Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքերով, տնտեսության վիճակը չափելու ցուցիչներից է վարկեր-ավանդներ հարաբերակցությունը, որը մեր երկրում այնքան է մոտեցել, որ մեր ավանդներն ու վարկերը գրեթե հավասարվել են: Եթե ժամանակին վարկերի թվից հանած ավանդներ այդ տարբերությունը կազմում էր 480 միլիարդ դրամ, ապա ներկայումս 23 միլիարդի կարգի է, ինչը նշանակում է, որ եթե ավանդներն աճեն եւ վարկերին գերազանցեն, վարկերից եկած տոկոսները բավարար չեն լինելու ավանդների դիմաց վճարումներն անել:
«Այստեղ որոշակի ռիսկ եմ տեսնում, որովհետեւ տնտեսությունն այդ գումարները չի կարողանում կլանել: Մարդիկ նախընտրում են ավանդ դնել եւ վարկերը սկսում են աճել ավելի դանդաղ»:
Այսօր պարոն Խաչատրյանը «Տեսակետ» ակումբում խոսեց նաեւ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած արտահանման վերաբերյալ ցուցանիշներից ու սպասվող ընտրությունների ֆոնին տնտեսական զարգացումներից:
Անդրադառնալով այն ցուցանիշին, թե արտահանումը 20 տոկոսով աճել է, որի կառուցվածքում 50 տոկոսը գնում է դեպի Ռուսաստան, Վիլեն Խաչատրյանը վերապահմամբ է սրան վերաբերում: Տնտեսագետի մոտ հարց է առաջանում` եթե մի տնտեսություն արտահանման այդքան աճ է ապահովել, ապա պետք է ընդամենը մեկ ցուցանիշ` էլեկտրաէներգիայի ծախսի ցուցանիշն ավելանա.
Կարդացեք նաև
«Այսինքն` դա արտադրություն է, իսկ արտադրությունը ենթադրում է նաեւ որոշակի առումով ռեսուրսների օգտագործում: Իսկ մենք տեսնում ենք, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը մեր երկրում կրճատվել է 6,2 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ: Այսինքն` սա ինդիկատոր է, որ փաստում է` մեր չարտադրածի հաշվին արտահանելու մասին»:
Վիլեն Խաչատրյանի կանխատեսմամբ, նախընտրական այս տարում մարտ-ապրիլին լավ ենք ապրելու. «Ակտիվությունը կենտրոնանալու է այդ երկու ամիսների վրա, այդ ամիսներին մեզ համար լինելու է դրական զարգացումների ժամանակահատված. Գումարների հոսք, եւ դրանք անդրադառնալու են տնտեսական ակտիվության վրա»:
Որից հետո, ըստ տնտեսագետի, քաղաքական որոշակի անհանգստություններ են սպասվում` ներկուսակցական եւ ներքաղաքական` առանձին կուսակցությունների` իշխանություն-ընդդիմության միջեւ:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ի հարցին, թե իսկ ո՞ր ամիսներին կոռուպցիան կաճի, քանի որ ընտրություններին ընտրակաշառք բաժանած կուսակցությունները փորձելու են հետ բերել այդ գումարները, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մարդիկ, որոնք իրենց օրվա խնդիրը լուծելու համար կվաճառեն իրենց ապագա հինգ տարիների բարեկեցությունը, հետագա ամբողջ ժամանակահատվածում ստիպված կլինեն նաեւ վճարել նրա համար, ինչ գործարքի որ գնացել են այդ ամիսների ընթացքում: Դա կլինի այն ժամանակահատվածը, որը հնարավորություն կտա իշխանություն ունեցողին այդ լծակը կիրառել վերջինիս նկատմամբ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ