Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիական բրենդը մուտք է գործում Հայաստան

Փետրվար 10,2017 15:05

Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրեցին անցած երկու օրվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընդունելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»,-նշել է Լևոն Ալթունյանը։

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ անգամ առաջատար կլինիկաներն առավել մեծ արդյունքներ են ապահովում համագործակցության արդյունքում։ Հայ-ֆրանսիական այս համագործակցության նպատակը Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման և նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով արդյունավետ բուժման ապահովումն է։
Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ծանոթացրել է իրենց կլինիկայի կողմից մշակված մոդելին։ «Բժշկության, խնամքի և գիտության համակցված մեր մոդելը պատրաստ է ներդրվելու այն երկրներում, որտեղ առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքները և կա քաղցկեղի դեմ պայքարի խնդիր»,-նշել է նա` ներկայացնելով ներդրման քայլերի հաջորդականությունը։ Այն ենթրադրում է ենթակառուցվածքների բարելավում, բուժման բոլոր տեսակների կատարելագործում և մասնագետների թիրախավորված վերապատրաստում։ Նաև հավելել է , որ հայ բժիշկների մասնագիտական հմտությունները և ակադեմիական գիտելիքները բժշկության և գիտության համակցմամբ ֆրանսիական մոդելի ներդրման ամուր հենք կդառնան։

«Նախարարությունը հռչակել է ուռուցքաբանության ծառայությունները հասանելի, մատչելի և որակյալ դարձնելու ռազմավարություն։ Իմ խորին համոզմամբ Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավմանը միտված համագործակցությունն արդյունավետ կլինի,-շեշտել է նախարար Լևոն Ալթունյանը` կարևորելով ինչպես ոլորտի նորագույն մեթոդներն ու բուժման առաջատար մոդելներն արագ մեր մասնագետներին հասցնելու, այնպես էլ` նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնելու հնարավորությունը։

«Գյուստավ Ռուսսի ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ` Փարիզում կազմակերպելով մեր մասնագետների վերապատրաստումները, անցկացնելով համատեղ գործնական վարժանքներ և գիտաժողովներ։ Այժմ գնում ենք համագործակցությունը շատ ավելի խորացնելու և մշտական դարձնելու ճանապարհով` նախատեսելով նոր կենտրոնի հիմնում»,-ամփոփելով ճեպազրույցը` ասել է Լևոն Ալթունյանը։

Բանախոսները նաև պատասխանել են լրագրողների հարցերին` վստահեցնելով, որ նախանշվող համագործակցությունը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում բարձրակարգ ծառայություների մատուցման երաշխիք կդառնա։
Ճեպազրույցից հետո հայկական և ֆրանսիական կողմը քննարկել են երկարատև համագործակցության ուղղությունները և նախնական ժամանակացույցը։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728