Այսպես են խորհուրդ տալիս չինական բժշկության մեջ
Հայտնի է, որ երիկամները մեր օրգանիզմում շատ կարեւոր դեր են կատարում: Լինելով զույգ օրգան` ունի մի քանի կարեւոր ֆունկցիա: Ամենակարեւորներից բնաբույժ Լիանա Իսրայելյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց արտաթորման, ինչպես նաեւ էնդոկրին ֆունկցիաները: Վերջինս, ըստ մասնագետի, պատասխանատու այն հորմոնն է, որն օգնում է հեղուկի քանակը պահպանել արյան մեջ:
Բժշկուհու խոսքերով` մեջքի օստրոխոնդրոզի եւ երիկամների ցավը երբեմն մարդիկ շփոթում են, քանի որ երկուսն էլ բութ ցավերով նման են. «Սովորաբար ասում են` երիկամները հիվանդանում են, երբ օրգանիզմում գոյություն ունեն ինֆեկցիաներ` կոկորդից, գրիպից: Արեւելյան բժշկության մեջ ընդունված է այս կանոնը, երբ երեխան անընդհատ հիվանդանում է անգինաներով, առաջինը ստուգում են երիկամները: Արեւմտյան բժշկության մեջ հակառակն է, եթե երիկամները հիվանդացել են` պետք է հեռացնել նշիկները, բայց վիճակագրական տվյալներով պարզվել է, որ նշիկները հեռացրել են, իսկ երիկամները չեն բուժվել: Պետք է երկուսն էլ ստուգել եւ հիմնավոր բուժում անել: Մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ երիկամային հիվանդությունները բարդ են այն առումով, որ հիմնականում չեն բողոքում, ու ստատիստիկական տվյալներով էլ այդ հիվանդությունն անցնում է շատ թաքնված»:
Բնաբույժը նշեց նաեւ, որ եթե օրգանիզմում քրոնիկ վիրուս կա, օրինակ՝ հերպեսի, այն ազդելով բոլոր օրգանների վրա, առաջացնում է իմունիտետի անկում եւ եթե երիկամներում կա ինչ-ինչ թույլ խնդիր` հիվանդանում են:
Կարդացեք նաև
Մասնագետի խոսքերով` ավազ, քար կուտակելը կապված է աղաջրային նյութափոխանակության խախտման հետ. «Երբ օրգանիզմը չի կարողանում քայքայել աղերը, կալցիումի հետ միասին առաջացնում են քարեր` օքսալատներ, որոնք առավել վտանգավոր են եւ հետեւանք են աղային նստվածքների»:
Լիանա Իսրայելյանը կարեւորեց առողջ ապրելակերպը. «Ցանկացած տապակած սնունդ օրգանիզմում առաջացնում է աղաքարային հիվանդության վտանգ: Շատերն անընդհատ ուտում են ու ջուր էլ չեն օգտագործում, կամ օգտագործում են շատ քիչ: Մեր ներսի միջավայրը պետք է ո՛չ թթվային եւ ո՛չ էլ հիմնային լինի, այլ պետք է պահպանել չեզոքություն: Այսինքն` քիչ կերեք աղ ու շատ խմեք ջուր: Մեր ժողովուրդը աղ ասելով պատկերացնում է միայն նատրիումի քլորիդը, բայց հում սնունդը եւս պարունակում է աղերի որոշ քանակ»:
Մասնագետը հուշում է, որ չեզոքացման ռեակցիա լինում է թթվի եւ հիմքի միացությունից. «Այսինքն, եթե ուտում ենք թթու պարունակող սնունդ` նույն սպանախը, նաեւ պետք է ավելացնել հիմնային սնունդ, իսկ հիմնային ամենակարեւոր սնունդը ջուրն է»:
Շարունակելի
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
10,02.2017