվում: Անձրեւային օրերին շենքի բնակիչներն անգամ աշխատանքի հերթով են գնում. մեկն անպայման պահակ է մնում, որպեսզի դույլերի ջրերը դատարկի: Եթե չդատարկեն, դրանք էլ ավելանում են մյուս ջրերին ու տակի հարեւանի տունը հեղեղում: Ջրերը հոսում են մինչեւ նկուղ, ու առանց այն էլ վթարային շենքի հիմքն ավելի վնասում:

Երեկ Արցախի 10 շենքի բնակիչները եկել էին կառավարությանն այս ամենի մասին պատմելու ու չինովնիկներին հարցնելու` մեկ օր կապրե՞ն նման պայմաններում: Նրանք բողոքի ակցիա արեցին:


Բնակիչների խոսքերով՝ 2009 թվականից իրենց շենքը ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային, որը ենթակա է վերաբնակեցման, ոչ թե վերանորոգման, սակայն այդ ժամանակից ի վեր մե՛կ որոշում են տանիքն ու նկուղը վերանորոգել, մե՛կ խոստանում խնդիրը շուտափույթ լուծել, սակայն ոչ մեկն են անում, ոչ էլ մյուսը:

Ամեն անգամ, երբ այս հասցեում լոկալ փլուզումներ կամ մի լուրջ խնդիր է առաջանում, բնակիչների խոսքերով՝ «արտակարգ իրավիճակների տղաներն են հասնում»:
Երեկ Արցախի վթարային շենքի բնակիչներին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում են ընդունել, լսել ու շենքի հետ կապված պատմությունը, տեսանյութերն ու պաշտոնյաների հետ տարիների ընթացքում ունեցած գրագրությունն ուզել:

«Առավոտի» հետ զրույցում վթարային շենքի բնակիչները պատմեցին, որ ամեն օր վախը սրտներում են ապրում, ամենաթեթեւ ցնցումից անգամ տան պատերը երերում են, հողն ու գաջը պոկվում` թափվում: Նրանց խոսքերով՝ տան գույքն անգամ այնքան է թրջվել ու չորացել, որ անպիտան է դարձել:

Բայց իրերից շատ երեխաների առողջությունն ու անվտանգությունն է բնակիչներին հետաքրքրում, որոնք ամեն օր լավ լուր լսելու հույսով սպասում են, որ մի օր վերաբնակեցման հարցը կլուծվի, եւ գոնե երեխաները ականատեսն ու մասնակիցը չեն լինի էն տանջանքների, որոնց միջով տարիներով ծնողներն են անցել: Այստեղ մեծահասակ մարդիկ էլ են ապրում. նրանք էլ օր ծերության ստիպված են լինում լիտրերով ջուր դատարկել, խոնավության մեջ քնել ու ամեն ճռռոցից վեր թռչել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

10,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728