Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ- ին հաց էին տարել՝ «Հարամ լինի ձեր հացը» գրառմամբ

Փետրվար 10,2017 17:18

Այսօր «Հայ կանանց» ճակատի անդամները մի տոպրակ հաց՝ «հարամ լինի ձեր հացը» գրառմամբ,  փորձեցին մտցնել ՀՔԾ, բայց նրանց չհաջողվեց: Ոստիկաններն արգելեցին ու հրելով՝ դուրս հանեցին նրանց շենքից:

«Հայ կանանց» ճակատի անդամներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում  ՀՔԾ-ի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերին» «հաց տարած»  Արթուր Սարգսյանի: Հիշեցնենք, որ նրան երեկ կանչել էին ՀՔԾ, ավելի ուշ դատարանի որոշմամբ, փոխել խափանման միջոցը եւ կրկին  երկու ամսով կալանավորել:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու համար:

«Այստեղ ենք, ուզում ենք՝ իշխանությունների բարոյազրկված դեմքը ցույց տալ, որ ժողովուրդը ոտքի կանգնի ու իր բողոքն արտահայտի»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակից Սյուզան Սիմոնյանը:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էլ շարունակեց. «Ուզում եմ՝ այդ տղային ազատ արձակեն, որովհետեւ նրան կալանավորելու իրավունք չունեն, հիմքեր չունեն: Դեկտեմբերի 31-ին, երբ  դուրս  եկավ կալանավայրից, նա  այնքան սեր ու գնահատանք տեսավ ժողովրդի կողմից»:

Տիկին Հովհաննիսյանի տվյալներով, նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժեր Արթուր Սարգսյանին առաջարկել են խորհրդարանական ընտրություններում իրենց ցուցակով թեկնածություն առաջադրել, բայց բոլորին մերժել է. «Որովհետեւ «Սասնա ծռերի» պես  չի հավատում ընտրություններին: Մենք գիտենք՝ իր համար կռիվ էին տալիս, որ անցնի  իրենց կողմը: Այդ մարդուն այդպիսի հիվանդություններով, նորից կալանավորելը անբարոյության գագաթնակետն է»:

Թե ինչու են Արթուր Սարգսյանին նորից կալանավորել հարցի պատասխանը տիկին Հովհաննիսյանին հայտնի է, ասաց. «Որ ապրիլի 2-ին 109 զոհված, մատաղ եղած երեխեքի օրը, գնան նորից նստեն էդ տեղերում, իրենց  լափելիքը լափեն, դաշտն են մաքրում»:

Սյուզան Սիմոնյանն էլ պատմեց, որ հինգ օր առաջ էր խոսել Արթուր Սարգսյանի հետ  ու տեղեկացել, որ իրեն վատ է զգում. «Համաձայնեցված պետք է ներկայանար երկուշաբթի, ինչո՞ւ են ձերբակալել, ո՞ւմ հրամանով են այս սրիկայություններին դիմում: Ի՞նչ է նշանակում սա, նա  ընդամենը հաց է  հասցրել սոված մարդկանց, դրա համար պետք է ձերբակալե՞լ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    պարզապէս որպէս տեղեկատվության առարկայական ամբողջացում՝

    https://www.aravot.am/2016/09/19/736960/

    « Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժսարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը: »

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728