«Շատ հուզված եմ, այս անվերապահ վստահությանը մենք հասել ենք մեր կատարած գործով»,- ԲՀԿ 9-րդ համագումարում ունեցած իր ելույթն այսպես սկսեց կրկին կուսակցության նախագահ ընտրված Գագիկ Ծառուկյանը: Շնորհակալությունից հետո Գագիկ Ծառուկյանը հիշեց`իր « քաղաքականության փակված էջը բացելուց հետո» հնչած «շահարկումները», թե ինքը քաղաքականություն է վերադառնում իշխանության հետ համաձայնեցված . «Ասում էին` տեսեք` պայմանավորված էր, տեսաք` 15 թվականին ինչ կատարվեց: Ծառուկյան Գագիկը քայլ է կատարել ոչ թե ունեցվածքի, այլ Աստծո կամոք: Մարդ պետք է բարի, կամեցող լինի, մարդկանց վերևից չնայի, և դրա շնորհիվ Աստված իրեն տալիս է, չորը կանաչում ա: Ասում էին` դե, էն անգամ Ծառուկյանը չգնաց ընտրություններին, էս անգամ կգնա՞, էլի չի գնա: Սիրելի լրագրողներ, Գագիկ Ծառուկյանը չէր կարող իր ազգին տանել արյունահեղության: Ժողովուրդը հոգսի մեջ է, վարկերի ու ծախսերի մեջ է: Մարդկանց պետք է ձեռք մեկնել, աշխատող ուժին չի կարելի նեղել: Բարեգործությամբ երկիր չես կարող պահել, այլ հակառակը` պայման ու հնարավորություն պետք է ստեղծես իր բարեկեցիկ կյանքի համար»:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյությում
Գագիկ Ծառուկյանը նաեւ տնտեսական վերլուծություններ արեց ու հայտարարեց, որ չլուծվող խնդիր չկա. «Հարկավոր է բնական պաշարների հարկերն ու տուրքերը ավելացնել: Վերանում է փոքր ու միջին բիզնեսը, թե չէ մի տարի հետո դա էլ կվերանա: Դա նշանակում է, որ երեք տարով ՓՄՁ-ներին պետք է ազատել հարկերից: Իմ ժողովրդի առաջ ես պարտք ունեմ: Պաշտոնի համար չեմ, գումարի համար չեմ, բոլորդ էլ գիտեք` ամեն ինչ ունեմ: Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել: Մարդիկ ամեն օր ճանապարհս են փակում, նամակներ են գրում: Մեր ազգի մեջ կա նախանձը, եթե նախանձը չլինի, շատ բան կլինի: Նորից եմ եկել, որ իմ պարտքը կատարեմ: Մեր ժողովրդին ինչ խոսք եմ տվել`իրականություն եմ դարձնելու»:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում:
Կարդացեք նաև
Ելույթի ավարտին ԲՀԿ նախագահը կուսակիցներին կոչ արեց հարգալից լինել բոլոր քաղաքական ուժերի հանդեպ: «Բոլորի հանդեպ պետք է հարգալից լինեք: Վիրավորում է թույլ մարդը: Ուժեղ, հզոր մարդը իրեն նման բան թույլ չի տա: Բայց եթե որեւէ մեկը կփորձի ձեզ վիրավորել`ձեր պատիվը իմ պատիվն է, իրեն կդնենք տեղը, որտեղից որ եկել ա` ցույց կտանք: Թող իրենք ներկայացնեն իրենց ծրագիրը: Աստված մեզ պահապան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ