Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Իսկ շտաբը կգործի Գյումրու կենտրոնում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղից է, Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի կնքահայրն է: Նիկոյանը պահպանել է իր կապերը շիրակցիների հետ, հաճախակի է իր գործընկեր պատգամավորներին հյուրընկալում իր գյուղ, հատկապես Սոգյութլվա հերոսամարտին (այն սառնաղբյուրցիների՝ 1918 թվականի մայիսի 18-22 –ը թուրքերի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերում տարած հաղթանակն է) նվիրված միջոցառումներին:
Նշենք, որ այս գյուղից է նաեւ ՀՅԴ վարկանիշային թեկնածուներից մեկը՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև