Համոզված է կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը
Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 15-ին։ Այն այս տարի նվիրված է 20-րդ դարի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին եւ անվանվելու է նրա անունով՝ Հարո Ստեփանյան ֆեստ։ Փառատոնի բացման համերգին կհնչեն Հարո Ստեփանյանի Սիմֆոնիկ պարեր ստեղծագործությունը, որը, ի դեպ, համաշխարհային պրեմիերա է, Արթուր Ահարոնյանի Սիրո երգեր սոպրանոյի եւ լարային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա, մենակատար՝ Ջուլիետա Ալեքսանյան, սոպրանո), Գրիգոր Հախինյանի Քանոնի կոնցերտը (մենակատար՝ Կարինե Հովհաննիսյան, քանոն, վերագործիքավորումը քանոնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Մելիք Մավիսակալյանի), Մարտին Վարդազարյանի «Նվիրում Բարտոկին» սիմֆոնիկ պոեմը։
Փառատոնային երկու շաբաթների ընթացքում կայանալու են սիմֆոնիկ եւ կամերային 5 համերգներ, որոնց ընթացքում կկատարվեն նաեւ Աշոտ Զոհրաբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Սուրեն Զաքարյանի, Վարդ Մանուկյանի, Վարդան Աճեմյանի, Սերգեյ Ումրոյանի, Հարություն Դելլալյանի, Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր-Թադեւոսյանի ստեղծագործությունները։ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբեւէ չկատարված կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն առաջին անգամ: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նպատակ ունի հանրությանը ներկայացնել եւ քարոզել մեր կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։
Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը մեծապես կարեւորում է այս փառատոնի դերը մեր մշակութային կյանքում։ Ըստ պարոն Հայրապետյանի՝ այն նախեւառաջ պրոպագանդում է հայկական երաժշտությունը, հայ կոմպոզիտորները հնարավորություն են ստանում հանդիսատեսին ներկայացնել իրենց գործերը։ «Փառատոնը չափվելու հնարավորություն է երաժշտական արվեստի հետ։ Սա շատ մեծ հնարավորություն է՝ տեսնելու, թե մեր արդի երաժշտությունն ինչ վիճակում է, ինչ փուլում է գտնվում, ինչ հաջողություններ կամ վրիպումներ ունի։ Այն մեծ փորձարարական լաբորատորիա է»,- ասում է կոմպոզիտորը։ Պարոն Հայրապետյանը նկատում է, որ կոմպոզիտորական արվեստն ամենառիսկային գործերից է. «Կոմպոզիտորն ամենաթիրախային գոտում է գտնվում։ Նա ամբողջ կյանքի ընթացքում պետք է իր մեջ հաստատի ստեղծագործական ուժի հնարավորությունը։ Հարյուրամյակներ են անցել, սակայն ամբողջ պատմության մեջ ունենք հատուկենտ կոմպոզիտորներ։ Շատ դժվար է անընդհատ ունենալ տաղանդավոր, հանճարեղ կոմպոզիտորներ կամ գործեր։ Սա երկարատեւ գործընթաց է։ Եվ ամենակարեւորն այն է, որ մեր ստեղծագործական ուժը չպակասի։ Հաջողություններն իրականում շատ հազվադեպ են լինում, բայց աշխատանքներ մշտապես պետք է տարվեն։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»։
Ի դեպ, փետրվարի 28-ին՝ փառատոնի փակման գալա համերգին հնչելու է Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը։ Այն կատարվելու է առաջին անգամ։ Մենակատարն է լինելու մեծահամբավ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։ Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։
Կարդացեք նաև
ԱՐՓԻՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
10,02.2017
Ափսոսում եմ, որ փառատոնի ծրագրում տեղ չի գտել ,,Մոնթե,, սիմֆոնիան (այս տարի լիանում է Մոնթեի 60֊ամյակը)։ Հուսով եմ, որ տարվա ընթացքում անդրադարձ կլինի հերոսին նվիրված սիմֆոնիային … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան