Լրահոս
Օրվա լրահոսը

«1994-ի հրադադարի ռեժիմը պետք է հարգվի». Շվեյցարիայի դեսպան

Փետրվար 10,2017 12:15

 

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը (լուսանկարում` աջից) վստահեցրեց, որ ՀՀ-ում ներդրումների ծավալով  Շվեյցարիան շարունակում է մնալ առաջին 20-յակում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում դեսպանը մի քանի թվային տվյալներ ներկայացրեց. «Հայաստանը և Շվեյցարիան արդեն գործընկերներ են ֆինանսական առումով, քանի որ ուղղակի ֆինանսական ներդրումներ են իրականացնում հայկական շուկայում, 2015 թվականին շվեցարական ընկերությունները 90 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացրել Հայաստանում: Կասկած չունեմ, որ ՀՀ-ն շարունակում է մնալ շվեյցարական լուրջ ընկերությունների ուշադրության ներքո որպես ներդրումային երկիր»:

Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է Շվեյցարիայի համար դեպի Իրան դուրս գալու հարթակ դառնալ, դեսպանը պատասխանեց. «Շվեյցարիան ունի Իրանի հետ լավ և զարգացող հարաբերություններ և շահագրգռված ենք դրանք շարունակելու: Շվեյցարիան ԱՄՆ շահերն է ներկայացնում Իրանում իր դիվանագիտական առաքելությամբ: ՀՀ-ն, անշուշտ, հետաքրքրություն ներկայացնում է՝ լինելով Իրանի անմիջական հարևանը և այն երկրներից, որ բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ և ունի ներուժ հարթակ ծառայելու Իրանի հետ տնտեսական հարաբերությունների և առևտրի ծավալման համար: Բայց այստեղ կրկին մասնավոր ընկերությունների որոշման հարցն է՝ անմիջապես Իրանի հետ գործե՞լ, թե՞ Հայաստանի միջոցով:  Իրանի հետ նման հարաբերություններ հաստատաելու և հարթակ ծառայելու համար Հայաստանն ինքը պետք է ավելացնի իր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ»:

Հարցին՝ ԼՂ հակամարտության գործընթացում Շվեյցարիան կարո՞ղ է դերակատարություն ունենալ , դեսպանը պատասխանեց. «Շվեյցարիան միշտ էլ իր հաստատակամությունն է հայտնել հակամարտության խաղաղ հանգուցալուծման հարցում: Մենք շարունակում ենք առաջարկել մեր ծառայությունները, որը ավանդապես Շվեյցարիայի արտաքին քաղաքական ուղղություններից է եղել:1996-ին և 2014-ին, երբ Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահությունն էր ստանձնել, մենք ինտենսիվ ներգրավված էինք ՀՀ-ի և հարևանների հարաբերությունների կարգավորման գործընթացում: 1994-ի հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և մադրիդյան սկզբունքները կայուն հիմք կարող են ծառայել հետագա հանգուցալուծման համար: Մենք ցանկանում ենք հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին օժանդակություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Սա պահանջում է  լուրջ դիվանագիտական աշխատանք նաև ԵԱՀԿ շրջանակներում»:

Գնահատելով հայ-թուրքական հարբերությունների ներկայիս վիճակը և պատասխանելով հարցին, թե Շվեյցարիան կարո՞ղ է վերստին ստանձնել միջնորդի դերը՝ Լուկաս Գասերը փաստեց, թե հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն այն է, որ դրանք գործնականում բացակայում են. «Սա բնական իրավիճակ չէ երկու երկրների միջև, որոնք երկար համատեղ պատմություն ու սահման ունեն: 2009-ի Ցյուրիխի արձանագրություններում մենք կարևոր դեր խաղացինք, որոնք նախաստորագրվեցին, բայց այդպես էլ չեն չիրականացվեցին: Այժմ էլ մենք ավելի քան պատրաստ ենք կրկին երկու կողմերին օժանդակություն տրամադրել այն ժամանակ, երբ նրանք դրան պատրաստ կլինեն»:

Դիտարկմանը, թե Շվեյցարիան այն եզակի երկրներից է, որտեղ ցեղասպանության ժխտումը քրեականացված է և հարցին՝ Փերինչեքի հարով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը ազդե՞լ է շվեյցարական օրենսդրության վրա, դեսպանն ասաց. «ՄԻԵԴ-ի վճռից հետո Շվեյցարիան պարտավոր չէ իր հակառասիստական օրենսդրությունը փոփոխել, մասնավորապես քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի մասին է խոսքը: Փերինչեքինը մասնավոր դեպք է»:

Դառնալով ՀՀ-ի խորհրդարանական մոդելի անցմանը՝ Շվեյցարիայի դեսպանը վստահեցրեց, որ աշխարհով մեկ նախապատվություն չկա. և՛ նախագահական, և՛ խորհրդարանական համակարգով լավ գործող և կայուն պետություններ կան: Ըստ դեսպանի՝ ՀՀ-ի համար ավելի կարևոր խնդիր է ամրացնել հասարակության մեջ փոխադարձ վստահության առկայությունը. «Սա մի բան է, որy, ըստ Շվեյցարիայի, ՀՀ-ում պակասում է: Քաղաքացիական հասարակության քաղաքական գործընթացներում ավելի մեծ ներգրավման կարիք կա»:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728