Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարազատները շոկի մեջ են եղել` իմանալով Լապշինի արտահանձնման լուրը: Շոկի մեջ են եղել նաև Ռուսաստանի և Իսրայելի հյուպատոսները, քանի որ նրանց ևս տեղյակ չեն պահել արտահանձնման մասին:
Aravot.am-ը բլոգեր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանից հետաքրքրվեց` զրուցե՞լ է Լապշինի կնոջ հետ, ի՞նչ են պատրաստվում նրա հարազատներն անել:
Պարոն Քոչարյանը պատասխանեց. «Եկատերինայի` Լապշինի գործընկերոջ և քաղաքացիական կնոջ հետ կապ եմ պաշտպանում: Հարազատները շոկի մեջ են եղել: Իհարկե, հղվել են նաև բողոքի նոտաներ»:
Հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է արտահանձնված բլոգերն իր խնամքի ներքո երեխաներ ունի՞, պարոն Քոչարյանը պատասխանեց, թե իր տեղեկությունների համաձայն երեխաներ չունեն: Հայ բլոգերը տեղեկացրեց, որ Ռուսաստանի և Իսրայելի դիվանագետները Բաքվում հիմա փորձում են հասկանալ ինչ մեղադրանք է Լապշինին ներկայացվել և ինչպես կարելի է կազմակերպել, որ դատն անցնի արդարացիորեն, ու փորձելու են Լապշինին ինչ-որ ձևով Ադրբեջանից դուրս հանել:
Կարդացեք նաև
Ըստ Տիգրան Քոչարյանի` պետք էր անել այնպես, որ Լապշինը չհայտնվի Ադրբեջանում: Նա հավելեց. «Ցավոք, Լապշինի ճակատագիրը վճռում են երկու մարդ, որոնք աշխարհի կողմից համարվում են բռնապետներ, և շատ հաճախ իրենց քմահաճույքով են իրենց երկրում տեղի ունենում իրադարձությունները: Խոսքը Ադրբեջանի և Բելառուսի նախագահների մասին է: Այստեղ միջազգային ճնշում պետք է լինի: Լապշինը բախտավոր է նրանով, որ երկու բավականին ուժեղ երկրների` Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է»:
Այսօր պարզ դարձավ նաև, որ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ինտերպոլը երբեւէ հետախուզում չի հայտարարել եւ նրան 2016 թվականի դեկտեմբերի 15-ին վերջինիս պահանջով չեն ձերբակալել, ինչպես վերջերս հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հարցին, թե այս հանգամանքն ակնհայտ չի՞ դարձնում Լապշինի արտահանձնման` Լուկաշենկոյի շահագրգռվածությունը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Այն մեղադրանքները, որ առաջադրվել են Լապշինին, քաղաքական են, դրա տակ որևէ քրեական բան չկա: Լուկաշենկոյի` հայտնի մամուլի ասուլիսից պարզ էր, որ որոշ բաներից ինքը կամ տեղեկացված չէ, կամ փորձում է իրականությունը խեղաթյուրել: Դա ոչ միայն Ինտերպոլի մասով է, այլ ընդհանրապես, մարդիկ միանգամից կռահեցին, որ լուրջ անճշտություններ կան Լուկաշենկոյի խոսքում: Լավ է, որ մեր ոստիկանությունը դիմեց Ինտերպոլին և այսօր տեղադրեց տեղեկատվություն, որ Ինտերպոլով Լապշինին ման չեն եկել»:
Տիգրան Քոչարյանը պարզաբանեց, թե Ինտերպոլով հետախուզում հայտարարելը յուրահատուկ գործընթաց է, քանի որ ոչ բոլոր հարցումներն է Ինտերպոլն ընդունում և հայտարարում համապետական որոնում մարդու նկատմամբ: Առավել ևս, եթե զգացվում է, որ այնտեղ կա քաղաքական պահ, և երկիրը դիմել է տվյալ մարդուն հենց քաղաքական նկատառումներով կալանավորելու համար և տեղափոխելու իր մոտ, բնականաբար Ինտերպոլը դիմումը մերժում է:
Ըստ հայ բլոգերի` կասկածելի էր նաև այն, որ ադրբեջանցիներն ասում էին, թե շուրջ 13 երկրի դիմել են Լապշինի համար, բայց մերժում են ստացել. «Այս ամենից պարզ է դառնում, որ Լապշինը զոհ է դարձել Ադրբեջան-Բելառուս նախագահական մակարդակով ընկերական հարաբերությունների: Դա եղել է միջպետական պայմանավորվածություն: Լուկաշենկոյի շահագրգռվածության մասին խոսելով` Տիգրան Քոչարյանը նորից հիշեցրեց հայտնի ասուլիսի ժամանակ Լուկաշենկոյի այն զարմանքը, թե ո՞նց` Լապշինը Բելառուսո՞ւմ է, և հենց այդ օրվանից հետո նրան արտահանձնեցին Ադրբեջանին:
Հարցին` Լապշինի շուրջ ծավալված իրադարձություններում արդյոք բավարա՞ր էին ՀՀ ԱԳՆ-ի կողմից կատարված քայլերը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Սովորաբար բավականին քննադատական վերաբերմունք ունեմ մեր ԱԳՆ-ի նկատմամբ, բայց այս պարագայում կարող եմ ասել, որ Լապշինի գործի հետ կապված լավ աշխատանք է տարվել: Ցավոք, ոչ ամբողջ կառույցն է լավ աշխատել:
Օրինակ` Բելառուսում մեր դեսպանի աշխատանքից եմ դժգոհ: Այն ժամանակ, երբ տեսանք, որ Բելառուսը սկսում է պրոադրբեջանական դառնալ որոշ հարցերում, որևէ արձագանք չկար, ու երևում էր, որ վատ աշխատանք է տարվում Բելառուսի ուղղությամբ»:
Դառնալով այն հարցին, թե ինչ պետք է արվի ստեղծված իրավիճակում` Տիգրան Քոչարյանն ասաց, թե նախ պետք է փորձել այնպես անել, որ ապագայում նման դեպքերը կանխարգելվեն, և որևէ երկրի նախագահի մտքով չանցնի, որ կարելի է հենց այնպես մարդուն վերցնել ու հանձնել այլ երկիր:
Պիտի Բելառուսի նախագահը հասկանա, որ եթե շարունակի միակողմանի քայլեր անել, ոչ դաշնակցային հարաբերություններ ունենա Հայաստանի հետ և փորձի վատություն անել Հայաստանին, Հայաստանը դրա պատասխանը կտա: Ըստ պարոն Քոչարյանի` վերջապես պետք է Լուկաշենկոյին պարտադրել հասկանալ, որ պետք է չեզոքություն պահպանել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ