Փետրվարի 10-ին Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ կազմակերպել էր «Իմ գաղտնի գրքաՍեր» խորագիրը կրող նախաձեռնության գրքերի հանձնման արարողությունը:
Փետրվարի 4-9-ը յուրաքանչյուր ոք կարող էր գնալ «Բուկինիստ» գրախանութների ցանկացած մասնաճյուղ, գնել որևէ գիրք և գաղտնի էջանշանի վրա թողնել սիրելիի կոնտակտային տվյալները, որի միջոցով էր գրախանութի աշխատակիցները կկապվեին հասցեատիրոջ հետ և կզգուշացնեին, որ փետրվարի 10-ին կունենան նվեր-գիրք գաղտնի մեկի կողմից:
Գրախանութի PR մենեջեր Անի Ղազարյանը լուսաբանեց նախաձեռնության նպատակը. «Մեր նպատակն էր միավորել սիրահարներին գրքերի շուրջ: Սա նաև մեկնարկեց «Բուկինիստ» գրախանութների հիմնադրման 85 ամյակի կապակցությամբ այս տարի իրականացվող միջոցառումների մեր շարքը: Փորձելու ենք կապել գրքերը հայկական տոների հետ»:
«Իմ գաղտնի գրքաՍեր» նախաձեռնության իրականացման համար գրախանութների ցանցին աջակցել են նաև Tea Art Yerevan-ը, The LOFT-ը, Gourmet Dourme-ն, Armenian Chocolates-ը, Yell Extreme Park-ը, GTex-ը և Kino Hayastan-ը, որոնք նույնպես նվերներ են տրամադրել գրքասերներին:
Կարդացեք նաև
Հարցին, թե որ գրքերն են ամենաշատը գնել նախագծի շրջանակներում, Անի Ղազարյանը պատասխանեց. «Ավելի շատ գնել են Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»-ը, նաև Ջոջո Մոյեսի գրքերն են բավականին վաճառվել: Զավեշտալի էր, որ եղավ նաև մի երիտասարդ, որը 3 գիրք գնեց տարբեր աղջիկների համար»:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ