Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների վրա երեկ կառավարության շենքի հետնամուտքի մոտ, ինչպես Aravot.am-ին պատմել են զոհվածների ծնողները՝ Իրինա Ղազարյանն ու Նանա Մուրադյանը, ոստիկանները թքել են նրանց վրա, քաշքշել, եւ ուժի կիրառմամբ փորձել նստեցնել ոստիկանական մեքենան:
Aravot.am-ը տիկին Ղազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք դեպքի կապակցությամբ գրավոր հայտարարություն են տվել ոստիկանությունում: Իրինա Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ փորձել են հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, բայց ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը նրանց վստահեցրել է, որ Գասպարյանն այդ պահին չի կարող ընդունել:
Տիկին Ղազարյանի պատմելով՝ «Հետո Հակոբյանին ես եւ Նանա Մուրադյանը պատմեցինք տեղի ունեցածը: Մենք պնդեցինք, որ կառավարության շենքի տեսախցիկներով թող նայեն, ամեն ինչ պարզ երեւում է, քաշքշոցը, թե ոնց են մեզ բոմժ ասում, ոնց են թքում: Անունն էլ տվեցի՝ Գեւորգ է Նանայի վրա թքողի անունը, իմ վրա թքողի անունը դեռ չեմ պարզել: Ցանկության դեպքում անպայման տեսախցիկի ձայնագրություններով ամբողջ եղածը կտեսնեն, ասեցինք՝ հանեք տեսախցիկներն ու ուսումնասիրեք»:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ այս ծնողների նկատմամբ ոստիկանները, մեղմ ասած՝ բռնի ուժ են կիրառում:
Կարդացեք նաև
Իրինա Ղազարյանը վրդովված ասաց, որ 7-րդ տարին է անընդհատ դիմումներ է գրում որդու ՝ բանակում սպանվելու գործով, քրեական գործում որեւէ առաջընթաց չկա.«Տղաս հետախույզ էր. 3 տարի առաջ էլի կառավարության շենքի մոտ, բանակում տղայիս հետ էլի հետախույզ մի տղա, որ հիմա ոստիկան է աշխատում, ասաց՝ «Մայրիկ ջան, ձեր տղային սպանել են»: Դա էլ է տեսախցիկների առաջ ասվել: Այսինքն՝ շատ փաստեր կան, շատ: Հիմա էլ էս թքելու ու քաշքշելու փաստերն էլ կան, տեսնենք՝ կբացահայտե՞ն, կպատժե՞ն»:
Տիկին Ղազարյանը վստահեցրեց՝ իրենք խոսել են նաեւ Արմեն Հակոբյանի հետ (ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ. Ն.Բ. ). «Հայտարարություն ենք տվել ոստիկանությունում, ստորագրել ենք: Սպասում ենք ընթացքին ու արդյունքներին»:
Aravot.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից վստահեցրին, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է անցկացվում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ