Փետրվարի 8-ին և 9-ին ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություններ է անցկացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2016թ.-ի ամփոփիչ խորհրդակցություններին ներկա են եղել նաև վերոնշյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները:
Խորհրդակցությունների ընթացքում Կոտայքի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը և Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը ՀՀ գլխավոր դատախազին զեկուցել են 2016թ.-ին նշված մարզերում քրեաիրավական ընդհանուր վիճակի և դատախազության կողմից կատարված աշխատանքների մասին:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առավելագույնս ուշադիր լինել հանցագործությունների կանխմանն ուղղված աշխատանքներում: Յուրաքանչյուր մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված, հանձնարարել է ձեռնարկել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ մարզերի իրավապահ բոլոր մարմինների հետ համագործակցությամբ դրական արդյունքի հասնելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազը հատկապես կարևորել է մարզերում հանցանք ծնող պատճառների բացահայտումը՝ ընդգծելով դրանց վերացման ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների առավել ակտիվ կիրառման անհրաժեշտությունը:
Մարզերում խորհրդակցությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարզերի դատախազներին հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիներից ստացվող դիմումների ընթացքի լուծման նկատմամբ, գործերի հրատապությամբ պայմանավորված՝ ընդունելություն կազմակերպել բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն խնդրահարույց հարցեր և դրանք քննարկելու անհրաժեշտություն:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը, յուրաքանչյուր մարզում, ելնելով տվյալ տարածքում հանցավորության վիճակից, տվել է կոնկրետ հանձնարարականներ: