Խրախուսական նորմերը տարածվո՞ւմ են
«Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, թե՞ ոչ
Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի գործով 21 մեղադրյալների նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են, իսկ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ այլոց մասն անջատվել է քրեական գործից եւ տրամադրվել ծանոթանալու, այսինքն՝ դրա նախաքննությունը ավարտվել է: Հիմնականում խմբի անդամները՝ Վարուժան Ավետիսյան, Արեգ Կյուրեղյան եւ այլք, մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, շենքեր եւ շինություններ զավթելը, ապօրինի կարգով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, պահելը արարքներ կատարելու համար՝ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 235 հոդվածի 3-րդ մաս:
Նկատենք, որ չնայած այս արարքները դասակարգված են առանձնապես ծանր հանցագործությունների շարքում, սակայն օրենսդիրը հոդվածներում ամրագրել է նաեւ խրախուսական կամ քաջալերիչ նորմ եւ եթե անձը կատարել է նորմի պահանջները, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից: Հիմա դիտարկենք քրեական հետապնդում իրականացնող մարմինները խրախուսական նորմերի եւ արարքի որակմանը ազդող այլ հանգամանքները արդարացի հետաքննե՞լ են, թե՞ ոչ:
1. Ծանոթանանք խրախուսական նորմերի շեշտադրումներին:
– Իր պահանջներից հրաժարված եւ պատանդին կամովին ազատած անձը, Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 4-րդ մաս.
– իր պահանջներից հրաժարված եւ զավթածը կամովին հանձնած անձը, Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 4-րդ մաս.
– ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ այլն կամովին հանձնած անձը, Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ մաս, քրեական պատասխանատվությունից ազատվում է, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանության գունդը զավթելուց որոշ ժամանակ անց կամովին ազատել են պատանդ վերցրած անձանց, հանձնել են զավթածը, ինչպես նաեւ զենքն ու զինամթերքը:
Կարդացեք նաև
Տրամաբանական հարց է ծագում. նման պարագայում խրախուսական նորմերը տարածվո՞ւմ են «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, թե՞ ոչ: Մեղադրանքները լրացնելու գործողությունից նկատվում է, որ ՀՔԾ-ն խրախուսական նորմերը չի կիրառել: Նման մոտեցումը շենքեր զավթելը եւ պատանդ վերցնելը արարքների դեպքում իրավաչափ է, քանզի խումբը նորմի ոչ բոլոր պահանջներն է կատարել, այսինքն՝ նրանք չեն հրաժարվել պետությանը կամ իշխանությանը ներկայացրած՝ «Ժողովրդի իշխանությունը զավթած, նրա ֆիզիկական անվտանգությանը եւ պետության տարածքները վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա եւ իշխանությունը հանձնի ժողովրդին» պահանջից:
Խրախուսական նորմերը ընդհանրապես կիրառվում են գործի կոնկրետ հանգամանքների գնահատմամբ, ուստի եթե խմբի անդամները կամ անդամը հրաժարվի «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա» պահանջից եւ նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, ապա խրախուսական նորմի ուժով վրա է հասնում քրեական պատասխանատվությունից ազատելու քաջալերումը:
Ինչ վերաբերում է խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու արարքին, ըստ իս՝ խրախուսական նորմը կիրառելի է եւ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով խմբի անդամներին առաջադրված մեղադրանքը ենթակա է կարճման, քանզի նրանք զենքը, ռազմամթերքը եւ այլն պետական մարմինների հանձնել են իրենց կամքով, այլ ոչ թե դատավարական գործողությունների՝ խուզարկության կամ առգրավման արդյունքում: Հիմնավորում՝ «Զենքի, ռազմամթերքի եւ այլն հափշտակությունների, շորթման, անօրինական շրջանառությամբ» գործերով ՌԴ գերագույն դատարանի պլենումի 2002թ. ապրիլի 12-ի եւ 2013թ. փոփոխությունների պարզաբանման 19-րդ կետում ասված է, որ ՌԴ քրեական օրենսգրքի 222 եւ 223 հոդվածների խրախուսական նորմերով նախատեսված զենք, ռազմամթերք եւ այլն կամովին հանձնում պետք է հասկանալ, եթե անձը դրանք պետական մարմիններին հանձնել է իր կամքով կամ ցույց տվել դրանց գտնվելու տեղը, եւ նշված առարկաները կամովին հանձնելու դեպքում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ անկախ այլ հանցագործության համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հանգամանքից (րՎ. կՏրՑՏվՏՉսպվՌÿ կսպվցՎՈ ԹպՐւՏՉվՏչՏ հցՊՈ ՏՑ 3.12.2013չ., N 34, տցվՍՑ 19):
2. Արարքի որակմանը ազդող այլ հանգամանքներ:
Դեռեւս 2016թ. հուլիսի 29-ին «Առավոտ» օրաթերթում մենք պարզաբանել էինք, որ «Սասնա ծռերի» կատարած արարքի շարժառիթը զուտ քաղաքական հենք ունի եւ ազդում է արարքի որակմանը, ուստի այդ հանգամանքը պետք է լիարժեք հետաքննել: Նկատվում է, որ հետաքննությունը հիշյալ հանգամանքը աչքաթող է արել եւ անհայտ է, թե խումբը ինչու է կատարել այդ ծանր հանցագործությունը («Սասնա ծռեր» խմբի 31 անդամները անմեղսունակներ չէին, որ «հավայի», զենքի գործադրմամբ գրավեին ոստիկանության գունդը):
Իմիջիայլոց, հանգամանքը անուղղակի բացահայտվեց, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերին իր հայտնի ելույթում գաղտնազերծեց մեր հսկողության տակ գտնվող 7 շրջանները՝ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը եւ այլն, Ադրբեջանին հանձնելու իշխանությունների նենգ ծրագրերի կամ դավադրության մանրամասները:
Արդ, «Սասնա ծռերի» արարքի շարժառիթը հենց տարածքները օտարելու այդ ծրագիրն է, նրանք ապստամբել են դրա դեմ եւ ցանկացել խափանել դավը:
3. «Սասնա ծռերի» գործին այլ քրեական գործեր միացնելը եւ տրոհումը:
ՀՔԾ-ն Ժիրայր Սեֆիլյանին ճանաչել է ոստիկանության գունդը զավթելու հանցագործության հանցակից, ըստ այդմ՝ կազմակերպող, որի հենքով քրեական գործին միացրել են՝ «Հարյուրամյակը առանց իշխանությունների» շարժման առնչությամբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ այլոց նկատմամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելը հանցագործության նախապատրաստություն 2015թ. հարուցված քրեական գործը:
Հաջորդը 2016թ. Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործն է, ինչ-որ ավտոմեքենայում զենք հայտնաբերելու առիթով:
Կարծում եմ՝ հիշյալ գործերը միացնելու եւ անջատելու հիմքերը կասկածելի են, քանզի.
ա) մինչ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության գունդը զավթելը Ժիրայր Սեֆիլյանը եղել է անազատության մեջ եւ գտնվել քննչական մեկուսարանում: Հարց է ծագում՝ նա ինչպե՞ս է մեկուսարանից կազմակերպել եւ ղեկավարել ոստիկանության գունդը զավթելու խմբի գործողությունները,
բ) Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ 2015թ. ապրիլի 24-ին ՀՀ տարածքում համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ այլոց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելը նախապատրաստության քրեական գործը ըստ էության զուրկ է իրավական հիմքերից, այսինքն՝ նրանց արարքում բացակայում են այդ հանցագործության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշները: Քրեական գործը ենթակա է կարճման, մինչդեռ 2 տարի պահելուց հետո, հնարքի կիրառմամբ կարկատում են «Սասնա ծռերի» գործին (քրեական գործը մենք դիտարկել ենք «Առավոտ» օրաթերթի 2015թ. ապրիլի 17-ի համարում, «Ուրիշի կտուրում նռնակ գտնելը դեռեւս զանգվածային անկարգություններ կազմակերպելը հանցագործության նախապատրաստության ապացույց չէ»):
գ) Ապօրինի ձեռքբերված զենքը տեղափոխելու քրեական գործը, ինչի առիթով կալանավորվել է Ժիրայրը, հիմնված է միայն վարորդի ցուցմունքի վրա, իսկ Ժիրայրը հերքում է: Նկատենք, որ Ժ. Սեֆիլյանին կալանավորել են ապրիլյան պատերազմից հետո, երբ նա ուղիներ էր որոնում ռեժիմի եւ բանակի պարագլուխների անգործության հետեւանքով ադրբեջանցիների կողմից գրավված 800 հեկտար հողերը ետ բերելու համար: Եթե իրոք զենքը տեղափոխվել է Ժիրայրի ցուցումով եւ փոխկապակցված է հիշյալ հայրենասիրական մտորումների հետ, ապա այստեղ էլ արարքի շարժառիթը Ղարաբաղի պաշտպանական դիրքերը կամ տարածքները հանցավոր անփութությամբ թշնամուն օտարելու դիպվածքն է:
Ասեմ, որ ես Ժիրայր Սեֆիլյանի կամ «Սասնա ծռերի» համախոհը չեմ եւ դեմ եմ հանցանքը գործելուն, այլ ցավում եմ, որ մեր հայրենիքում քաղաքական համակարգը ավտորիտար ու մոնարխիստական բնույթ ունի, իսկ արդարությունը խեղաթյուրված ու կաթվածահար է:
Օրինակ, ոստիկանության գունդը գրավելու առնչությամբ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով ձերբակալվել ու կալանավորվել են քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումները, ինչպես նաեւ արյունահեղությունը կանխելուն մտահոգված քաղաքական գործիչները՝ Անդրիաս Ղուկասյան, Արմեն Մարտիրոսյան, Ալեք Ենիգոմշյան, Կարո Եղնուկյան եւ այլք, մինչդեռ անկարգությունները հրահրող ռեժիմի «սեւազգեստ ծպտյալներին» պարտակել են: Կամ ապրիլյան դիպվածքի հետեւանքով ավելի քան 100 զինվոր է սպանվել ու գլխատվել, բանակի գեներալիտետը չպատժվեց (այժմ էլ քաղաքական խաղեր են խաղում), բայց հայրենասիրությամբ տոգորված Ժիրայր Սեֆիլյանին կալանեցին: Սրանք քրեական տեռոր են քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, արգելակում է նրանց գործունեությունը, ինչը բնորոշ է ավտորիտարիզմին:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա
«Առավոտ»
10,02.2017
«ցավում եմ, որ մեր հայրենիքում քաղաքական համակարգը ավտորիտար ու մոնարխիստական բնույթ ունի, իսկ արդարությունը խեղաթյուրված ու կաթվածահար է»
այս խօսքերը՝ Մոսկվայից !!!!!
կարգին կատակ է այս մէկը