Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության ոլորտում հավաքագրվել են 420 մլն ամերիկյան դոլարի ներդրումային առաջարկներ

Փետրվար 10,2017 15:45

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերը: Նկատելով, որ ներդրումային ծրագրերի խրախուսմանը և խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ակտիվ գործողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, ներառյալ շրջակա միջավայրի պահպանությանը` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ  ՀՀ բնապահպանության նախարարության որդեգրած քաղաքականությունը նպատակաուղղված է շրջակա միջավայրի պահպանության նպատակով ֆինանսական ռեսուրսների համախմբմանը և նպատակային ծրագրերի իրականացմանը: Այդ խնդիրների լուծման համար կիրառվելու է 3 գործիք:

Ըստ նախարարի, ներկայում քննարկման փուլում են բնապահպանական և բնօգտագործման վճարները ամբողջությամբ շրջակա միջավայրին ուղղելու ծրագրային առաջարկները. «Ինչպես գիտեք, պետական բյուջեում յուրաքանչյուր տարի ձևավորվում է շուրջ 70 մլն ամերիկյան դոլարին համապատասխան դրամական վճարներ, որոնցից, ցավոք, շատ քիչ մասն է ուղղվում շրջակա միջավայրի բարելավման կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Մեր առաջին խնդիրն այս բյուջետային միջոցները տեղափոխել շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի, այդ թվում նաև համայնքներում և կոնկրետ տարածքներում ներդրումային ծրագրերի իրականացմանը` խնդիր ունենալով ապահովել շրջակա միջավայրի բարելավումը թե´ ներկա, թե´ ապագա սերունդների համար, բավարար հիմքեր ստեղծել զարգացման տեսակետից»: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կան պայմանավորվածություններ միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում նաև «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ, որ եթե այս մեխանիզմն աշխատի, ապա իրենք պատրաստ են այդ գումարների մինչև 50 տոկոսի չափով դրամաշնորհներ տրամադրել:

Բնապահպանական խնդիրների լուծման համար կարևորվել է նաև Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և միջազգային փորձում հաջող կիրառում ունեցող «Բնապահպանական ծրագիր պարտքի դիմաց» գործիքը: Բնապահպանության նախարարը բերել է Ճապոնիայի  և  Գերմանիայի օրինակը, որոնք  հանդես են գալիս առաջարկությամբ, ըստ որի, երկրների միջև ձևավորված պարտքի որոշակի մասը կզիջվի, եթե դրա դիմաց իրականացվեն բնապահպանական ծրագրեր:

Երրորդ կարևոր գործիքը մասնավոր ներդրումներն են, որոնք կարող են արդյունավետորեն ներգրավվել բնապահպանության ոլորտում` ոչ միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, պատասխանատու  հանքարդյունաբերության, այլև առաջին հերթին կոնկրետ ներդրումային ծրագրեր իրականացնելու միջոցով:

Բնապահպանության նախարարը հայտնել է, որ հավաքագրել են  առաջարկներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 420 մլն ամերիկյան դոլար, որից այս պահին կոնկրետ ծրագրերի տեսքով իրականացվում են շուրջ 185 մլն. դոլարի ներդրումային, դրամաշնորհային ծրագրեր, իսկ 2017թ.ին շարունակվող, կամ սկսվող ծրագրերի ծավալը կազմում են շուրջ 11,5 մլն դոլար:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ոլորտային  մի քանի ծրագրերի ծավալները և դրանց իրականացման արդյունքում ակնկալվող բնապահպանական, սոցիալական և տնտեսական արդյունքները:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728