Հարցազրույց դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի հետ
-Մաեստրո, շուրջ 15 տարի հանդիսանալով Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, համագործակցելով տարբեր ռեժիսորների հետ, իրականացնելով օպերային եւ բալետային ներկայացումների պրեմիերաներ, ինչպես նաեւ տարբեր նախագծեր, մոտ մեկ տարի առաջ ազատվեցիք թատրոնից: Հետեւելով ձեր հետագա գործունեությանը, գիտենք, որ արտասահմանում ղեկավարում եք ներկայացումներ, սիմֆոնիկ համերգներ, իսկ հայրենիք եք վերադառնում կարճ ժամանակով ու օպերային թատրոնի Մենակատարների անսամբլի հետ համերգներ ունենում միայն զորամասերում, տուն- ինտերնատներում եւ մարզերում:
– Ճիշտ եք, դրանք հաճելի համերգներ են եւ իմ, եւ երաժիշտների համար, մի տեսակ հոգու հանգստության պահեր են պարգեւում: Շուրջ 3 տարի այս «խաղաղ» պայմաններում փորձում ենք հոգեւոր դաշտում դասական երաժշտությամբ օգտակար լինել մեր զինվորներին: Եվ այս ամենը «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» աջակցությամբ: Իսկ 2016թ. ընթացքում արտասահմանյան տարբեր երկրներում ղեկավարել եմ ավելի քան 120 համերգ ու ներկայացում, այդ թվում՝ Իսրայելի, Բոգոտայի, Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Չեմ մոռանա երեքշաբաթյա աշխատանքը Բրյուսելում: Ընդ որում, Բոգոտայում համագործակցեցի ճանաչված խորեոգրաֆ Մարիո Շրոյդերի հետ եւ իրականացրինք Ռախմանինովի 2-րդ եւ 3-րդ դաշնամուրային կոնցերտների հիման վրա բեմադրված բալետային ներկայացում: Հրավիրվել եմ Լայպցիգի, Մյունխենի, Անտվերպենի օպերային թատրոններ իմ լավ բարեկամի՝ խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի ընկերակցությամբ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բեմադրելու նպատակով: Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում շարունակում եմ ղեկավարել «Սպարտակը», Վերդիի «Պարահանդես-դիմակահանդեսը»: Նովոսիբիրսկի թատրոնում, որտեղ ղեկավարեցի դասական եւ ժամանակակից հեղինակների 6 բալետային ներկայացումներ, այս պահին պատրաստվում ենք բալետային պրեմիերայի՝ ընթանում են Գրիգի հանրահայտ «Պեր Գյունտի» երաժշտությամբ եւ այլն: Բոլորը չեմ կարող թվարկել: Կարճ ասած՝ մինչեւ 2020թ. կազմված է իմ հյուրախաղային գրաֆիկը: Իսկապես, Երեւանում չեմ երեւում, բայց փորձում եմ կատարելագործվել, ինչու չէ՝ ավելին սովորել դրսի թատրոններում ու նվագախմբերի հետ աշխատելու արդյունքում եւ հետո ներկայանալ հայաստանցի հանդիսատեսիս:
– Փաստորեն, ազատ արվեստագետ եք: Գոհացնո՞ւմ է այդ կարգավիճակը: Մի բան էլ. ստացվում է՝ հայրենիքում հյուրախաղորդ երաժիշտ եք:
Կարդացեք նաև
– Այս վիճակը պայքար է ինքդ քեզ հետ՝ կարո՞ղ ես, թե՞ ոչ… Ավելին, մշտապես կռվի մեջ ես քեզ հետ: Ամեն դեպքում իրավացի եք՝ հայրենիքում քիչ եմ լինում: Բայց դա իմ որոշումը չէ, իմ փոխարեն որոշեցին, որ ես չպիտի լինեմ հայրենիքում:
– Կգա՞ մի պահ, որ դուք որոշումներ կկայացնեք:
– Վստահ եմ, որ կգա այդ օրը: Ամեն անգամ չէ, որ թույլ կտամ իմ փոխարեն որոշումներ կայացնել: Ի վերջո, եթե քրիստոնյա ես, պիտի ներես կամ կարողանաս ներել:
– Զրուցելով մեր եւ արտերկրից ժամանած երաժիշտների հետ, մշտապես անդրադարձ է լինում հանդիսատեսին: Ինչպիսի՞ն է «դրսի» ձեր հանդիսատեսը, կարոտե՞լ եք հայաստանցի ունկնդրին:
– Հայրենիքում գործունեությանս ողջ ընթացքում հանդիսատեսս միշտ իմ կողքին է եղել եւ հաջողություններիս, եւ, ինչու չէ՝ ձախողումներիս ժամանակ: Համոզված եմ, որ պրոֆեսիոնալ հանդիսատեսս գիտի որտեղ եմ, ինչ գործունեություն եմ ծավալում (նկատի ունի համացանցը): Հայ հանդիսատեսը ավելի խստապահանջ է, զգայուն, իհարկե՝ կարոտել եմ նրան: Իսկ «դրսինը» թեեւ ավելի վճարունակ է, բայց գիտի, թե ինչ համերգի կամ ներկայացման տոմս գնի…
– Ի դեպ, ժամանակին, երբ դուք դեռեւս Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն էիք, մեր հանդիսատեսը նկատել էր, որ Աստանայի հյուրախաղերի բուկլետում Կարեն Դուրգարյանը ներկայացված էր իբրեւ Մարիինյան թատրոնի դիրիժոր:
– Նման բան եղել է, կազմակերպիչները օգտվել էին Մարիինյան թատրոնի կայքից, որտեղ, ինչպես գիտեք, հաճախակի են ելույթներս:
– Վերջերս Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ զրույցում տեղեկացանք, որ Համահայկական նվագախումբը, որի առաջին ելույթը նախատեսված է ապրիլի 24-ին, կղեկավարեն Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը եւ դուք: Թեեւ պարզ է, որ խիտ է ձեր արտասահմանյան գրաֆիկը, այդուհանդերձ, հնարավո՞ր է հայ ունկնդրին ներկայանաք ավելի շուտ:
– Հիանալի նախագիծ է, համոզված եմ, որ ստեղծվելիք նվագախմբի կազմավորման առիթով աշխատանքները լավ են ընթանում, բայց այս պահին կոնկրետ ձեր հարցին պատասխանել չեմ կարող: Պատճառը, ինչպես նշեցիք՝ խիտ, ես կասեի՝ գերխիտ գրաֆիկս է:
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարում` Կարեն Դուրգարյանը՝ զորամասերից մեկում, ելույթի պահին: