Այս օրերին ավարտվում է չինական նոր տարին, որը մեր բարեկամ երկրում նշվում էր ավելի քան 2 շաբաթ։ Դա նշանակում է, որ ընտանիքների կրտսերներն այցելել են իրենց ավագներին՝ ծնողներին, պապիկներին, տատիկներին եւ վերադարձել աշխատանքի։ Այս իրողությունը հաշվի առնելով մայրաքաղաքի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան հիմնական դպրոցում, ուր արդեն մեկ տարի է, ինչ ուսուցանվում է չինարենը, յուրովի էին ցանկացել ճանապարհել բարեկամ ժողովրդի համար այս կարեւոր տոնը՝ միաժամանակ կազմակերպելով վերջերս լույս տեսած՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Չինական ճեպանկարներ» գրքի շնորհանդեսը։
Աշակերտները, գրքից կատարված քաղվածքների տեսքով, ներկայացրին գրքի հիմնական ասելիքը՝ հայ եւ չին ժողովուրդների բարեկամությունը մետաքսի ճանապարհից սկսած մինչեւ մերօրյա զարգացումները, երկու երկրների նախագահների՝ ՍԻ Ծինփինի եւ Սերժ Սարգսյանի փոխադարձ գնահատականներով ու մաղթանքներով։
Գիրքն ընթերցողներին ներկայացրեց գրող, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը։ Նա ասաց, որ մեծ սիրով է ընթերցել գիրքը, քանի որ իր առաջացած տարիքում անգամ այն իրեն նոր գիտելիքներ է տվել։ Նա ավելացրեց. «Ամենակարեւորը գրքի առանցքում հայ-չինական դարավոր անխախտ բարեկամությունն է եւ այն պտուղները, որոնք ճաշակում են երկու ժողովուրդները»։
Իսկ հեղինակը՝ Սերգո Երիցյանը, նշեց, որ այն Չինաստանում ճամփորդած լրագրողի պատումներ են: Այստեղ ներկայացված են չինական մշակույթն ու պատմությունը, ճարտարապետությունն ու մարդկանց կենսակերպը՝ որպես ճամփորդական նոթեր:
«Բայց դրանում, ամենակարեւորը, ջերմ վերաբերմունք կա մեր բարեկամ ժողովրդի նկատմամբ եւ դա պետք է պահպանել նաեւ ապագայի համար»,- իր խոսքը եզրափակեց հեղինակը։
Իսկ ի՞նչ Նոր տարի` առանց նվերների: Հեղինակն աշակերտներին նվիրեց իր նոր հրատարակած գիրքը։ Իսկ նրանք չինական մետաքսի վրա իրենց ձեռքով արված պատկերանկարը հանձնեցին դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանին` Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Երլունին փոխանցելու խնդրանքով, որպես հարգանքի նշան ներկայացվող գրքի տպագրությանն աջակցելու համար:
ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Առավոտ»
10,02.2017