Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքի ծուլության հետեւանքները

Փետրվար 10,2017 10:17

Ուզում եմ գրել նախընտրական պայքարի հետ առաջին հայացքից կապ չունեցող թեմայով` աշխատասիրության եւ ծուլության հավերժ հակադրման մասին: Միայն` առաջին, ամենամակերեսային հայացքից, որովհետեւ, եթե ավելի խորը նայենք, մեր քաղաքական գործիչներն էլ չեն ուզում առանձնապես աշխատել:

Երիտասարդ գործընկերներիցս մեկը նեղսրտած ինձ բողոքեց` «էս քնձռոտ գործի համար պիտի նման բա՞ն անեմ»: Իսկ ինձ թվում է` չկա աշխարհում որեւէ քնձռոտ գործ, ինչպես չկա աշխարհիս երեսին որեւէ քոսոտ երկիր: Քնձռոտությունն ու քոսոտությունը մեր ուղեղում են` անկախ նրանից, թե ինչով ենք չափում այդ «քոսոտությունը»: Եթե չափանիշը աշխատավարձն է, ապա քչից քիչ էլ է լինում, շատից էլ` շատ: Եթե չափանիշը բարեկեցությունն է, ապա անպայման կգտնվեն քոնից աղքատ եւ քոնից հարուստ երկրներ: Հայաստանն, ի դեպ, երբեք աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը չի դառնա, այնպես որ՝ փախչողները միշտ էլ փախչելու տեղ կունենան` մի տեղ, որտեղ «ավելի լավ է»:

Շահում են նրանք, ովքեր բոլոր բնականոն դժգոհություններին զուգահեռ աշխատում են, սիրում են իրենց արհեստը եւ ամեն օր կատարելագործում են այն: Երեւի, ծեծված ճշմարտություն է, բայց կրկնեմ` իրենց ասպարեզում հաջողության են հասել նրանք, ովքեր ստիպված են եղել հրաժարվել կյանքի որոշակի վայելքներից եւ իրենց գործում դրսեւորել են որոշակի, լավ իմաստով, «մոլեռանդություն»:

Այդ ամենը վերաբերում է հողագործին, երգչին, վարորդին, ինժեներին, լրագրողին, «դզող-փչողին»: Իսկ ինչո՞ւ դա չպիտի վերաբերի քաղաքական գործչին: Նրա աշխատանքը պետք է լինի, կարծում եմ, մտավոր: Բայց մեր քաղաքական գործիչների մեծ մասը, թող ներվի ասել, շատ թամբալ են: Նրանց թվում է` «երկրի կործանման» թեմայով մի երկու ճռճռան նախադասություն ասեն, եւ մանդատն իրենց գրպանում է: Մի պարզ օրինակ բերեմ:

Ենթադրենք, 2016 թվականին Հայաստանը լքել է 48 հազար մարդ: Ի՞նչ պետք է անեն քաղաքական գործիչներն այդ ահասարսուռ թիվը լսելիս: Նրանք պետք է մտքի աշխատանք կատարեն եւ փորձեն պատասխանել հարցի` իսկ ի՞նչ պետք է անել, որ այդքան մարդ Հայաստանից չգնա: Առաջարկում եմ տարբերակներ. ա/ նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ (պահպանելով, բնականաբար, այսօրվա գները), բ/ նվազագույն աշխատավարձը դարձնել 200 հազար դրամ, գ/ ՀՀԿ-ն ԲՀԿ-ով փոխարինել, դ/ հարուստների, այդ թվում` «ոչ իշխանական» հարուստների դղյակներն ազգայնացնել, վաճառել եւ ստացած փողը աղքատների մեջ բաժանել: Ո՞ր պարագայում մարդիկ Հայաստանից չեն գնա` որպես պատասխան կարող եմ մի քանի տասնյակ տարբերակ առաջարկել: Թե որքանով են դրանք իրատեսական եւ որքանով են կրճատելու արտագաղթը` քննարկելու հարց է:

Բայց մեր քաղաքական գործիչները չեն ցանկանում մտավոր աշխատանք կատարել: Նրանք պարզապես բացականչում են` 48 հազա՜ր, պատժել թալանչիների~ն, իշխանափոխությո՜ւն անել, տալ մարդկանց արդարություն եւ բարեկեցությո՜ւն: Լավագույն դեպքում` 48 հազարը բաժանում են ամիսների, շաբաթների, օրերի, ժամերի եւ րոպեների: Դասական ծուլության օրինակ է, որը կես սանտիմետրով անգամ չի մոտեցնում մեզ խնդրի լուծմանը:

…Վերջերս խոսում էի մեր հին` «չեմպիոնական» «Արարատի» ֆուտբոլիստներից մեկի հետ, ու նա պատմեց, որ իր կյանքում տեսել է բնատուր ավելի օժտվածություն ունեցող պատանիների, քան «Համլետի տղան» է (իմ զրուցակիցն այդպես էր անվանում Հենրիկ Մխիթարյանին), բայց շատ քիչ է տեսել նրա նման աշխատասեր, հավաքված եւ նպատակասլաց երիտասարդների:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. sahak says:

    Հենց այդ պատճառով էլ «Համլետի տղան» շարժեց Տեր-Պետրոսյանի խնամքով թաքցված խանդը: Բացի այդ, նախկին նախագահը վտնգ զգաց իր՝ «Անշնորք ազգ» Կոնցեպտի համար. անշնորք ազգը չէր կարող կուռքի չափ երկրպագել շեշտված աշխատասիրության ու համեստության դիրքերից հանդես եկող մեկին:

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան դասագրքային ճշմարտություններ եք գրում, որ Հայաստանի կյանքի հետ կապ չունեն:

    Ասում եք՝ Շահում են նրանք, ովքեր բոլոր բնականոն դժգոհություններին զուգահեռ աշխատում են, սիրում են իրենց արհեստը եւ ամեն օր կատարելագործում են այն: Երեւի, ծեծված ճշմարտություն է, բայց կրկնեմ` իրենց ասպարեզում հաջողության են հասել նրանք, ովքեր ստիպված են եղել հրաժարվել կյանքի որոշակի վայելքներից եւ իրենց գործում դրսեւորել են որոշակի, լավ իմաստով, «մոլեռանդություն»:

    Դե ասեք խնդրեմ ինչ վայելքներից են հրաժարվել ամեն տեսակ լիսկաները, շմայսները, չոռնիներն ու այլք, որ այսօր հարուստ ու ապահով ապրում են: Հակառակը՝ մեզ են հրաժարարեցրել ընտրության իրավունքից, արդար երկիր ունենալուց եւ մոլեռանդորեն թալանել են մեզ: Ձեր գրածը ճիշտ է նորմալ երկրում, բայց ոչ՝ Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728