«Մարզերում մեզ դիմավորում էին`ասելով`Ծառուկյանի կուսակցության պատգամավորները եկան»,-այսօր կայացած ԲՀԿ 9-րդ համագումարում իր խոսքում նշեց կուսակցության արդեն նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Սա ասելով` նա նկատի ուներ այն, որ ԲՀԿ-ից եւ քաղաքականությունից հեռանալուց հետո էլ հանրության ենթագիտակցության մեջ Գագիկ Ծառուկյանը մնում էր ԲՀԿ նախագահ:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար 2015 թվականին դժվար էր առանց Գագիկ Ծառուկյանի ստանձնել ու տանել այդ պատասխանատվությունը. «Բոլորիս ու անձնապես ինձ համար նաեւ հուսահատության պահեր են եղել: Ունեցել ենք կորուստներ: Բայց այդ դժվար պահերին վճռորոշ է եղել Գագիկ Ծառուկյանի խոսքը`սրբորեն պահեք եւ պահպանեք իմ ստեղծածը»:
Ելույթի ավարտին Նաիրա Զոհրաբյանը բղավեց` no pasaran`հաղթելու ենք:
Համագումարի ավարտից հետո տիկին Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ նախընտրական ցուցակի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են:
Կարդացեք նաև
Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում
Խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն դաշինք է կազմելու նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության հետ: ՀՀՇ-ի, «Միասնություն» շարժման, «Առաքելություն», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունների ղեկավարներին առաջարկվել է ընդգրկվել այս երկու կուսակցությունների ցուցակներում: Սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՍԴՀԿ) հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, ՌԱԿ-ի հետ համագործակցությունն, ինչպես հայտնի է, դադարեցվեց ՌԱԿ սփյուռքյան կառույցների եւ հայաստանյան կառույցի ներքին անհամաձայնությունների պատճառով: Հստակություն չկա նաեւ ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ համագործակցության մասով:
Ի դեպ, այսօր ԲՀԿ համագումարին ներկա էին Տիգրան Ուրիխանյանն իր թիմակիցներով, Առաքելություն եւ ՀԱՍԿ կուսակցությունների ղեկավարները:
Համագումարից հետո եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Իշխան Զաքարյանը հեռացան հետնամուտքով`չշփվելով լրագրողների հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ