ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու է շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր, ներառյալ այն 60 մլն դոլարը, որի վերաբերյալ օրերս հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների: Սրան կավելանան նաև մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շուրջ այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք տանում»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին վերահսկողություն սահմանել իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերի իրականացման նկատմամբ, ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալ, կատարված ծրագրերի շուրջ իրազեկում ապահովել՝ խրախուսելու հավելյալ ներդրումների ներհոսքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր ևս, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին