Այս պահի դրությամբ որևէ կուսակցության կամ դաշինք առաջադրման փաստաթղթեր չեն ներկայացրել ԿԸՀ: Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա անդրադարձավ հարցին, որ ընտրական գործընթացը բարդ է եւ հասկանալի չէ ընտրողի համար: Տիգրան Մուկուչյանն այդ որակումը չափազանցված որակեց՝ ասելով. «Կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են՝ կապված քվեակարգի հետ, այսինքն՝ թե ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպես պետք է իրականացվի դրանով քվեարկությունը և այլն: Այդ մասին համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, և առաջիկայում արդեն, երբ առաջադրումները կլինեն, վստահ եմ, որ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ: Դա ընտրողներին հնարավորություն կտա քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»:
Ապա ԿԸՀ նախագահը հավելեց. «Վարկանիշային ցուցակների հետ կապված մտահոգություն է հնչում, որ ամենաբարդը, ամենաանհասկանալին այդտեղ է, ամեն մի ընտրատեղամասից քանի՞ պատգամավոր է անցնելու և ինչպե՞ս է լինելու վարկանիշային ցուցակում: Նախ, առաջին հերթին մոռանում ենք «ռեյտինգային» եզրույթը, քանի որ դա «ռեյտինգային» չէ, դա ընդամենը տարածքային ցուցակ է: Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար նաև կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն՝ կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է երկու մասից…»:
Ձայների հաշվարկի մեխանիզմի առնչությամբ էլ Տիգրան Մուկուչյանը նշեց. «Առաջին՝ որոշվում է, թե ովքեր են հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց ձայնի շեմը, որոշվում է մանդատների քանակը: Դրանց կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների, մյուս կեսը՝ տարածքային ցուցակի թեկնածուների միջև: Տարածքային ցուցակների պարագայում հիմք է ընդունվում տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեների քանակը: Դրանցով որոշվում է, թե յուրաքանչյուր տարածքում որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը»:
Կարդացեք նաև
Դիտարկմանն ի պատասխան, թե տարածքային ցուցակները «փողերի բաժանման» վտանգներ չե՞ն պարունակում, ԿԸՀ նախագահն անհամաձայնություն արտահայտեց:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ