Այսօր ՀՔԾ-ի շենքի դիմաց, ի պաշտպանություն «Սասնա ծռերին» «հաց բերող» Արթուր Սարգսյանի ակցիայի ժամանակ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը դիմեց ոստիկաններից մեկին ու հորդորեց՝ «Վովա Գասպարյանին ասա, թող գա դերասանության դասերի: Ես վաղուց եմ իրեն խոստացել, որ դաս կտամ: Էդ մեծ կատակերգուին ասա, թող գա դասերի»:
Հետո ակցիայի մասնակիցները ոստիկանին հորդորեցին հետը ՀՔԾ-ի շենք երկու հատ հաց տանել: Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն այսօր բողոքի ակցիան սկսել էին՝ «հարամ լինի ձեր հացը» գրությամբ մի տոպրակ հաց ՀՔԾ-ի շենք մտցնելու փորձով: Հիշեցնենք նաեւ, որ երեկ Արթուր Սարգսյանին կրկին երկու ամսով կալանավորելու որոշում է ընդունվել:
«Ես ձեր մոտ եմ եկել»,- ասաց ոստիկանը՝ հրաժարվելով հացից: Ակցիայի մասնակիցներն էլ ասացին՝ այդ դեպքում Արթուր Սարգսյանի լուսանկարով պաստառը բռնիր ու կանգնիր, ինչից ոստիկանը հրաժարվեց:
Նշված ոստիկանը հետո դիմեց Թամար Հովհաննիսյանին, հետաքրքրվեց՝ ինչ է նրա անունը. «Ես օրինակ ներկայանում եմ՝ Արաբկիրի ոստիկան..» :
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ մեկ ուրիշ ոստիկան, հետաքրքրվեց՝ ինչ են պահանջում, Սյուզան Սիմոնյանն ասաց՝«Այս հիմնարկի աշխատակիցների համար հաց ենք բերել, որ հացի արժեքն իմանան»: Ոստիկանն էլ շնորհակալություն հայտնեց, հորդորեց չփակել շենքի մուտքը եւ չխանգարել այդ հիմնարկի բնականոն աշխատանքը:
Ակցիայի մասնակիցներն ակցիան եզրափակեցին իրենց բերած հացը անցորդներին բաժանելով ու հիշեցնելով Արթուր Սարգսյանի արարքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ