Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր նշած քաղաքական գործիչը քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանն է». Վահրամ Բաղդասարյանը՝ Ծառուկյանի մականվան մասին

Փետրվար 10,2017 14:00

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր ԲՀԿ ղեկավար է նորից հայտարարվելու Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի ազդեցությամբ նա հեռացավ քաղաքականությունից, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանն է նորից դռները բացել նրա առաջ, որ վերադառնա: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ համագումարը դեռ չի սկսվել, եւ ենթադրություններ պետք չի անել. «Դա իրենց ներքաղաքական խնդիրն է, թե ով կդառնա իրենց առաջնորդը, բայց կրկին անգամ ասում եմ՝ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն որեւէ մեկին չի հեռացնում քաղաքականությունից, այլ պարզապես տալիս է երեւույթին գնահատականներ: Այժմ այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, եւ ակտիվությունը, դա իր որոշման խնդիրն է եղել»:

Հարցին՝ հիմա ՀՀԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը չարիք չէ՞, նա պատասխանեց, որ եթե պատմական էքսկուրս կատարենք, թե ինչ ձեւով էր այն ժամանակ հանդես գալիս քաղաքական դաշտում Ծառուկյանը եւ ինչպես հետո՝ կտեսնենք, որ դրանք տարբեր երեւույթներ են: Նա ասաց, որ Ծառուկյանը օգտվում է իր Սահմանադրական իրավունքից՝ մասնակցելու ընտրություններին. «Նախկինում հեղափոխական կոչեր էին` փողոցում հեղափոխություն անել, իշխանափոխություն անել, արտահերթ ընտրություններ, որը, բնականաբար, միտված էր ներքաղաքական իրավիճակը եւ անդորրը խախտելուն: Դրանք էապես տարբեր երեւույթներ են: Գնահատականները տրվել են երեւույթներին»:

Հարցին՝ այն ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն էր արգելել ՀՀԿ-ականներին Գագիկ Ծառուկյանին մականունով կոչել, հիմա արգելվա՞ծ է, թե՞ թույլատրված է՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը եղել է իմ ընկերը եւ իմ ընկերն է: Ես իմ ընկերներից որեւէ մեկին նման որակումներ չեմ տալիս: Ձեր նշած քաղաքական գործիչը քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանն է»:

Հարցին՝ 2015-ի եւ 2017-ի տարբերությունները նշեցիք Գագիկ Ծառուկյանի վարքագծում, բայց Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն իր ընդդիմադիրի քաղաքական գիծը չի փոխելու, որտեղի՞ց ձեզ երաշխիք, որ Ծառուկյանը նույն կոչերը չի անելու, իր ամենամեծ գործը չի համարելու Հայաստանը չարիքի իշխանությունից ազատելը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Երեւույթներին տրվում են համապատասխան գնահատականներ»: Նա ասաց, որ դեռ ԲՀԿ-ն կարող է այլ ձեւաչափով ներկայանալ, բայց, համենայնդեպս, իրենց գործն է, թե որ դաշտում են հանդես գալու. «Այժմ նրանք իրենց սահմանադրական իրավունքներն են իրականացնում: Ընտրություններից հետո, եթե նրանք նորից կգնան այլ ուղղությամբ, մենք կտանք մեր գնահատականը: Այժմ ամեն ինչ գնում է հանգիստ, հանդարտ՝ սահմանադրական ճանապարհով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728