Բանավոր խոսքում առկա են լեզվական անտանելի աղավաղումներ։ Դրանք նկատելի են աշխատավայրերում, սպասարկման ոլորտներում, լրատվամիջոցների գործընթացներում, նաեւ ոչ պակաս հրապարակային ելույթներում։ Շատ ուսուցիչների խոստովանությամբ՝ պակաս գրագիտությունն ուղեկցում է սովորողներին կյանքի գրեթե բոլոր փուլերում։ Իսկ ահա մայրաքաղաքի 71 դպրոցի հայերենի ուսուցչուհի Լաուրա Բալայանը ներկայացնում է ուսուցման այն միջավայրը, որտեղ միշտ չէ, որ կարելի է ապահովել լեզվական գիտելիքների կայուն պաշար։
«Աշակերտները քիչ են կարդում,֊ ասաց հայերենի ուսուցչուհին,-իսկ եթե կարդում են, ապա սեղմ ֆաբուլայով եւ սյուժեով նյութեր»։
Իսկ սեղմությունը, պարզ է, պահանջում է պատկերավորման եւ արտահայտչական սահմանափակ միջոցներ։ Այնինչ այդ միջոցներն են հյութեղ դարձնում ասելիքը։ Ընդհանրապես դպրոցներում կան գրական հայերենի խոսակցականին լավագույնս տիրապետող աշակերտներ։ Որպեսզի նրանք իմացած գրականը ներառեն բանավոր խոսքի մեջ, կազմակերպվում են աշխարհագրական, պատմագիտական թեմաներով պարապմունքներ։ Դրանք որոշակիորեն նպաստում են բանավոր խոսքը հարստացնել հիշյալ ոլորտների լեզվաձեւերով, որոնք հոգեհարազատ են սովորողներին։ Այդպիսով, հարկավ, ստեղծվում է միջառարկայական կապ, ճիշտ լեզվագործածման վրա հրավիրելով նաեւ մյուս առարկաների ուսուցիչների ռւշադրությունը։ Ավելին, նրանք հայերեն դասավանդողների հետ համագործակցում են մեկ այլ խնդրում։ Որոշ աշակերտներ փողոցից դպրոց են բերում ժարգոն եւ բնավ անընդունելի լեզվաձեւեր։ Եվ իբրեւ թե բոլոր առարկաների ուսուցիչներն իրենց դիտողություններով եւ խորհուրդներով նեցուկ են լինում աշակերտներին՝ հիշյալ լեզվաձեւերի ու ժարգոնի փոխարեն գործածելու բանավոր խոսքի գրական համարժեքներ։ Սակայն բոլորովին դրա օգտին չխոսեց այն հանգամանքը, երբ զրուցեցինք նույն հաստատության աշակերտների հետ։ Նրանք խոսում էին անմաքուր հայերենով։
Իսկ Տերյանի անվան դպրոցի տնօրեն Իսկանդարյանը չուզենալով խոսել մեր մայրենիի արդի անմխիթար վիճակի վերաբերյալ, տանտիրոջ իրավունքով, ուղղակի ասաց. «Ի՛նչ է, ուզում եք թռնե՞նք Երեւանի քաղաքապետարանի գլխի վրայով»։
Լեզվական քաղաքականության իրականացման խնդրում կարեւորագույն երաշխավորը ՀՀ լեզվի պետական տեսչությունն է, վերջինիս գործունեության շուրջ շատ է ասվում-խոսվում հասարակական շրջանակներում։ Եվ պատահական չէ, տեսչության գործառույթների դաշտը բավական ընդարձակ է։ Միաժամանակ նշենք, որ այն ներառում է ոչ այնքան կառուցողական, ինչքան վերահսկողական անելիքներ։ Ընդ որում՝ մեզ մտատանջող լեզվական խախտումներն ավելի շատ նկատելի են հասարակության անդամների առօրյա խոսակցության շրջանակներում եւ մասամբ կարելի է կարգավորել տեսչության հնարավոր միջոցներով։ Փոխարենը՝ տեսչությունը արգասավոր աշխատանքներ է ծավալում այն ոլորտներում, որտեղ լայն աշխատանքների հետ մեկտեղ առկա են լեզվական քաղաքականությանը նպաստող գործիքներ։
Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի ասելով՝ վերջերս ուսումնասիրել են 30 դասագիրք լեզվի մասին։ Թերացումներով հանդերձ՝ կատարել են ծանրակշիռ աշխատանքներ, որոշ դպրոցներում քննարկվել են տեսչությունում իրականացված ուսումնասիրությունները, որտեղ եւ պարզվել է նոր դասագրքերի հրատարակման պահանջարկը։
Այս խնդրում մեծ է ԿԳ նախարարության անելիքը։ Կատարվածն առավել գոհացուցիչ կլինի, եթե սահմանափակ չլինի լեզվի մասին օրենսդրությունը։
«Ահավասիկ կյանք է մտել հեռուստատեսության մասին օրենքը,-ասում է Լեզվի տեսչության պետը։ – Օրենքն առկա է, բայց ափսոսում եմ։ Օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու համար չի սահմանում միջոցներ»։
Խնդիրն առավել ցավոտ է, քան կարելի է ենթադրել։ Ծով լրատվության տիրապետող հեռուստաընկերությունների այս համակարգը հանրությանը գայթակղում է շատ միջոցներով։ Այն տեղեկությունների հոսքում մի տեսակ դառնում է ուղեղ սղոցող լեզվաձեւերն ընդունող-սփռող միջնորդ։ Վերջինիս հեռուստադաշտում ձեւավորվում է անգրագետ ու անպատշաճ բառերի ու քերականական ձեւերի ոչ հաճելի պատկեր։ Այստեղ մի դեպքում թեթեւակի սնվելը դառնում է թեթեւի մեջ սնվել, քեզ հետ համաձայնելը՝ քեզ հետ կիսվել, մեկ այլ առիթով զորաշարժը վերածվում է մանյովրի, նմանակումը՝ իմիտացիայի, ինձ համարը՝ իմ համար եւ այլն: Կարծում ենք՝ լեզվական քաղաքականության իրականացման ճանապարհին գլխավոր օրենսդիր փաստաթուղթը՝ Լեզվի մասին օրենքը հայերենի պահպանումից եւ տարածումից զատ կարեւոր դեր է հատկացնում զարգացմանը։
ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ»
10,02.2017